Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈԼԿԼԵՆԴԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՄՆ-Ն ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ

Փետրվար 26,2010 00:00

Միացյալ Նահանգները հրաժարվել է Ֆոլկլենդի կղզիների շուրջ Արգենտինայի հետ ունեցած դիվանագիտական վեճում պաշտպանել Մեծ Բրիտանիային: Այդ մասին փոխանցել է «The Times» թերթը՝ շեշտելով, որ դեմոկրատ Բարաք Օբամայի աշխատակազմի դիրքորոշումը տրամագծորեն տարբերվում է այն դիրքորոշումից, որը մոտ 30 տարի առաջ որդեգրել էր հանրապետական Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմը:

1982թ.-ին, երբ կղզիների շուրջ վեճը հանգեցրել էր երկու պետությունների միջեւ ռազմական գործողությունների, Ռեյգանը պաշտպանել էր վարչապետ Մարգարետ Թետչերի կառավարությանը:

Ընդսմին, ամերիկյան ներկայիս վարչակազմն իր դիրքորոշումը բացատրում է նրանով, թե չի ցանկանում գժտվել Լատինական Ամերիկայի երկրների հետ, որոնք արդեն միահամուռ կերպով հայտարարել են այդ հարցում Արգենտինային աջակցելու մասին: «Մենք հաշվի ենք առնում ոչ միայն ներկա, այլեւ պատմական իրավիճակը, եւ մեր դիրքորոշումը չեզոքություն պահելն է»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը՝ հավելելով, թե Սպիտակ տունը ճանաչում է, որ կղզիները փաստացի կառավարվում են Միացյալ Թագավորության կողմից, բայց դրանց նկատմամբ ինքնիշխանության հավակնությունների հարցում կողմերից որեւէ մեկին չի աջակցում:

Վերլուծաբանների գնահատմամբ, ԱՄՆ-ի այդ դիրքորոշումը առայժմ բավարարում է բրիտանացի դիվանագետներին, որոնք Վաշինգտոնում նաեւ հայտարարում են, որ եթե Միացյալ Նահանգները պաշտպանի կղզիների շուրջ բրիտանա-արգենտինական բանակցությունների գաղափարը, ապա Լոնդոնը դրան բացասաբար կվերաբերվի, քանի որ բրիտանացիները մտադիր չեն այդ հարցը քննարկման առարկա դարձնել՝ համարելով, որ հարցը վերջնականապես փակված է, եւ կղզիները, որոնք Արգենտինայում ընդունված են Մալվինյան անվանումով, պետք է մնան Միացյալ Թագավորության կառավարման ներքո, որովհետեւ այդպես են ուզում կղզիների՝ բրիտանական ծագումով բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել