Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բեռը՝ տոնավաճառի տիրոջ վրա

Փետրվար 26,2010 00:00

«Երկրի առեւտրի գերակշիռ մասը ցույց է տրվում տոնավաճառների միջոցով, եւ սա անհանդուրժելի է: Մենք չենք կարող խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, եթե մի մեծ խողովակ կա, որով այն շրջանցում է մեր օրենսդրությունը: Մենք պետք է հետեւողական լինենք այս հարցում»,- երեկ կառավարոթյան նիստում ոսկու շուկայի առեւտրականների բարձրացրած խնդիրների շուրջ մտահոգություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով՝ «Մեր ռազմավարությունը ենթադրում էր, որ բեռը մենք դնելու ենք տոնավաճառի կազմակերպիչների վրա: Դա հստակ դիրքորոշում էր: Բոլոր ծախսերը պետք է հոգային տոնավաճառի ղեկավարները, ստեղծեին աշխատանքային պայմաններ անհատ ձեռներեցների, փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, որպեսզի նրանք կարողանային նորմալ աշխատել: Տոնավաճառի ղեկավարները պետք է ՀԴՄ-ները տեղադրեին իրենց սեփական միջոցների հաշվին, ստեղծեին ցանցեր, որոնք միացված լինեին տեղեկատվական տվյալների բազաներին»:

«Վաղարշ եւ որդիներ» տոնավաճառի պատմությունից վարչապետը հասկացել է, որ ոչ թե առեւտրականները չեն ուզում հարկ վճարել ու դրա համար են ցույցեր անում, այլ՝ տոնավաճառի կազմակերպիչներն են նրանց դրդում այդ քայլին դիմել. «Մենք խստապահանջ ենք լինելու տոնավաճառի կազմակերպիչների նկատմամբ: Փորձ է արվում ֆինանսական բեռը նորից դնել փոքր եւ միջին բիզնեսի վրա, տոնավաճառի կազմակերպիչների կողմից բազմաթիվ վճարներ են սահմանվում ծառայության դիմաց եւ դրանք գանձվում են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներից, ինչը, կարծում եմ, անթույլատրելի է, եւ ինչն էլ, ըստ էության, ընկած է տոնավաճառում աշխատողների բողոքի եւ դժգոհության հիմքում: Մարդիկ պատրաստ են վճարել այնքան հարկ, որքան որ իրենք վճարում էին: Բայց եթե տոնավաճառի կազմակերպիչները նրանցից լրացուցիչ գումար են գանձում, բնականաբար, դա ազդում է նրանց ֆինանսական գործունեության արդյունքների վրա»: Վարչապետը Պետեկամուտների կոմիտեին հանձնարարել է հսկողության տակ պահել տոնավաճառների կազմակերպիչների գործառույթները եւ խստապահանջ լինել նրանց նկատմամբ:

Վարչապետը որոշել է խստապահանջ լինել նաեւ նախարարությունների աշխատակազմի ղեկավարների նկատմամբ. «Մենք այլեւս չենք հանդուրժելու աշխատակազմի այնպիսի ղեկավարների, ովքեր պարբերաբար խախտում են թույլ տալիս: Ցավով պետք է նշենք, որ այդպիսի դեպք արդեն արձանագրել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Աշխատակազմի ղեկավարը ստացել է նկատողություն՝ աշխատանքը ոչ պատշաճ կազմակերպելու, նախարարի հանձնարարականները չկատարելու, ծրագրերը տապալելու համար»: Վարչապետը, խիստ նկատողությունից բացի, որոշել է ազատել տալ նրան աշխատանքից՝ պատճառաբանելով, որ եթե այդպես խիստ չվարվեն՝ 2010-ի ծրագրերը չեն կարողանալու ավարտել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել