Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐ, ՆՎԵՐ ՄԻ ԸՆԴՈՒՆԵՔ

Փետրվար 26,2010 00:00

\"\"Հակառակ դեպքում կզրկվեք աղքատության նպաստից

Տարեցտարի մեր երկրում ընտանեկան նպաստառուների, այսպես ասած, աղքատության նպաստ ստացողների թիվը կրճատվում է: Մեր երկրի՝ սոցիալական ոլորտի պատասխանատուներն այդ հանգամանքը պատճառաբանում են աղքատության ցուցանիշի նվազմամբ: Ընդ որում, ժամանակ առ ժամանակ նպաստների հաշվարկման կարգն էլ խստացնում են եւ աղքատների միջից ընտրում առավել աղքատին եւ նպաստ նշանակում:

«Առավոտը» քաղաքացիներից պարբերաբար դժգոհություններ է ստանում այն մասին, որ, ասենք՝ նվեր են ստացել գունավոր հեռուստացույց, ինչի համար համարվել են ունեւոր եւ նպաստից զրկվել են: Կամ՝ ընտանիքը 1 կով է ձեռք բերել եւ ցուցակից դուրս է թռել: Ինչ պետք է ունենա աղքատ ընտանիքը կամ ինչ պետք է չունենա, որպեսզի ընգրկվի նպաստառուների ցուցակում: Այս հարցի շուրջ պարզաբանում խնդրեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Որոշելու համար, թե տվյալ ընտանիքը կարո՞ղ է նպաստ ստանալ, թե՝ ոչ, հաշվարկվում է ընտանիքի ունեցած եկամուտը եւ համեմատվում կենսապահովման նվազագույն բյուջեի հետ, եթե բյուջեն պակասում է, ուրեմն պետք է այն լրացնել նպաստով: Մեզ հետ զրույցում այսպես բացատրեց նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ աղքատների միջից ամենաաղքատ ընտանիքները զտելը լավագույն տարբերակն է. «Բացի այն, որ բյուջեն է սուղ, մեկ այլ հանգամանք էլ կա, ասում են՝ այս ժողովրդին դարձրեցիք մուրացկան, աշխատանք տվեք, ոչ թե նպաստ, իսկ աղքատության վերլուծությունները ցույց են տալիս, որ խոցելի խմբերից մեկը գործազուրկ ունեցող ընտանիքն է: Եթե, ասենք, 7 հոգանոց ընտանիք է, ու բոլորն էլ չափահաս են, ուրեմն նպաստի մասին պետք է մոռանան: Հնարավոր է դա ամենաաղքատ ընտանիքը լինի, բայց սոցիալական աջակցության ամենապասիվ ծրագրից նա օգտվել չի կարող: Այստեղ պետք է աշխատանքի տեղավորման գործակալությունը եւ այլ ծրագրեր աշխատեն»:

Ամենաաղքատներին հայտնաբերելու համար «Փարոսի» աշխատակիցները տնային այցելություններ են կատարում: Եթե նրանք հայտնաբերեն, որ նպաստառուն մի նոր հեռուստացույց, խոշոր եղջերավոր անասուն, ավտոմատ լվացքի մեքենա ունի կամ ամառային սեզոնին պահածո է փակում, ապա նպաստից զրկվելու հավանականությունը մեծ է: Եթե անգամ այդ լվացքի մեքենան ու հեռուստացույցը նվեր են ստացել, արդարացում չէ՝ սոցիալական ծառայության աշխատակիցները գտնում են, եթե «կողքից» օգնող կա, ուրեմն ընտանիքը չի կարող նպաստառու լինել:

Ա. Մինասյանի խոսքերով, ճշտել՝ նվե՞ր է, թե՝ ոչ, դժվար է. «Պետք է կոնկրետ ընտանիքում ստուգվի, եթե ազգականը մշտապես գնում է Ամերիկա եւ ստիպված հեռուստացույցը նվիրել է, մենք դա կհամարենք օգնություն: Իսկ եթե դա իրականում օգնություն չէ, մի բան էլ հարեւանին վկա է բերում, իբր դու ինձ վկայություն տուր, ես էլ՝ քեզ, դա հավաստի չէ: Տվյալ պահին այդ ընտանիքի ծախսերն ու եկամուտն ենք հաշվարկում, համեմատում տվյալ համայնքում ովքեր են ավելի վատ ապրում ու ընտրություն կատարում»: Տիկին Մինասյանի հավաստմամբ՝ պատահում է, որ նպաստառու ընտանիքները փորձում են թաքցնել եղածը. «Օրինակ՝ տնային այցելության ժամանակ հեռուստացույցը չկա, բայց պուլտը դրված է սեղանին, անասունին չեն տեսնում, բայց դեզ ու աթար կա: 1 կովն ամսական 4000 դրամ եկամուտ է տալիս, եթե ընտանիքը 8 հոգանոց է եւ անչափահասներ կան, գուցե ընդամենը նպաստի չափի փոփոխություն լինի: Նախ իրենք նախապես պարտավորվում են չխոչընդոտել սոցիալական աշխատողների աշխատանքին եւ չթաքցնել եկամուտը, իսկ եթե հայտնաբերվի, որ, ասենք, նպաստ ստանալու ընթացքում կովը թաքցրել են, ուրեմն խաբել են, ապա կզրկվեն նպաստից»: Բայց հնարավոր է ընտանիքն ունի հին ավտոմեքենա, եւ ստուգումների ընթացքում պարզվում է, որ այն օգտագործվում է հազարից մեկ՝ տան հիվանդ անդամին բժշկի տանելու համար, ապա «Փարոսի» աշխատակիցները բարեգութ կգտնվեն եւ նպաստից չեն զրկի: Բացի «Փարոսի» աշխատակիցներից, մի քանի օղակներից հարցում է կատարվում եւ ճշտվում, իրականում տվյալ ընտանիքը ծայրահեղ աղքա՞տ է, թե՞ լավ էլ ապրում է, այնուհետեւ սոցիալական աշխատակիցների խումբը որոշում է կայացնում՝ նպաստ տա՞լ, թե՝ չտալ, կամ էլ՝ նպաստի ծավալը նվազեցնե՞լ, թե՝ ոչ: «Ընդհանրապես, նման որոշում կայացնելն անշնորհակալ գործ է: Շատ են խոսում, որ այստեղ կոռուպցիա կա: Գուցեւ, ես ոչինչ չեմ բացառում: Բայց եթե լինում են նման դեպքեր, ապա կոնկրետ օրինակով այն ուսումնասիրել է պետք»,- ասաց Ա. Մինասյանը:

«Առավոտը» նախարարության աշխատակցին մեկ օրինակ բերեց, երբ միայնակ, չաշխատող մորն ու անչափահաս որդուն զրկել են ընտանեկան նպաստից, ինչ է թե՝ կնոջ եղբայրը, որպես օգնություն, ջրատաքացուցիչ (հեյզեր) է նրա բնակարանում տեղադրել: Ա. Մինասյանն այս առնչությամբ ասաց. «Եթե նման օգնություններն իսկապես մեկ-մեկ են լինում՝ ուշադրություն չենք դարձնի»: Ստացվում է, որպեսզի ընտանիքը միջին ծավալի՝ մոտ 22 հազար դրամ նպաստ ստանա, պետք է հարազատներից նվերներ չընդունի, երբեք պահածոներ չպատրաստի, քանի որ եթե կենսապահովման նվազագույն զամբյուղով թույլատրելի է, ասենք, մի քանի տարա ծիծակ պահածոյացնել, ապա ծայրահեղ աղքատներին՝ դա չի թույլատրվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել