Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տրամաբանական շարունակություն

Փետրվար 26,2010 00:00

\"\"Արմավիրի մարզկենտրոն Արմավիրում տեղյակ չեն կառավարության՝ իրենց վերաբերող որոշումից

ՀՀ կառավարությունը փետրվարի 11-ին «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 14.3-րդ եւ 17-րդ հոդվածների համապատասխան, թիվ 102-Ն որոշմամբ հաստատել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը (https://www.gov.am/am/gov-decrees/item/17443/): Որոշումը ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն Արմավիրում դեռ տեղյակ չեն, որ գլխավոր հատակագիծ ունեն։ Համենայնդեպս, Արմավիրի քաղաքապետարանի լրատվության ծառայության ղեկավար Սարգիս Մովսիսյանը, հղում անելով քաղաքի գլխավոր ճարտարապետին, ասաց, որ Արմավիրի գլխավոր հատակագիծը կառավարությունը դեռ չի հաստատել: «Հենց հաստատվեց՝ անպայման կտեղեկացնեմ»,- ասաց: Մեր պնդմանը, որ այն իրոք հաստատվել է, եւ հնարավոր է, որ իրենք դեռ տեղյակ չեն, Ս. Մովսիսյանը պատասխանեց՝ «հնարավոր է, որ այդպես է, բայց դեռ պաշտոնապես ուժի մեջ չի մտել, դրա համար տեղյակ չենք»:

Թերեւս կարելի կլիներ առանձնապես չկենտրոնանալ այս հարցի վրա, եթե չլինեին երկու կարեւոր գործոն, որոնց «Առավոտը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է: Օրինակ, 2009 թվականի հուլիսի 25-ի՝ «Եկեղեցի կամ այգի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ 1990-ականներին՝ դժվարին ժամանակներում Արմավիր քաղաքում երկու հեկտար այգի է հիմնվել, այսօր Հայ առաքելական եկեղեցին ուզում է քաղաքում եկեղեցի կառուցել հենց այս այգում՝ 4900 քմ տարածքի վրա, ինչի արդյունքում սակավականաչ քաղաքում ծառեր են հատվելու: Եկեղեցին այլ տարածքի մասին անգամ լսել չի ուզում:

Բացի սրանից, տեղեկացրել ենք, որ Արմավիրի ավագանու որոշումներով, քաղաքի սիզամարգերի հաշվին հողհատկացումներ են արվել եւ խոտուծաղկին փոխարինել են առեւտրի եւ սպասարկման տաղավարներ, մի շարք դեպքերում՝ քարե շինություններ:

Արմավիրցիների համար կանաչ քաղաք ունենալը երազանք է ու նրանք անհանգստանում են յուրաքանչյուր ծառի համար: Անցած տարի էլ նոր խնդիր ի հայտ եկավ: Տարիներ ի վեր անգործության մատնված ապակիների գործարանը երբեմն-երբեմն սկսեց ծխալ ու կարմրավուն, խեղդող ծուխ արձակել: Բնակիչներն այդպես էլ չկարողացան պարզել, թե՝ ինչ ծուխ էր դա եւ ինչ արտադրություն էր սկսվել «պայթած» գործարանում, որը, չգիտես ինչու՝ աշխատում էր գիշերները: Ոմանց կարծիքով՝ այդտեղ մոլիբդենի արտադրության մեջ օգտագործվող ինչ-որ նյութ են ստացել, որի արտադրությունը, սակայն, կարճ ժամանակ անց, ինչ-ինչ պատճառներով դադարեցվել է: Ապակիների նախկին գործարանը թեեւ էլ չի ծխում, բայց Արմավիրում դարձյալ գանգատվում են օդի անմաքրությունից ու վստահ են՝ պատճառը կանաչ տարածքների սակավությունն է:

Հենց այս խնդիրների լուծումները տեսնելու համար էր պետք տեսնել Արմավիր քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը: Ուզում էինք պարզել՝ մաքուր օդի հաշվի՞ն է եկեղեցի կառուցվելու, Արմավիրի սիզամարգերը կրկին կանաչելո՞ւ են: Բայց քաղաքապետարանում այս մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Ի դեպ, «Առավոտի» փետրվարի 25-ի համարում տպագրված «Սկսել են մեկ տարի առաջ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, թե ինչով են զբաղված Արմավիրի համար պատասխանատու պաշտոնյաները: Ուրեմն չարժե զարմանալ, որ քաղաքի ներկայի ու ապագայի համար կարեւորագույն փաստաթղթի գոյության մասին տեղյակ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lilit says:

    ոչ,, այդ գործարանը գործարկվում է մարդիկ,,,սարսափելի օդ է, մի պահ դուրս եկա և սիրտս խառնեց ուղղակի, հենց այս պահին այդ գործարանը գործում է, քիթս անգամ մրմռում է մի քանի վայրյկան պատշգամբ դուրս գալուց հետո,,,,մեզ այստեղ թունավորում են որոշ ապուշ ագահներ, ,,,ատում եմ

Պատասխանել