Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

23. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Փետրվար 26,2010 00:00

\"\"
Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը:

\"\"
22-րդ փողոցը Սարի թաղում:

Կրկին կոշկակար Ստեփան Ստեփանյանի արհեստանոց մտա:

– Սարի թաղի հենց այս մասում յովշան էր աճում, որից ավել էին սարքում,- ասաց Ստեփանը,- բոշաները եկան, սկսեցին տներ կառուցել: Մաղ էին գործում, լողակ վաճառում: Նրանք հիմնականում Քանաքեռում էին ապրում: Չգիտեմ, թե այնտեղ ինչ խնդիր են ունեցել, մի քանի ընտանիք այստեղ եկան: Նրանք ամեն խնդրում սիրում են սակարկել, էժանացնել: Մեկի կոշիկներն էի նորոգել, ասացի, որ 500 դրամ պետք է վճարի: Թե՝ 300- ով չի՞ լինի: Մի աղջիկ եկավ կոշիկները տանելու, թե՝ սխտոր կուզե՞ս նորոգման դիմաց, 300 դրամ արժե: Ասացի՝ չեմ ուզում: Մեծ քույրը եկավ՝ սխտորն ու կշեռքը ձեռքին, թե՝ սխտոր տամ, կոշիկները տուր: Աչքիս սխտորը թեթեւ երեւաց: Խանութում կշռեցի՝ 600 գրամ էր: Նրանց մոտ տնտեսությունը կանայք են կառավարում, իսկ տղամարդիկ ապրանքափոխանակությամբ են զբաղվում: Կայարանում բոշա Աշոտ կար, Կարամելի ֆաբրիկայում էր աշխատում, հայտնի դեմք էր, տեղի հեղինակություններից, բոշա Հրաչը, Խաչոն… Սարի թաղում «Քյուֆթա» Լյովա կար, օրենքով գող էր: Աղջիկներին 15 տարեկանից պսակում են: 23 փողոցի բոշաները մեզ «կաչուտ» են ասում, իրենց՝ «ինավեր»: Հարսանիքի ժամանակ հենց ի տես բոլորին են նվերները տալիս: Մայրական կողմից ազգակցական մոտ կապերով թույլատրվում է պսակվել, հայրական կողմից՝ ոչ: Մի անգամ տեսա՝ բոշան ոտքը դրել է քարին, հարսը կռացել, կոշիկն է մաքրում: Նրանք հիմնականում իրար մեջ են պսակվում: Հիմա տղամարդիկ խոպան են գնում: Դե, ինչ ասեմ, ավելի ճիշտ կլինի՝ ինքդ գնաս, խոսես նրանց հետ, բայց առաջին հերթին Մակիչին տես, հասկացող մարդ է, նա կօգնի քեզ, իսկ մյուսները ամեն կերպ կխուսափեն լրագրողի հետ շփումներ ունենալուց:

Սարի թաղի թիվ 23 փողոցում իր տան դիմաց կանգնած տարեց մարդուն հարցրի.

– Ինչպե՞ս կարող եմ գտնել Մակիչին:

Բնակարանի բաց դռնից երեւում էր բազմանդամ ընտանիքը: Ցանկություն զգացի ներս մտնել ու խոսել տան անդամների հետ, ծանոթանալ նրանց կենցաղին:

– Ես Մակիչի հորեղբայրն եմ, կարող ես ինձ դիմել:

Բացատրեցի այցիս նպատակը: Մեզ մոտ կանգնած երիտասարդ տղան փորձեց բջջային կապով գտնել Մակիչին:

– Չի պատասխանում,- ասաց նա:

Ինձ թվաց, թե նրանք խուսափում են Մակիչի հետ իմ հանդիպումից: Մակիչի հորեղբայրը շտապեց ավարտել ինձ հետ խոսակցությունն ու փողոցից դուրս ճանապարհել: Մակիչին չհանդիպեցի, ուստի եւ որոշեցի հայ բոշաների հետ հանդիպումներս իրականացնել Կոնդի թաղամասում, որն իմ երեւանյան ճամփորդության մեջ է ընդգրկված, գուցե եւ այնտեղ հաջողվի գտնել Երեւանի պաշտպանության հերոս բոշաների սերունդներին:

Հարեւան 22-րդ փողոցում անսպասելի հանդիպեցի վաղեմի ընկերոջս՝ բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին: Պարզվում է, որ նա այստեղ է ծնվել ու անցկացրել իր պատանեկությունը, այսինքն՝ իսկական սարիթաղցի է:

– Ես իմ հայրական տուն եմ եկել, դո՞ւ ինչ ես կորցրել այս կողմերում:

Բացատրեցի քաղաքով ճամփորդելու իմ ծրագրի մասին:

– Ինչ հրաշալի ծրագիր է,- ասաց բանաստեղծը,- ես պատրաստ եմ Սարի թաղի խնդրում հնարավորին չափ օգնել քեզ: Ես այստեղ եմ ծնվել ու մեծացել:- Ցույց տվեց «Նարցիս» գրական ամսագրի վերջին համարը:- Մանկությունից հուշեր են Սարի թաղի, մեր փողոցի մասին:

Բարձրաձայն մի քառատող կարդացի.

Ճաքած գերանն ու նուրբ սարդոստայնը

ասացի՞ն, որ դու թակարդը կընկնես,

այնքան խաղաղ ես քո հոր տանը,

Հողի վերածվող խաշամ ես կարծես:

Ետ շրջվեցինք ու նույն պահին էլ հանդիպեցինք Փոսի թաղի բնակիչներ Խաչատուր Խաչատրյանին ու Ռաֆիկ Մանուկյանին: Խաչատուրին ծանոթ էի հայկական ավիացիայից, իսկ Ռաֆիկին հանդիպել էի բաղնիսի հրապարակում:

– Հիշո՞ւմ ես Մեղրիի օդակայանից մեր առաջին թռիչքը,- ասաց Խաչատուրը:

– Իհարկե,- ասացի ես,- ինքս ռեպորտաժ էի պատրաստում հեռուստատեսության համար:

– Այդ օրը հազիվ փրկվեցինք աղետից:

– Հա, «Յակ- 40» ինքնաթիռը քիչ մնաց սարին բախվեր:

– Մեղրեցիները յուրաքանչյուրիս մրգով լցված մի- մի կողով էին նվիրել:

– Ինքնաթիռի սրահը տեսակ- տեսակ մրգերով էր լցվել:

– Իսկ ի՞նչ էր պատահել,- դիմեց Էդվարդը:

– Անսպասելիորեն օդային փոսի մեջ էինք հայտնվել:

– Այս մի կողմում մեր ֆուտբոլի դաշտն էր,- զրույցի թեման փոխեց սարիթաղցի բանաստեղծը,- իսկ 20- րդ փողոցը ժամանակին ամենալուսավորվածն էր:

– Էլի լույսերը չեն վառվում,- դժգոհ ասաց Ռաֆիկը,- հետեւող չկա: Գիշերը ահավոր մութ է լինում: Շներն են գիշերները տիրություն անում:

– Սա Նազարեթի տունն է,- փողոցի անկյան վերջին տունը ցույց տալով ասաց Էդվարդը,- հիշո՞ւմ եք, 1982 թ. դեկտեմբերի 31- ին վերեւից թեքությամբ եկող բեռնատարը չէր կարողացել արգելակել, ծառերի արանքով մտել էր Նազարեթի տան մեջ: Հարսը պատի ետեւում քնած է եղել, իսկ տանտիրուհին՝ Ջուլիկը, հարեւանի տանը խոսում էր հեռախոսով:

– Հա, ոչ մի զոհ չեղավ,- ասաց Խաչիկը:

– Մեր այս փողոցը հայտնի էր բարձր բարդիներով, որ ձգվում էին փողոցի երկու կողմով, ինչ փողոց՝ գեղեցիկ ծառուղի էր,- ասաց Ռաֆիկը,- հետո սկսել էին փտել ու ընկնել: Դիմեցի հարեւան քարհանքի պետին, բացատրեցի, որ ծառն ընկնելով՝ կարող է էլեկտրական հոսանքին վնասել, որն էլ վտանգավոր է, հրդեհ կառաջացնի, հանքի գործը կխափանվի: Իմ կյանքում տեսած առաջին խելոք մարդն էր:

– Երկրորդը երեւի ես եմ,- ասացի ես:

– Հա, երեւի,- քննախույզ ինձ նայելով պատասխանեց Ռաֆիկը: – Եկավ, ամեն ինչ կարգավորեց: Քարհանքի պայթեցումներից տները ցնցվում էին, վթարի ենթարկվում: 15- րդ փողոցին հարեւան՝ լճեր կային, Հարամի լիճ էինք ասում: Աղաջրեր են, իջնում են գետնի տակ, խոնավացնում տների հիմքերը: 50- ականներին ջրահեռացման համար առուներ փորեցին: Միեւնույն է, ստիպված էին քանդել տները:

Լսում էի սարիթաղցիներին ու զուգահեռ զննում բանաստեղծի տողերը.

Գաջի հանքերի փոսերում ջուր է դուս տվել, գյոլել,

Աղի է, կանայք լողանում են ոտքերը բաց,

Մենք՝ թաքնված: Նրանց բդերի մի փոքր փայլից

Կուրանում ենք, երեխայի բիբը վագրի ցատկով

Բացում է իր համար փակվածը:

Շները քայլում են քարերի վրայով…

Մայրս կանչում է: Էլի ծեծ: Դաս սովորի, դաս:

Մի տան մոտ կանգ առանք:

– Այստեղ Էդիկ Մարտիրոսյանն էր ապրում, գիտես իրեն, ռադիոյի երաժշտական բաժնի վարիչն էր: Մեր դպրոցն այն ժամանակ 1300 աշակերտ ուներ:

– Իսկ հիմա՞:

– Հիմա՝ 300… Փոսի թաղում հիմնականում հայրենադարձներ էին ապրում: Պատուհաններից լսում էինք ռադիոների խայտաբղետ ձայները՝ հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, անգլերեն, թուրքերեն, նայած թե որ երկրից է եկել հայրենադարձը: Երաժշտությունն էլ էր տարբեր: Ավտոբուս ես բարձրանում, կրկին լսում էինք թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, արաբերեն…: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երկրներին յուրահատուկ կենցաղի, խոհանոցի տարրերը: Արհեստավորները նոր մակարդակի հասցրին հյուսնությունը, կոշկակարությունը, կաշեգործությունը, դերձակությունը: Հայրենադարձները ֆուտբոլասեր էին: Հիմնական պատճառը «Սպարտակի» հայրենադարձ ֆուտբոլիստներն էին՝ Սեմերջյանը, Քեհյանը, Կարմիրյանը… Մուսալեռցի ընտանիքներ էլ կային մեր թաղում: Հիշում եմ, հայրս՝ Գեւորգը, հավաբնի համար լուսամուտ էր սարքել, ֆինբաժնից եկան, թե՝ տանը մասնավոր գործ ես անում: Հայրս ջղայնացավ եւ ուրագը նրանց վրա նետեց:

– Մի րոպե,- ընդհատեցի ես,- նման տողեր էի նկատել, թող կարդամ.

Եվ ուրագը, որ նա շպրտեց ֆինբաժնի

Ոմն հսկիչի ետեւից,

Թռչում է ինձ հետ տարիների մեջ…

Քարը կրծելով ապրեցինք, բա՜,- ասում էր մայրս:

Հայրս ժպտում էր, իբր՝ դե լավ, հա՜:

– Հայրենադարձների հետ այստեղ ապրում էին մաքրավանցիների, բժնեցիների, սիսիանցիների, ապարանցիների, վարդենիսցիների, զանգեզուրցիների ընտանիքները, ամեն մեկն իր երկրամասին յուրահատուկ սովորություններով, կենցաղով,- իր փողոցի պատմությունը շարունակեց Էդվարդը:- Մարդկանց անուններն էլ դնում էին ըստ ծննդավայրի՝ բժնեցի Մուկուչ, Բասենի Օհան, սոլակցի Գայանե, գյումրեցի Պողոս…: Հարեւանությունը սերտ էր, ամուսնությունները՝ խառը: Հարսանիքներին օգնում էին իրար:

– Իսկ այս տողերը…- կարդում եմ.

Գժերին ավելի էին սիրում, քան վաճառողին,

Գիտնականին էլ մեկ- մեկ հարիֆ էին ասում,

Սակայն բացահայտ ընտրում էին ուսումը

Իրենց զավակների համար:

– Ավելացնելու բան չունեմ,- մտածկոտ ասաց բանաստեղծը,- հիմա նայում եմ՝ թթենիներ չկան, իսկ այն ժամանակ թթենիներ շատ կային, օղի էին քաշում: Հայրս ծիրանի օղի էր քաշում: Հիշում եմ, մեր բնակարանը 1977- ին ընդարձակում էինք, ֆինբաժնից եկան, որ արգելեն: Մայրս՝ Հայկուհին, նրանց վրա պրծավ: Թողեցին հեռացան: Մայրս Սարի թաղի հեքիմն էր, դուրս ընկած ձեռք, ոտք էր տեղը գցում, երեխաների վախ, ծարավություն էր բուժում: Հիմնական միջոցը աղոթքն էր: Ընկերս՝ բանաստեղծ ու մատենագետ Հրաչյա Թամրազյանն իրեն վատ էր զգում. ընդհանուր թուլություն, տրամադրության անկում… Մի քանի անգամ մայրս աղոթեց, Հրաչի մոտ բոլոր հիվանդություններն անցան: Սարի թաղում մշակույթի գործիչներ էլ կային: Կիլիկյան Անդրանիկը հետաքրքիր նկարիչ էր, մանկական գրքեր էր ձեւավորում: Հեռուստաաշտարակի անտառի եզրին խաղադաշտեր ունեինք, որտեղ ազգագրական խաղեր էինք խաղում: Մենք, ի տարբերություն քաղաքաբնակների, բնության մեջ էինք ձեւավորվում:

– Թող քո տողերով ընդհատեմ, պոետ,- ասացի ես եւ շարունակեցի ընթերցանությունը.

Հեռուստատեսության աշտարակի կողքից

Հավաքում էինք ժապավեններ,

Փնտրում կանանց մերկ թեւերի կադրեր:

Իսկ էշը, որ կապած էր խղճուկ անտառի

Ծառից, զռռաց, մերժեց Գրիշի նստուկը

Ու տրտինգ տալով նրան գցեց առուն:

Խնդում էինք:

Մեկ էլ՝ հրացանազարկ, պահակն է:

Փախս ի վար, մեր փողոց, հերոսացած:

– Վարդավառը, ջանգյուլումները, ազգագրական ծեսերը հետաքրքիր մթնոլորտ էին ստեղծում, ասաց Էդվարդը,- այստեղ բնության հետ էինք կապված: Դպրոցից հետաքրքիր տեսարան է բացվում դեպի Արարատը, Արինբերդը: Սարի թաղի մթնոլորտը գյուղական է: Մենք Գաջի գործարանի փոսերի մեջ էինք խաղում: Անտառում ծառից ծառ էինք թռչկոտում: Սա էր իմ պատանեկությունը: Նոր տարվա շեմին սարիթաղցիների բոլոր վեճերը հարթվում էին, մարդիկ իրար էին այցելում, բախումները անցյալին թողնում: Իմ ուսուցիչներից Ավետիք Հակոբյանն ինձ նկարչական ճաշակ մատուցեց, ու իմ նկարչությամբ նաեւ նրան եմ պարտական: Մեր դպրոցի տնօրենը Վարդգես Անդրեասյանն էր, որը մինչ հանրահայտ Լեւոն Դանիելյանը՝ ֆուտբոլի մեկնաբանն էր: Կենդանաբանության ուսուցիչ ունեինք՝ Սաջյանը, որը կենդանիների հավաքածու ուներ: Մեր հարեւան Լենդան Ստալինյան ջրանցքից օձ էր բռնել, նվիրեց Սաջյանին: Բայց հենց այդ օձի խայթոցից էլ մեռավ կենդանաբանության ուսուցիչը: Իսկ Լենդան հիմա Խաբարովսկի կողմերում է ապրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել