Ոսկու շուկայի աշխատակիցները հույսն ու հավատը կորցրել են, որ իրենց հարցը կլուծվի
Երեկ ՀՀ նախագահի նստավայրից վերջապես որոշել են արձագանքել «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցների՝ արդեն 8 օր շարունակվող բողոքի ակցիաներին: Նախագահականից ցուցարարներին խոստացել էին պատասխան տալ, սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ ոչինչ չեն ասել: «Առավոտի» հարցին էլ ի պատասխան, նախագահականի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դրանով զբաղվում է նախագահականի նամակների բաժինը, եւ որ իրենք տեղյակ չեն այդ հարցից:
«Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի գրեթե բոլոր աշխատակիցները մեկ շաբաթից ավելի է՝ առեւտուր չեն անում, փոխարենը բողոքի երթեր են կազմակերպում: Առեւտրականները երեկ էլ ցույցի էին դուրս եկել հենց ոսկու շուկայի դիմաց, սակայն, ինչպես «Առավոտին» հայտնեցին շուկայի աշխատակիցներից մի քանիսը, հավաքը երկար չի տեւել, քանի որ նրանց խանգարել են ոստիկանները: Այդ իսկ պատճառով ոսկու շուկայի աշխատակիցներից ընդամենը մի քանիսն էին մնացել շուկայի շենքի բակում: Մնացածը հաստատության ներսում էին հավաքվել: Մեր այցելության պահին շուկայի տաղավարներից մի քանիսը ապրանքները շարել՝ փորձում էին առեւտուր կազմակերպել, մի քանիսն էլ դատարկ տաղավարների հետեւում ուղղակի նստել էին: Այն առեւտրականները, որոնք իրենց տաղավարները բացել էին, մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց առեւտուր անելն ամենեւին էլ չի նշանակում, որ իրենք հաշտվել են իրավիճակի հետ, պարզապես յուրաքանչյուրը ընտանիք է պահում, ու սննդի փող պետք է հասցնի: Բացի այդ, առեւտրականների խոսքերով, շատերը բանկերից բարձր տոկոսներով վարկեր են վերցրել եւ այսօր փաստի առաջ են կանգնել: Պետրոս անունով աշխատակցի խոսքերով էլ. «Ոչ, մենք այսպես ուզում ենք ցույց տալ, որ այս ամենը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի»: Մենք նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ առեւտուր արե՞լ են, թե՝ ոչ. «Չէ հա, ինչ առեւտուր: Յանի էն ժամանակ շատ էինք առեւտուր անում, որ հիմա անենք»:
Ոսկու շուկայի մեկ այլ աշխատակցի՝ Գայանեի խոսքերով էլ, իրենք արդեն հույսները կորցրել են. «Մեզ ասել են, որ դադարեցնենք ակցիաները, քանի որ Հայ ազգային կոնգրեսը մարտիմեկյան հանրահավաք է անելու, սակայն դա մեզ հետ ի՞նչ կապ ունի: Սակայն հնարավոր է, որ մարտի 1-ից հետո էլ սկսենք գործադուլը, եթե, իհարկե, ոչինչ չփոխվի: Էլի ենք ասում, մենք հարկերից չենք փախչում, ոչ էլ գույքագրումից, այլ այն տեռորից, որը մեր նկատմամբ ուզում են կիրառել: Մենք չենք կարող մեր շրջանառության 11%-ը վճարել»: