Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՎՈՏԻՆ գրելու օրս…

Փետրվար 26,2010 00:00

Մի օր մի լրագրողուհի, այնուհետեւ ուրիշները նույնպես. հարցնում էին՝ թե ինչո՞ւ եմ ես՝ մտավորականս, փոփոխվող բոլոր իշխանությունների հետ ներդաշնակ. անմիջապես ասեմ, որ այդ տեսակետին ես համաձայն չեմ, քանի որ այն ճիշտ չէ: Հարցնողներից եւ ոչ մեկը չգիտեր, որ իմ ծնողների վեց զավակներից ավագս՝ մեն-մենակ եկա Երեւան, որ համալսարան ընդունվեմ, եւ եկա Ջավախք՝ գրեթե անհայտ անունով մի երկրից, ուր մինչեւ հիմա էլ կանգնած են 10-12 հազար տարվա հնության ֆալոսների արձաններ, եւ եթե կարելի է ասել, որ ես եկա մի երկրից, ուր հնագույն ֆալոսների արձանները խնկարկվում էին՝ ինչպես հին խաչքարերը, եւ ուր կարմիր-կանաչ կիրակիներին կանայք եւ աղջիկները ուխտի էին գնում՝ ֆալոսներին եւ խաչքարերին…

Մտածում էի, որ ԱՌԱՎՈՏԻ իմ համեստ սյունակը այդ մասին կլինի, բայց օրն իր անակնկալներն ունի, երբ քո միտքը ակամայից շեղվում է եւ ընթանում լրիվ այլ ուղղությամբ: Ու անակնկալը հայտնվեց. եւ, այո՛, երիցս ճիշտ է այն, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի, եթե միայն նա իրեն չի համարում մարդկանցից լավագույնը… Եվ օրս շարունակվեց տիկին Հասմիկի, Արամ ընկերոջս հետ, երբ զրույցի թեման Աշոտ Նավասարդյանն էր, մարդ, որ իրեն ոչ ոքից վեր չդասեց եւ ծառայեց զինվոր՝ իր հայրենիքին… Ես գիտեմ, որ ամեն մարդ ճշմարտությունը փնտրելու ճանապարհին իր ճշմարտությունն է գտնում, որն օգտակար է իրեն, բացի մեծերից՝ Մաշտոցից մինչեւ Հրանտ Մաթեւոսյան: Եվ ես մեծերի մասին մտածելով ու փորձելով հասկանալ նրանց ճշմարտությունը՝ մտա Պոպլովոկ սրճարան, որտեղ ինձ մի ժամ սպասելուց հետո, նեղացած՝ հեռացել էր Հակոբ Սողոմոնյան ընկերս: Այնուհետեւ եղավ՝ ինչպես սովորաբար լինում է. հանդիպեցի գրքերի թագավոր իմ Խաչիկ ընկերոջը, հանդիպեցի Հայկին ու Վահանին, ովքեր վերադարձել էին Ուջանից՝ Անդրանիկ զորավարի ծնունդին այցելած… Հետո, ավելի ուշ, քանի որ ժամանակ այլեւս չէր մնացել, զանգեցի Արամ Աբրահամյանին ու գնացի տուն: Հասա տուն ու կարծես թե առնչվեցի մեծերի գտած ճշմարտությանը, ովքեր ոչ թե խոնարհվում էին ժամանակի իշխանավորների առջեւ, այլ սեփական ազգն ու պետականությունն էին պահպանում եւ հարգում էին թագավոր:

Գուցե ես պատասխանեցի լրագրողների համառ հարցերին, չգիտեմ… Բայց մի բան հաստատ գիտեմ. ես փորձում եմ գնալ մեծերի նախաստեղծ ճանապարհով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել