Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԻԶ ԾՌԵՄ ՈՒ ԱՐՀԱՄԱՐՀՎԵ՞Մ…»

Փետրվար 26,2010 00:00

Չքավորություն կամ ծայրահեղ աղքատություն ասվածն անգամ ամբողջությամբ չի կարող նկարագրել Աքուլյանների ընտանիքի համար սովորական դարձած անմարդկային պայմանները: Հինգ անձից բաղկացած ընտանիքի՝ 30-ամյա ամուսինների ու 3 փոքրահասակ աղջիկների վիճակը լիովին պատկերացնելու համար անհրաժեշտ է գոնե մեկ անգամ այցելել նրանց:

\"\"Ընտանիքն ապրում է Լոռու մարզկենտրոն Վանաձորի Բանակի փողոցի 2-րդ փակուղում, գրեթե քաղաքի կենտրոնում, բայց մեկուսացած՝ կիսախարխուլ, պատի փոխարեն կարկատաններով ցելոֆանապատ տարածքում, արդեն հինգ տարի լուռումունջ դիմակայում են այդ պայմաններին, հուսալով, որ մի օր ընտանիքի հայրը՝ Մանվել Խաչատրյանը պատշաճ աշխատանք կգտնի եւ իրենք էլ գոնե օրվա ուտելիքի գումար կունենան:

Աշխատանք չունենալու հիմնական պատճառը ըստ տանտիրուհի Հասմիկ Աքուլյանի՝ ամուսնու անձնագրի բացակայությունն է, մինչեւ հիմա նրանք որեւէ տեղ չեն ունեցել \"\"գրանցվելու, որպեսզի անձը հաստատող փաստաթուղթ ունենան, այժմ բնակարանը կա, որտեղ կարելի է գրանցվել, սակայն համատիրությունը ընտանիքի կազմը հաստատող մի սովորական տեղեկանք տալու համար պահանջել է 15 հազար դրամ՝ պատճառաբանելով, թե տարիներով չմուծված կոմունալ վճարների համար պարտք է գոյացել: Նկատենք, որ համատիրությունները պարտք ունեցող բնակչին տեղեկանք չտալու իրավունք չունեն: Ընտանիքը ելք չունենալով՝ վճարել է գումարը, բայց Մանվել Խաչատրյանը դեռեւս անձնագիր չի ստացել. պատճառներից մեկն էլ ժամանակ չունենալը կամ \"\"քաղաք շատ քիչ այցելելն է, նա ստիպված գյուղական համայնքներում հովվություն է անում՝ որ օրվա հաց վաստակի:

«Միայն աշխատավարձ ստանալիս է քաղաք գալիս, շատ ժամանակ էդ գումարի երեսն էլ չենք տեսնում, անասուն է, ոտ է կոտրում, կամ ընկնում մի ձեւով վնասվում է… իրենից են գումարը պահում, ինքն է պատասխանատու յուրաքանչյուր կով ու ոչխարի համար»,- նեղսրտում է Հասմիկը:

Կյանքի դժվարություններն ու աղքատությունն ավելի են խորացել՝ ընտանիքի տատիկի մահից հետո. «Հիմա էդ թոշակից էլ զրկվեցինք, ապրում ենք միայն նպաստով, եթե մի անգամ հասցնենք պարտքից ազատվել, հետո երեւի հեշտ կլինի»,- ասում է ընտանիքի մայրը: Այժմ նրանց անունը չի իջնում թաղամասի մոտակա խանութների ապառիկ՝ «նիսյա» առեւտրի համար նախատեսված տետրերի էջերից: 21-րդ դարում դեպի Եվրոպա գնացող ու, ըստ պաշտոնական վիճակագրության, 10 տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ արձանագրած երկրի քաղաքացու ցավեցնելու աստիճան չքավորությունը, մեղմ ասած, հասկանալի չէ:

Հասմիկը պատմում է, որ հատկապես փոքր աղջիկը՝ 3-ամյա Սյուզին սոված ժամանակ մտնում է մի անկյուն ու ժամերով լաց լինում: Վերջերս լացի ձայնից տուն մտած հարեւանը շտապ 2 կարտոֆիլ է բերել ու տվել աղջկան: Նրանց միակ հենարանը՝ մշտապես օգնության հասնող հարեւաններն են, որ օգնում են ոչ միայն սննդով, նաեւ սովորական ջրով՝ կենցաղային կարիքները հոգալու համար: Բայց Հասմիկը արդեն ամաչում է անհանգստացնել հարեւաններին. «Ձյուն կամ անձրեւաջուր եմ հավաքում, որ անընդհատ դռները չգնամ, ախր ջուրը հաշվիչով է…»: Ձմռանը չմրսելու հարցը թվացյալ լուծում է ստացել՝ ժամանակին իրենց ձեռքով տնկած պտղատու ծառերն են կտրում տաքանալու համար: «Ամառը այս ծառերը գոնե միրգ են տալիս, դա ինչ-որ տեղ ցավի ոտք է կոտրում, բայց երեխեքս գոնե չեն սառչի, առանց այն էլ սովը դժվար են հաղթահարում»,- պատմում է Հասմիկը:

Մեծ աղջկան՝ Ռուզաննային, շոր ու կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեն ուղարկելու: Այդպես են որոշել: Դպրոցահասակ երեխան դուրս է մնացել պարտուսուցումից: Վերջերս նրան երկարաճիտ կոշիկներ են նվիրել: Ամեն երեկո նա լացում է ոտքերի ցավից՝ կոշիկները փոքր են, բայց ճար չունենալով՝ հագնում է: «Օրրան» կազմակերպությունն է իր հարկի տակ վերցրել Ռուզաննային, ապահովել տաք սննդով ու շորերով: Երբեւէ նման պայմաններ չտեսած Ռուզաննան դժվարությամբ է երեկոյան տուն գնում: Իսկ 5-ամյա Ռիման շտապում է, թե երբ է ինքն էլ «Օրրանի» շահառու դառնալու եւ ժամանակ առ ժամանակ քրոջը խնդրում կամ ելք չունենալով կռվում է, որ իրեն էլ «Օրրան» տանի: Ամաչկոտ Ռիմայի համար միայն «ամոթ է» արտահայտությունն է համոզիչ հնչում: «Օրրանը» քաղաքապետարանի անչափահասների հանձնաժողովի հետ փորձում է Ռուզաննային վերականգնել Վանաձորի թիվ 2 դպրոցում:

Ընտանիքը երբեւէ ոչ մեկին չի դիմել օգնության համար, չի հավատում ոչ մի պաշտոնյայի: «Շատ վատ է, բայց համակերպվում ենք: Շատ եմ տեսել ու լսել, որ դիմել են, բայց անօգուտ, ավելի լավ է ես կաշվիցս դուրս գամ, քան վիզ ծռեմ ու արհամարհվեմ»,- նկատում է Հասմիկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել