Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օգտվում են վատ սովորող, ճարպիկ աշակերտները»

Փետրվար 26,2010 00:00

Թեստային աշխատանքներից իրենց դժգոհությունն են հայտնում հայ մանկավարժները

«Դպրոցներում թեստային համակարգից օգտվում են հնարամիտ եւ վատ առաջադիմություն ունեցողները, իսկ գերազանցիկ ու խելացի աշակերտները՝ տուժում: Նախորդ տարիներին, եթե դասարանում ունենում էինք նվազագույնը 5-6 գերազանցիկ, 2009-ին չունեցանք: Գործնական աշխատանքները, որոնք աշակերտները հիմնականում տանն են անում, ընդ որում՝ ծնողների օգնությամբ, դժգոհություններ են առաջացրել նաեւ ծնողների շրջանում, այս համակարգի շնորհիվ ծույլիկները շահում են, որովհետեւ սրանից-նրանից արտագրում են ու բավարարվում նվազագույն դրական միավորով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Մադոյանը: Տիկին Մադոյանը նաեւ ասաց, որ թեստերը դժվարություններ են առաջացնում ոչ միայն դրանք կազմելու հարցում, այլեւ ամեն անգամ ուսուցիչը ստիպված է լինում դրանք անձնական գումարներով պատճենահանել եւ տրամադրել նվազագույնը 35 հոգուց բաղկացած դասարաններին:

Դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Հասմիկ Թերզյանն էլ ասաց, որ որպես երկար տարիների մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհի՝ ինքը դեմ է թեստային համակարգին. «Կրթական նոր համակարգը նպաստում է, որ բանավոր խոսքը երեխաների մոտ լրիվ կորչի, երեխաները վարժվում են ռոբոտային աշխատանքին, այսինքն՝ թեստ գրել առանց բանավոր խոսքի, եւ շատ դեպքերում ընդամենը մի նախադասություն են սովորում դասի ընթացքում, ու այդ նախադասությունը լինում է այդ մի թեստի պատասխանը եւ բարձր գնահատական են ստանում, իսկ դրա կողքին, գերազանցիկ, ակտիվ աշակերտը մի հատ թեստի պատասխան չիմանալու պատճառով ցածր գնահատական է ստանում, եթե նույնիսկ մենք յուրաքանչյուր աշակերտի մի թեստ ենք տալիս, ամեն հնարքներ բանեցնում են, որ, առարկան չիմանալով հանդերձ, դրական գնահատական վաստակեն, զանգում են հեռախոսներով, sms-ով հարց ու փորձ անում, ձեռքով-ոտքով իրար հասկացնում, բոլորին միաժամանակ հսկելը դժվար է, ու դասարանում աղմուկ-աղաղակ է լինում: Դեռ նախորդ տարիներին, երբ թեստերը նոր-նոր էին դուրս եկել, փորձեցի կիրառել եւ տեսա դրանց բացասական ազդեցությունը ու միանգամից հանեցի, իսկ հիմա էլ ուղղակի պարտադրված եմ՝ դրա համար եմ տալիս, նախորդ տարի ունեցել եմ 8-րդ դասարան, որտեղ անատոմիա էի դասավանդում, դասալսումների ժամանակ ներկաները բավականին տպավորված ու գոհ հեռացան, իսկ այս տարի ընդհանուր կենսաբանություն առարկան սկսել եմ թեստային համակարգով, երեխաները հիասթափված են՝ ոչ սիրում են այդ առարկան, ոչ էլ ուզում են պարապել, ես էլ մնացել եմ երկու քարի արանքում, չգիտեմ ոնց վարեմ, ինչ անեմ, մի ահավոր քաոսային վիճակ է»: Տիկին Թերզյանի խոսքով, ուսուցիչները հազիվ հասցնում են թեման բացատրել, առանց ստուգման պարտավորված են թեստերը տալ. «Պատմողական առարկաները այս սիստեմով չեմ կարողանում հասկանալ: Երեխան 10 թեստից 4 -5-ը գրի, դրական նիշը ճարպկորեն հավաքի, ուսուցիչն ստիպված պետք է 4 թեստի հիման վրա տարեվերջին գնահատի, դե հիմա արի ապացուցի, որ այդ երեխան գիտելիք չունի, առարկայից էլ տեղյակ չէ»: Տիկին Թերզյանը նաեւ չի կարողանում հասկանալ, այդ ինչպես է, որ նույն աշխատանքի համար՝ լեզուներ դասավանդող ուսուցիչների աշխատավարձն ավելի բարձր է. «Ի՞նչ մեղք են գործել մյուս առարկաները դասավանդող ուսուցիչները, աբսուրդ է ուղղակի»:

Տիկին Թերզյանի խոսքով, աշակերտների նույնիսկ հարգելի բացակայությունը արդեն լուրջ դժվարություններ է առաջացնում. «Ասում են՝ հաջորդ դասին գրավորը տվեք, բայց հաջորդ դասին ես նոր դաս եմ բացատրում, հիմա այդ երեխան նստում է գրավորը գրում, նոր դասը չի լսում, եթե ես ասում եմ գրավորը մի գրի, դասը լսի, երեխան գրավորից է հետ մնում»: Նա անդրադարձավ նաեւ դասագրքերում խնդիրների բացակայությանը. «Խնդիրներ կան օլիմպիադաներում, բուհական ընդունելության ժամանակ, երեխան ավարտում է, պետք է խնդիրներ գրի, իսկ կենսաբանության դասագրքում ոչ մի խնդիր չկա, գոնե մի հատ չլինի՞, որ սովորի այդ երեխան, ստիպված խնդիրներ եմ թելադրում, բայց ժամանակի կորուստ է դա»

Դպրոցի մեկ այլ ուսուցչուհու՝ հայոց լեզվի մասնագետ Թորոսյան Գայանեին էլ վրդովեցնում է, որ թեստային աշխատանքի պատճառով գերազանցիկ աշակերտները կոտրվում են. «Թեստեր կազմելու առումով ե՛ւ ժամանակ ենք կորցնում, եւ՛ գումար, ե՛ւ նյարդեր, թեստ ենք կազմում մի դասարանի համար, երեխաները մեկը մյուսին փոխանցում են, հաջորդ դասարան ենք մտնում, մեզնից առաջ արդեն ամեն ինչ գիտեն, ու դժվարանում ենք ռեալ գնահատականներ նշանակել»: Իսկ մեզ հետ զրուցած մյուս ուսուցչուհին՝ Աննա Հարությունյանը, թեստային աշխատանքների մեջ որոշ դրական բաներ տեսնում է, սակայն առանձնապես հիացած չէ դրանցով. «Եթե երեխան տեսականը լավ գիտի, թեստը լավ կարող է գրել, գիտելիքները ստուգելու համար թեստային համակարգը այնքան էլ վատ գաղափար չէ, խնդիրն այն է, որ դասագրքերում թեմաները բավականին բարդ են ու, դրան զուգահեռ, դասագրքերում բացակայում են թեստերը, որ երեխան տանը կատարի ու հմտանա, ես ունեմ 11 դասարան ու այդ 11-ի համար էլ պատճենահանում եմ, ֆինանսապես ուսուցչին սպանում է, երեխաներից էլ անհարմար ենք զգում գումար հավաքել, մի դասաժամի մեջ օրվա նյութը եւ թեստը տեղավորելու առումով էլ խնդիրներ են առաջանում»: :

Մեզ հետ զրույցում ուսուցիչները դժգոհեցին նաեւ գնահատման ձեւերից՝ պարզաբանելով, որ թվաբանական հաշվարկների առումով խնդիրներ է առաջացնում, շփոթություն ու լարվածություն: Այս առումով նկատենք, որ թեեւ ԿԳ նախարարությունն արդեն կասեցրել է գնահատման նոր համակարգը («Առավոտ», 13.02.2010, «Շատ գրավոր են գրում, քիչ վարձատրվում» եւ 25.02.10, «Դպրոցը դարձրել են փորձադաշտ»), սակայն ուսուցիչները դրա մասին դեռ տեղեկացված չեն եւ շարունակում են դժգոհել գնահատման նոր՝ իրեն չարդարացրած համակարգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել