Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արմագեդո՞ն» է սպասվում

Փետրվար 26,2010 00:00

2010-ը բեկումային է լինելու ինտերնետ ծառայությունների մատուցման որակի եւ գնի առումով

Որ ինտերնետն այսօր աշխատանքային հարգի գործիք է, հասկացել են անգամ Հայաստանի ամենահեռավոր գյուղի տատիկ-պապիկները, որոնք օրհնում են այն ստեղծողին, երբ on-line տեսնում են արտասահմանում բնակվող իրենց որդիներին ու թոռներին ու կարողանում «չաթ» անել նրանց հետ: Ոմանք կամաց-կամաց ընկալում են կապի այս տեսակը՝ որպես ինֆորմացիայի ստացման անսպառ շտեմարան ու, սկսած դեղերից, վերջացրած աշխատաշուկայի եւ on-line կրթությամբ, հետաքրքրվում են, պահանջում ինտերնետ: Սակայն «Արմինկո» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն այլ կարծիքի է: «Ի՞նչ կայքեր կարող է այցելել մեկը, ով ռուսերեն եւ անգլերեն լեզվին լավ չի տիրապետում: Եթե հասարակությունը գրագետ չէ, ի՞նչ կարող է քաղել ինտերնետից: Ինտերնետը չի կարող հասարակությունը զարգացնելու հիմքը լինել: Հիմքը մարդն է ու դպրոցը, ոչ թե ինտերնետը: Ֆինանսներ պետք է ներդնել ոչ միայն ինտերնետի, այլեւ հասարակության, այն է՝ մարդու մեջ: Ինչ վերաբերում է սակագներին, ապա լավ ապրանք եւ ծառայություն ստանալու համար պետք է լավ վճարել»,- ասում է Ա. Ալեքսանյանը, որը ինտերնետի խնդիրը «պատուհաս» է որակում, թերեւս նկատի ունենալով այն մեղադրանքները, որ նրա ղեկավարած ընկերությունը մանրածախ ինտերնետ ծառայության ոչ որակն է փոխում, ոչ էլ գինը, մինչդեռ 2010-ին մեծածախ ինտերնետի գինը իջեցվել է 20-30%-ով: «Թեեւ ինտերնետի գինն իջել է, մնացած ենթակառուցվածքների գները մնացել են անփոփոխ՝ հոսանքը, վարձակալվող տարածքի գինը եւ այլն»,- ասաց պարոն Ալեքսանյանը:

«ԱրմենՏել» ընկերության նախագահի մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանն այդ առնչությամբ նշեց, որ ինտերնետի զարգացման համար խոչընդոտ է մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, հայալեզու տեղեկատվական բովանդակության՝ կայքերի բացակայությունն ու սպառողների փոքր քանակը:

Ա. Ալեքսանյանի կարծիքով, պետք է շատ լուրջ գումար ներդնել եւ Եվրոպայից կապուղի վարձակալել: Հաջորդ քայլը պետք է լինի հասարակության անգլերեն լեզվի մակարդակի բարձրացումը, ինչը կնպաստի անգլալեզու կայքեր այցելողների թվի աճին: Ինտերնետ օգտագործողների կարծիքով, մեծածախ եւ, բնականաբար, նաեւ մանրածախ ինտերնետի գները պետք է աստիճանաբար ավելի նվազեն՝ անկախ ընդհանուր օգտագործողների քանակից, իսկ որակը՝ անհամեմատ լավանա: Համենայնդեպս, իշխանությունը ոլորտի զարգացման խոստումներ է տալիս, քանի որ գոնե այս կառավարությունը ամենայն լրջությամբ է հասկանում, որ ինտերնետը փոթորիկ կարող է լինել տնտեսական հեղափոխության համար:

Եկեք ինտերնետային բիզնեսի տրամաբանությունը պարզ պատկերացնենք, եւ որպես բացատրական փորձարկվող ճագար վերհիշենք գործառույթներով անհամեմատելի, բայց վաճառողների գործելաոճով շատ նման բջջային հեռախոսի օրինակը: Հիշո՞ւմ եք, թե ինչ արժեր ձեր բջջային հեռախոսի քարտը 5 տարի առաջ, ի՞նչ արժեր 1 րոպե խոսելաժամանակը 2005-ին: Իսկ ի՞նչ արժեն դրանք հիմա: Եթե անգամ հաշվի առնենք դրամ-դոլար սակագնային տարբերությունը, հասկանալի՞ է, թե ինչքան էին ձեզ այն ժամանակ «քցում», պատճառաբանելով, թե սա է դրա ինքնարժեքը: Նույնն է եւ ինտերնետի պարագայում: Պարզ է, որ բոլոր, այդ թվում եւ ինտերնետ-դաշտում եղանակ ստեղծող մասնավոր ընկերությունները, հատկապես մինչեւ մենաշնորհի վերացումն ու գնային փոփոխությունները, առաջարկում էին այդ ծառայությունները՝ «իրենց մատից հոտ քաշելով»:

Ա. Բեղլոյանի ձեւակերպումը, թե «Ոչ մի կոմերցիոն ձեռնարկություն ի վնաս չի աշխատի», իհարկե, աքսիոմա է, պարզապես եկեք չափենք օգուտի հնարավոր սահմանագիծը, որը, ի դեպ, հօգուտ սպառողի վերանայվեց վերջերս՝ սահմանելով մեծածախ ինտերնետի 1 ԳԲիթի գինը 174 000 դրամ: Սա 50%-ով ավելի քիչ է, քան վճարում էինք անցյալ տարի մեծածախ ինտերնետի համար:

Պարզ է, որ տեղեկատվական տեխնո լոգիաների ոլորտը լուրջ ներդրումներ է պահանջում՝ համակարգչից մինչեւ անտենա ու մալուխ: Ոլորտի մասնագետների հավաստմամբ, ամենալուրջ խնդիրներից է՝ ինչպես կառավարության «Համակարգիչ բոլորին» ծրագրի բարելավումն ու շարունակականությունը, այնպես էլ հայկական դատակենտրոնի ստեղծումը: Սա ինֆորմացիոն շտեմարան է, որ կարող է org, com. de. fr.ru. եւ այլ դոմեյններից ինֆորմացիան պահել իր մեջ եւ այն ավելի արագ տրամադրել տեղացի օգտագործողին, բնականաբար նպաստելով ծառայության գնի անկմանը: Նշենք, որ ինտերնետ կապուղիների տերերից մեկը խոստանում է ստեղծել այն:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուսադրում է, որ 2010-ը բեկումային է լինելու ինտերնետ ծառայությունների մատուցման որակի եւ գնի առումով: Այսինքն, ինտերնետն ավելի հասանելի ու մատչելի է դառնալու անգամ հեռավոր մարզերում, այնքան մատչելի, որ մոտ ապագայում Հայաստանը դառնալու է տարանցիկ երկիր եւ ինտերնետ է արտահանելու Իրան եւ Թուրքիա: Նրանց խոսքը գործ կդառնա, թե՝ ոչ, դեռ կտեսնենք, մանավանդ որ, բոլորն ուզում են տեսնել պետության կողմից երաշխավորված առողջ մրցակցություն: Այսպես թե այնպես, ինտերնետի բիզնեսով զբաղվող ընկերությունների այսօրվա դաշտում «արմագեդոն» է սպասվում: «Խոշորացման վտանգ կա,- ասում է Ա. Ալեքսանյանը:- Ինչպես որ ծովի մեծ ձկները սկզբում մանր ձկներին կուտեն, ապա՝ իրար: Սա նշանակում է, որ չեն թողնում, որ մանր ձկներն աճեն»:

Իսկ ընդհանրապես, ինտերնետ օգտագործողների թիվը վերջին 2 տարվա ընթացքում 6 անգամ ավելացել է: Այս տարվա վերջին այն կավելանա եւս 2,5 անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել