Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՀԱՐԿԱԽԵՂԴ ԵՆ ԱՆՈՒՄ

Փետրվար 26,2010 00:00

Երեկ բողոքի դուրս գալու հերթը Գյումրիի մանր ու միջին ձեռնարկատերերինն էր

\"\"Չնայած գործարարները նախապես իրազեկված էին բողոքի ակցիայի մասին, սակայն ոչ բոլորն էին համարձակվել ներկայանալ Գյումրիի Տեքստիլագործների ակումբի դիմաց ու իրենց դժգոհությունը հայտնել հարկային վարչարարության դեմ: Բողոքի էին դուրս եկել ընդամենը հինգ-վեց հոգի: Անհատ ձեռնարկատերերին ահաբեկելու գործում մեծ դերակատարություն էր ունեցել Ազգային անվտանգության ծառայությունը, որը նկարահանման էր ուղարկել մի երիտասարդի: Վերջինս էլ, ներկայանալով որպես «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատոր, մինչեւ վերջ ուղեկցեց բողոքավորներին՝ հատ-հատ ֆիքսելով նրանց խոսակցությունները: (Մենք էլ ֆիքսել ենք այդ երիտասարդին, տե՛ս լուսանկարում՝ աջից վերջինը): Բողոքավորներին հսկում էին նաեւ Շիրակի մարզային ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները: Չնայած ստալինյան մեթոդներին՝ հավաքվածներն անկաշկանդ ներկայացրեցին իրենց դժգոհությունները: Դրանցից ամենաարտառոցը Գյումրիում գործող 13-ամյա լիմոնադի արտադրամասի տիրոջ՝ Արտաշես Առաքելյանի բողոքն էր: Վերջինիս ցնցված էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի այն կետից, համաձայն որի՝ ջրեր, հյութեր արտադրողները հունվարի 1-ից պարտավորվում են կամ ծախսաչափային հանգույց տեղադրել, կամ ընդհանրապես դադարեցնել իրենց գործունեությունը: «Հունվարի 1-ի դրությամբ հարկայինից ծանուցում ստացա, թե կդադարեցնենք ձեր աշխատանքը, քանի որ պարտավորվում եք ծախսաչափ տեղադրել. դիմեցի հարկային, գնացի Երեւան՝ չափագիտական կենտրոն, ոչ ոք տեղյակ չէր, թե ինչի մասին է խոսքը: Անգամ ինտերնետում փնտրեցի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սարքը, սակայն պարզվեց՝ այդպիսի սարք գոյություն չունի: Գոնե իմանայի, թե դա ինչ է»,- դժգոհեց գործարարը՝ տեղեկացնելով, որ Գյումրիի 25-30 լիմոնադի արտադրամասեր այդ անհեթեթ պահանջի պատճառով փակման վտանգի տակ են:

Գործարարը նաեւ դժգոհեց, որ եթե ինքը համարձակվի աշխատել առանց ծախսաչափի, ապա ստիպված կլինի մեկ միլիոն դրամ տուգանք մուծել: Այսպիսի զավեշտալի օրենքի ընդունումը հյութեր ու ջրեր արտադրողներին ենթադրելու տեղիք է տվել, թե այս կերպ փորձում են փակել իրենց բիզնեսը՝ օլիգարխներից մեկին ոլորտում մենաշնորհային դիրք ապահովելու նպատակով:

Ոչ պակաս զայրացած էին խանութատերերը: Նրանք սպառնում էին հեռանալ երկրից, եթե կառավարությունը չմտածի հարկային վարչարարությունը մեղմելու մասին: «Հերիք չեղա՞վ, օրական մի հարկ ավելացնում են, չգիտես որ հարկը որտեղից հանես՝ ում տաս, ինչ անես: Հարկերը պարտաճանաչ մուծել ենք, բայց հիմա էլ մի նոր հաշիվ են ներկայացրել՝ տարեկան եկամուտի 11%-ը, չհաշված 1%-ը արդեն մուծել ենք: Հեչ չես հասկանում՝ ինչ հարկեր են դրել: 150000 դրամ նորից մուծում պետք է անենք, այլապես մեր օբյեկտը կփակեն: Դրանք տարբեր հարկերից ստացված տարբեր եկամուտների տոկոսներն են: Նոր փողեր են հավաքում, բյուջեն դատարկ է՝ իրենց ասելով: Բայց իմ մեղքը ո՞րն է, որ բյուջեն դատարկ է, իրենք փողերն ուտեն, ես վճարե՞մ: Վարչապետը հույսը դրել է մեզ վրա, բայց հարկախեղդ անելով փակում է մեր բիզնեսը»,- ասում էր խանութի տերերից մեկը, ով ոսկու շուկայի աշխատակիցների «օրին» չընկնելու համար խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը: Խանութի տերերից մեկն էլ դժգոհեց տեղական տուրքերից, ըստ նրա՝ աբսուրդ է, որ իր 18 քառ. մետրանոց խանութը ալկոհոլի ու ծխախոտի վաճառքի համար այնքան գումար պետք է մուծի, որքան սուպերմարկետները: «Հարկային բեռն այնպես են «թեթեւացրել» մեր իշխանավորները, որ խորտակվել-պրծել ենք, հանկարծ մի բան էլ էն չխոսես, ուրիշ հարկատեսակով կգան ու կսկսեն ճնշումները, բայց որտեղի՞ց բերենք, դրսից բերե՞նք, որ օլիգարխների պարտքերը փակենք: Անընդհատ սթրեսի մեջ ենք, մեր շահերը պաշտպանելու փոխարեն, ամեն քայլափոխի ոտնահարում են, ի՞նչ են ուզում, էսպիսի սխալ հարկային քաղաքականությամբ երկիր չեն կառուցում, եթե 28 կազմակերպություն միանգամից մի խանութից փող է տանում, ո՞ւր ենք հասնելու»,- դժգոհում էին գործարարները:

Լսեցինք նաեւ Գյումրու հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանին: Խանութի տերերի բողոքների հետ կապված պարոն Մաշադյանը պարզաբանեց, որ 11% դրույքաչափով հարկատեսակը նորություն չէ, եւ դրանով նախատեսվում է հարկային գործակալների կողմից հարկի հաշվարկի վճարում՝ չհիմնավորված ձեռքբերումների մասով։ «Դա «Եկամտահարկի մասին» օրենքով նոր բան չէ, 11% դրույքաչափը փոխվել է 2009թ.-ի հունվարի 1-ից, նախկինում «Եկամտահարկի մասին» օրենքով նախատեսված է եղել նույն հարկատեսակը, պարզապես դրույքաչափի փոփոխություն է տեղի ունեցել: 11% եկամտահարկի վճարումը համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ, եթե այդ եկամտահարկը վճարվում է, այսինքն՝ համարում ենք, որ տվյալ տնտեսվարող սուբյեկտը փաստաթղթով ապրանք է ձեռք բերել»,- ասաց հարկայինի պետը: Նա նաեւ հավելեց, որ պարտաճանաչ, նորմալ հարկատուները իրենց հետ սովորաբար ոչ մի խնդիր չունեն, իսկ հարկայինից վախենում ու դժգոհում են նրանք, ովքեր որոշել են ինչ-որ բան թաքցնել, ասենք՝ ապրանքների ձեռք բերման աղբյուրները, իրացման ծավալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել