Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրավիրել էր ասուլիս, ուր անդրադարձավ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակին: «Եթե այսպես շարունակվի, ապա 20 տարի անց կխոսենք ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այլ Հայաստանի դեզերվացիայի ներքին կանոնների մասին»,- ասաց նա:
Օմբուդսմենը վերլուծելով դատական համակարգը, հավելեց նաեւ, որ մեր դատարանները երբեմն մարդկանց դատապարտում են այնպիսի օրենքներով, որոնք հետագայում հակասահմանադրական են ճանաչվում. «Այսպես չի կարելի, մեր պետական կառույցները պետք է մտածեն, սա փնթիություն է եւ անտարբերություն մարդու իրավունքների նկատմամբ»: «Մի երկիր, որտեղ դատարանները տեղյակ չեն, որ այդ օրենքը հակասահմանադրական է, շարքային քաղաքացին ինչպե՞ս պետք է իմանա եւ մահից առաջ գրություն թողնի, որ դեմ է իր ներքին օրգանների օգտագործմանը մահից հետո»,- ասաց Արմեն Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի վկայակոչած մասնավոր դեպքին: Այն առնչվում էր մարդու ներքին օրգանների վաճառքին՝ նրա մահից հետո:
Հանրությանն այս օրերին հուզող գազի սակագնի հերթական բարձրացման մասին էլ ասաց. «Սա փաստում է, որ խոշոր բիզնեսը միայն ունի արտոնություններ, գոյություն ունեն Սահմանադրությանը հակասող մենաշնորհներ, որոնք ոչնչացնում են միջին եւ մանր ձեռնարկատիրությունը» եւ, ըստ նրա, այս պայմաններում արդեն երկրորդական խնդիր է դառնում՝ այդ հաշվարկը հիմնավորվա՞ծ է, թե՝ ոչ: Ա. Հարությունյանը կառավարությանը կոչ արեց խոցելի խմբում գտնվող քաղաքացիների համար սոցիալական փաթեթ մշակել:
Մարդու իրավունքի պաշտպանն անդրադարձավ նաեւ «Սիլ կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի պաշտպանների հայտարարություններին, թե նրա իրավունքները բերման ենթարկելիս եւ դրանից հետո էլ խախտվել են: Ա. Հարությունյանը նախ՝ հայտարարեց, թե այդ գործի վերաբերյալ առայժմ ոչինչ չի կարող ասել, քանի որ նախաքննություն է ընթանում, բայցեւ կարծիք հայտնեց, թե Սուքիասյանի իրավունքները պրոցեսուալ առումով չեն խախտվել: Այդուհանդերձ, նա արձանագրեց, որ սկզբնական փուլում, երբ Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրենին բերման են ենթարկել, նրանց իրավունքները խախտվել են։ Պաշտպանի ասելով, համատարած բնույթ են կրում այն դեպքերը, երբ փաստաբաններին չեն թողնում տեսակցել բերման ենթարկվածների հետ։ «Այս մասին ես անձամբ ոստիկանապետին նամակ եմ ուղարկել եւ հարց եմ բարձրացրել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, թե՝ ինքը ոստիկանապետին առաջարկել է շրջաբերական իջեցնել, «որովհետեւ այդպես է. մեր ոստիկանությունում ոստիկանապետի շրջաբերականը ավելի բարձր ուժ ունի, քան ՀՀ Սահմանադրությունը, օրենքները եւ վավերացված միջազգային պայմանագրերը: Անհրաժեշտ է, որ այդ մարդիկ հասկանան՝ ոչ թե կարգավիճակ տալուց հետո պետք է թույլ տան հանդիպել փաստաբանին, այլ հենց մարդու ազատությունը սահմանափակելուց անմիջապես հետո նա իրավունք պետք է ունենա հանդիպել փաստաբանի հետ»: Ինչ վերաբերում է նրանց բերման ենթարկելու եւ ոստիկանության տարածած հաղորդագրության ժամերի միջեւ տարբերությանը, ապա ՀՀ Օմբուդսմենի համոզմամբ, դա եւս համատարած փնթի աշխատանքի հետեւանք է։