Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇՈՒՆ ՈՒ ԿԱՏՎԻ ՑՈՒՑԱԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Փետրվար 26,2010 00:00

Երեւանի քաղաքապետարանն արդեն սկսել է իր դրամահավաքը՝ շուն, կատու, կով, ոչխար եւ այլ ընտանի կենդանի ունեցողներից: Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանին բյուջեն լցնելու համար մի որոշում է կայացրել՝ պետտուրք գանձել Երեւան քաղաքում ընտանի կենդանի պահելու համար: Որքան էլ անհավանական լինի այս որոշման իրագործումը, քաղաքապետարանն արդեն թաղապետարաններին պարտադրել է ներկայացնել ցուցակներ, թե իրենց համայնքի բնակիչներից կոնկրետ ովքեր են տանը կենդանիներ պահում, որպեսզի սկսեն մեկ առ մեկ մարդկանց դռները թակել ու պահանջել 5000 դրամները: Այս օրերին մեր խմբագրություն են զանգում կենդանասեր հասարակութան ներկայացուցիչներ ու բողոքում, որ պատրաստ են իրենց շներին բաց թողնել այն պաշտոնյաների վրա, ում մտքով անցել է ընտանի կենդանուն սիրելու, տանը տեղ տալու, խնամելու համար պետական տուրք վճարել: Կենտրոն համայնքի Աղայան 9 շենքի լիազոր Ռոզա Հայրապետյանի խոսքերով՝ «ինձ զանգեցին համատիրությունից ու շատ խիստ հրամայեցին ներկայացնել մեր շենքի այն բնակիչների ցուցակը, ովքեր տանն ընտանի կենդանի ունեն: Կոնկրետ ես փողոցից 2 կատու եմ տարել տուն, կերակրել ու խնամել եմ նրանց ու, փաստորեն, ըստ քաղաքապետարանի, պետք է այդ փողոցային կատուների համար 10 հազար դրամ վճարեմ: Ինչ է, կրակն ընկա՞, որ ես խղճից թույլ մարդ եմ, չեմ կարող անպաշտպան կենդանու կողքով անտարբեր անցնել, իսկ իրենք՝ ոչ: Ես չեմ պատրաստվում ոչ մի կոպեկ վճարել կենդանու համար եւ չեմ էլ պատրաստվում որեւէ ցուցակ իրենց ներկայացնել: Ես ասացի, որ ավելի լավ է հրաժարվեմ շենքի լիազորի պարտականություններից, քան նրանց ցուցակ տամ»:

Քաղաքապետարանից «Առավոտին» խոստացան տեղեկացնել, թե ինչ պատժամիջոցներ են պատրաստվում կիրառել այսպես ասած՝ «գործ չտվող» եւ ցուցակ չներկայացնող ենթակաների նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել