ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի ընտրության ոչ քիմիական ռեակցիան
Հայաստանում ցանկացած տեսակի ընտրություն, լինի նախագահական, խորհրդարանական, դպրոցի տնօրենի, հանձնաժողովի նախագահի, դեկանի, նույնիսկ՝ դասարանի ավագի կամ սեղանի թամադայի, միեւնույն է, հարթ եւ դեմոկրատական սկզբունքներով կազմակերպվել չի կարող: Առնվազն՝ նախադեպեր կամ չկան, կամ էլ դրանք այնքան չնչին տոկոս են կազմում, որ եղանակ չեն ստեղծում: Բացառություն չէր նաեւ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի ընտրությունը, որը կայացավ փետրվարի 12-ին:
Նախկին դեկան, հայտնի գիտնական Աիդա Ավետիսյանի մահից 3 ամիս հետո միայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով հայտարարվեց մրցույթ դեկանի թափուր տեղի համար, որին իրենց թեկնածությունն առաջադրեցին ֆակուլտետի անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը, էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գեւորգ Փիրումյանը, ֆակուլտետի գիտական քարտուղար, քիմիական գիտությունների դոկտոր Տարիել Ղոչիկյանը եւ դեկանի տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու, անօրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Մկրտչյանը: Ընտրությունից հետո «Առավոտի», ինչպես նաեւ մի շարք այլ լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին ուղարկվեց մի անանուն նամակ, որտեղ խոսվում էր կեղծիքների, ուսանողների վրա՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի եւ Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ղեկավարների կողմից՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ ֆակուլտետի մի շարք դասախոսների աջակցությամբ ճնշում գործադրելու մասին: Մեր սկզբունքի համաձայն՝ չտպագրեցինք այդ անանուն նամակը, որոշեցինք ինքներս պարզել իրականությունը: Այդ պատճառով էլ երեկ այցելեցինք քիմիայի ֆակուլտետ, զրուցեցինք առաջադրված բոլոր թեկնածուների, ուսխորհրդի եւ Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների հետ: Նշենք, որ ԵՊՀ-ի այն մասնաշենքը, որտեղ գտնվում է քիմիայի ֆակուլտետը, շենքային պայմաններով, մեղմ ասած, չի փայլում: Իսկ 4-րդ հարկի աստիճանավանդակին հարող տարածքը կարծես ծխարան լիներ, երեւի ուսանողները չգիտեին համապատասխան օրենքի մասին, կամ էլ, օգտվում էին առիթից, որ արգելող չկա եւ անարգել փչացնում էին սեփական առողջությունը:
Սկզբում զրուցեցինք նորընտիր դեկան Տարիել Ղոչիկյանի հետ: Նա նշեց, որ ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, իրենց մոտ էլ նախընտրական շրջանն անցել է ընդունվածի պես: Օրինակ՝ ինքը հանդիպել է բոլոր դասախոսներին, որպեսզի հասկանա՝ արժե՞ իր առաջադրվելը, թե՝ ոչ: Ինչպես պարոն Ղոչիկյանը նշեց, ինքը նախընտրական զրույցներ չի ունեցել ուսանողների հետ: Իսկ ֆակուլտետի բարոյահոգեբանական մթնոլորտի մասին խոսելիս զրուցակիցս վստահեցրեց, որ բոլոր թեկնածուներն էլ եղել են լավ ընկերներ, տասնյակ տարիներ աշխատել են իրար հետ եւ սեւ PR-ի օգտագործումը կամ ընկերոջը վատաբանելը իրենց համար խորթ է եղել: Այն բողոքին, թե ընտրության ժամանակ ճնշումներ են եղել, դեկանը պատասխանեց. «Եթե ուսանողներին ճնշելը կարող է հանկարծ պատահեր, որ ինչ-որ մեկի մտքով անցներ, բայց դասախոսին հնարավոր չէ: Նրանք վաստակաշատ մարդիկ են, գիտնականներ, որ բազմամյա փորձ ունեն»: Ըստ Տ. Ղոչիկյանի հաշվարկների՝ դասախոսների 60%-ը եւ ուսանողների 45-50%-ը պիտի որ իր կողքին կանգնեին ընտրության ժամանակ: Դեկանը շարունակեց. «Այդ թվաբանությունից ելնելով՝ կարծում էի, որ վստահ կերպով կանցնեմ, այսինքն՝ ես որեւէ գործողություն անելու կարիք չունեի»: Այն մասին, որ ԵՊՀ ուսխորհրդի եւ ՈՒԳԸ-ի նախագահները ուսանողներին հավաքել են լսարանում եւ նրանց որոշակիորեն ուղղորդել, պարոն Ղոչիկյանն այսպես արձագանքեց. «Ես համալսարանի ուսխորհրդի նախագահին ընդամենը հեռուստատեսությամբ եմ տեսել, նույնիսկ չէի էլ ճանաչում: Բայց ընտրությունից հետո հանդիպեցի ուսանողների ներկայացուցիչներին՝ պարզելու, ի՞նչն էր պատճառը, որ ընտրության ժամանակ ուսանողները ուսխորհրդի ներկայացուցիչների հետ առանձնացել էին լսարանում: Ուսանողուհիներից մեկն ասաց, որ դա արել էին նրա համար, որ դասախոսներից որեւէ մեկն իրենց չմոտենա եւ տպավորություն չստեղծվի, թե իրենց համոզում են ինչ-որ բան անել, եւ իրենք իրենց խղճի համաձայն կատարեն քվեարկությունը»:
Ի վերջո Տ. Ղոչիկյանի օգտին քվեարկել են քվեարկության 46 մասնակիցներից 25-ը, Հ. Խաչատրյանի օգտին՝ 16-ը, Ռ. Մկրտչյանի օգտին՝ 4-ը: Գ. Փիրումյանը մինչեւ ընտրությունը ինքնաբացարկ էր հայտարարել:
Ռ. Մկրտչյանը «Առավոտին» ասաց, որ ընտրությունը եղել է օրենքի սահմաններում, թեկնածուների միջեւ եղել է բարիդրացիական հարաբերություններ, եւ ով էլ ընտրվեր՝ շնորհավորելու էին, ինչպես եւ եղավ: Ռ. Մկրտչյանի կարծիքով՝ բարձրացված մտահոգությունը կարող է եւ դրսից հրահրված լինել:
Հ. Խաչատրյանի կարծիքով՝ այնուամենայնիվ, ուսանողների վրա որոշակի ճնշում գործադրվել է, ինչի վկայությունն է ուսխորհրդի ներկայացուցիչների՝ ընտրության ժամերին ֆակուլտետում գտնվելը եւ ուսանողների հետ լսարանում առանձնանալը: Պարոն Խաչատրյանն ասաց. «Եթե բողոքարկելու հիմքեր ունենայի, դա կանեի ընտրությունից առաջ կամ կդադարեցնեի ընտրությունը: Արարողակարգային որեւէ խախտում տեղի չի ունեցել»: Պարոն Խաչատրյանը վստահեցրեց, որ իր ընկերների հետ նորմալ հարաբերությունների մեջ է, ուղղակի մարդիկ ժամանակ առ ժամանակ հիասթափվում են իրենց շրջապատից եւ մոտ ընկերներից, ինչին տվյալ դեպքում մեծ կարեւորություն տալ պետք չէ: Հ. Խաչատրյանը դեկան դառնալու դեպքում ծրագրել էր, օրինակ, դեկանի միկրոբլոգ ստեղծել որեւէ սոցիալական ցանցում, որպեսզի ցանկացած ուսանող եւ աշխատակից ցանկացած ժամի իրեն հարցեր հղեր՝ ապահովելով դեկանի եւ դեկանատի թափանցիկ աշխատանքը:
Գ. Փիրումյանը հրաժարվեց մեկնաբանություններ տալուց:
Զրուցեցինք նաեւ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանի հետ: Նա ասաց. «Մեր խորհրդի կազմում, որը ընտրում էր դեկան, կա 12 ուսանող եւ լավ կլիներ, որ նրանց եւս խոսքի իրավունք տրվեր: Մինչեւ ընտրությունը՝ որոշ ամբիոնի վարիչներ ուսանողներին վախեցրել են: Կոնկրետ ուսխորհրդի նախագահի առաջ պայման են դրել, թե ինքը չի ավարտի, եթե չկատարի իրենց ասածը: Մինչ ընտրությունը, ես իմ աշխատասենյակում նստած էի, երբ ուսանողուհիներից մեկն ահազանգեց՝ ասելով, որ դասախոսների կամակատարները մոտենում էին իրենց ու պահանջում, որ այս կամ այն քայլը կատարեն, հակառակ դեպքում որոշակի խնդիրներ կունենան: Այդ պատճառով էլ գնացի քիմիայի ֆակուլտետ՝ ուսանողների իրավունքները պաշտպանելու: Դեկանի թեկնածուներն ու նրանց կամակատար որոշ դասախոսներ մոտենում էին եւ ուսանողների ականջին սկսում խոսել, ես էլ առաջարկեցի, որ ուսանողները հավաքվեն մի լսարանում, եւ ով ասելու բան ունենա, գա եւ բարձրաձայն ասի»: