Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՐՈՔ, ԿԱՐՈՂ Ա ՊԵՏՔ ՉԷՐ»

Փետրվար 26,2010 00:00

«Լուսինե, դատարանը դեռ իր վերաբերմունքը ցույց չի տվել»

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արիս Սիսակյանը հրապարակեց ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ Սեւակ Խաչատրյանի եւ նույն վարչության պետ Վիկտոր Պապյանի դատավճիռը: Ս. Խաչատրյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման, իսկ Վիկտոր Պապյանը՝ 8 տարի: Կալանքի սկիզբը հաշվվեց 2008թ. հուլիսի 7-ը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են 5000 դոլար կաշառք ստանալու համար: Ուշադրության արժանի էր թերեւս այն, որ դատավճռի հրապարակմանը հարկ չէր համարել ներկա գտնվել մեղադրող Ավագ Ավագյանը: Հրապարակումից անմիջապես հետո Ս. Խաչատրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դիմեց դատավորին. «Գլուխդ բարձին դնելիս մտածիր՝ ով ես դու»:

Ի դեպ, փետրվարի 12-ի դատական նիստը, որին պետք է հանդես գար պաշտպանական կողմը՝ ճառերով, իսկ մեղադրյալներն էլ օգտվեին վերջին խոսքի իրավունքից, ձախողվել էր եւ, փաստորեն, երեկ դատավորը խորհրդակցական սենյակ էր մտել առանց պաշտպանական կողմի իրավունքները հարգելու: Վերոնշյալ դատական նիստի ձայնագրառման արձանագրությունից բերենք մի հատված. «Պաշտպանական ճառի համար ձայնը տրվեց պաշտպան Ռուբեն Սահակյանին:

Այդ պահին մեկ այլ փաստաբան՝ Լուսինե Սահակյանը, հայտարարեց.

– Հարգելի դատարան, մինչ ճառերին անցնելը, մենք ձեզ ցանկանում ենք տեղեկացնել, որ մեզ հետ Սեւակ Խաչատրյանի հայրը՝ Սմբատ Խաչատրյանը, կնքել է պայմանագիր, որպեսզի մենք ներկայացնենք նրա որդու պաշտպանությունը: Մենք ասելով նկատի ունեմ ինձ եւ Երվանդ Վարոսյանին, Հրանտ Գեւորգյանին, որպեսզի մենք յուրաքանչյուրս առանձին-առանձին չասենք, խնդրում եմ լուծել մեր ներգրավման հարցը, որից հետո կանենք համապատասխան միջնորդություններ:

Նախագահողը հայտարարեց.

– Արձանագրեք, որ նախագահող դատավոր Ա. Սիսակյանի կողմից պաշտպանական ճառի իրավունքը Ռ. Սահակյանին վերապահելուց հետո, առանց նախագահողի թույլտվության, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լ. Սահակյանը հայտարարեց այն, ինչը մենք լսեցինք այստեղ:

Նախագահող Սիսակյանը հայտարարեց, որ ձայնը տրվում է Ռ. Սահակյանին:

Ամբաստանյալ Ս. Խաչատրյանը հայտարարեց.

– Հարգելի նախագահող, ես ցանկանում եմ, որպեսզի պաշտպան ներգրավվի:

Փաստաբան Լ. Սահակյանը հայտարարեց.

– Հարգելի դատարան, թույլ կտա՞ք:

Նախագահող.

– Ոչ:

Լ. Սահակյան.

– Բայց միջնորդություն եղավ, դուք պարտավոր եք քննարկել:

Նախագահող.

– Ես չեմ ասում, որ դուք իրավունք չունեք ներգրավվելու, դատարանի վերաբերմունքը դեռ ցույց չեմ տվել: Դուք իրավունք չունեք, հանեք դուրս Լուսինե Սահակյանին: Նա դատավարությանը ներգրավված չէ, հանեք դուրս:

Մոտեցան դատական կարգադրիչները, փորձեցին Լուսինե Սահակյանին ուժով դուրս հրավիրել: Լ. Սահակյանը նրանց դիմելով ասաց.

– Ձեռքդ:

Միաժամանակ, Հ. Գեւորգյանը միջամտելով ասաց.

– Ձեռքդ քաշիր:

Նախագահողը միջամտեց, ասաց.

– Լավ, Լուսինե, գոնե նստիր:

Լ. Սահակյանը հայտարարեց.

– Ես հարգում եմ իմ մասնագիտությունը, ինձ հետ կնքվել է պայմանագիր, հարգելի դատարան:

Պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց.

– Արձանագրեք, որ դատավորը կոպիտ կերպով խախտում է օրենքը, անգամ չի քննարկում միջնորդությունը, որ գոնե մերժի… Ինչո՞ւ եք ձենդ գցել գլուխներդ, այ երիտասարդ (դիմելով նախագահողին), ինչո՞ւ եք գոռում մեզ վրա:

Նախագահողը՝ Ռ. Սահակյանին.

– Ռուբիկ, Ռուբիկ…

Ռուբեն Սահակյան.

– Ես Ռուբիկ չեմ ձեզ համար, ես փաստաբան եմ, ինչո՞ւ եք գոռում մեզ՝ փաստաբաններիս վրա, ո՞ր իրավունքով»:

Ի վերջո, չներգրավելով պաշտպաններին, դատարանը ձայնը տալիս է Ռուբեն Սահակյանին, որպեսզի նա հանդես գա պաշտպանական ճառով: Ռ. Սահակյանը հանդես է գալիս հայտարարությամբ, ասելով, որ անհրաժեշտ էր վերոնշյալ պաշտպանների ներգրավումը, քանի որ իր պաշտպանյալ Ս. Խաչատրյանը հայտնել է, որ նրանք ծանոթ են եղել քրեական գործի ողջ նյութերին, անմիջականորեն մասնակցել են քրգործի ապացույցների ձեռքբերմանը, հետազոտմանը՝ մինչդատական վարույթում եւ դատական քննության ժամանակ. «Ինքնին հասկանալի է, որ իմ վստահորդի ցանկությունը հիմնավոր է, որովհետեւ ես՝ որպես նրա պաշտպան, ներգրավվել եմ դատաքննությունը ավարտվելուն նախորդող փուլում: Ես գտնում եմ, որ դա ապօրինի է ավարտված, որ դատաքննությունը ավարտված չէ»:

Դատական նիստի արձանագրության այս հատվածը ավելի ցնցող է:

Ռ. Սահակյանը հայտարարեց.

– Դատական նիստերի կարգադրիչներից մեկը այսօր, երբ ես եկա դատարան եւ բարձրացա երկրորդ հարկ, ինձ կարգադրեց իջնել առաջին հարկ: Եկա նիստը նախագահողի ընդունարան, բացեցի նախագահողի առանձնասենյակի դուռը եւ տեսնելով այնտեղ դատավոր Ա. Սիսակյանին եւ նրա սեղանին կից, սեղանի մոտ նստած սուրճ խմող, մեղադրող պարոն Ավագ Ավագյանին, թույլ տվեցի ինձ նախատել կարգադրիչին, թե ինչու է նա թույլ տալիս, որ մեղադրողն անարգել բարձրանա դատավորի առանձնասենյակ եւ միակողմանի հաղորդակցվի նրա հետ եւ ինչու մեզ թույլ չի տալիս բարձրանալ գոնե երկրորդ հարկ: Այստեղից եկա հետեւության եւ համոզվեցի, որ դատավորի եւ մեղադրողի միակողմանի հաղորդակցությունը անթույլատրելի է: Դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի նախագահը եւ տեղակալները բազմիցս փաստաբանների համար սեմինարներ են անցկացրել: Ոմանց կարող է թվալ, որ ես քինախնդրություն եմ անում, ոմանք էլ, հայկական սովորության համաձայն, կասեն՝ բա պե՞տք էր քեզ: Իրոք, կարող ա պետք չէր, բայց, ինչպես ասում են՝ համբերության բաժակը լցվեց արդեն:

Համբերության բաժակը լցվեց նաեւ երեկ, երբ դատական նիստի ավարտից հետո փորձում էի լուսանկարել ամբաստանյալներին հրաժեշտ տվող հարազատներին, դատական կարգադրիչները մոտեցան ինձ, ասելով, որ չի կարելի նկարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել