Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ 2011-Ի ՀՈՒՆՎԱՐԸ ԲՈԼՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՊԻՏԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՆ

Փետրվար 26,2010 00:00

\"\"Այն բանից հետո, երբ շուտով ուժի մեջ կմտնի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը:

Ծանոթներիցս մի քանիսը, որոնք անձնական մեքենաներ ունեն՝ մի քանի անգամ նախապես հետաքրքրվել էին, թե արդյոք ԱԺ-ն արդեն ընդունե՞լ է այն օրենքը, ըստ որի՝ բոլոր ավտոմեքենաները պիտի պարտադիր ապահովագրվեն: Անկասկած լայն շրջանակի վերաբերող օրենքի այս նախագիծը, որը հեղինակել է կառավարությունը՝ խորհրդարանը սկսեց քննարկել երեկ: «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը 50 էջից ավելին է: Ուստի այդ նախագծից կներկայացնենք միայն այն դրույթները, որոնք առավել հետաքրքրական կլինեն ավտոմեքենաների սեփականատերերի համար: Թեեւ այն հաստատ կարեւոր կլինի նաեւ Հայաստանի տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց համար, քանի որ նրանց պատճառված վնասները փոխհատուցվելու են այս օրենքի համաձայն:

Ըստ օրինագծի՝ Հայաստանի ճանապարհներով երթեւեկող ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր ապահովագրման: Եվ առանց ապահովագրական ընկերության հետ «ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության» պայմանագրի՝ արգելվում է ՀՀ տարածքում ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Արգելվում է նաեւ առանց այդ պայմանագրի մասին կտրոն ներկայացնելու՝ ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը: Ընդհանրապես՝ այս կտրոնն էլ «պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում պետք է փակցված լինի ավտոտրանսպորտային միջոցի վրա»:

Այդ պայմանագրով պիտի փոխհատուցվեն տուժողին պատճառված անձնական վնասները (առողջությանը պատճառված վնասները եւ դրանց հետեւանքով կորցրած աշխատավարձը ու դրան հավասարեցված այլ վճարները, ինչպես նաեւ տուժողի մահը) եւ գույքային վնասները: Ի դեպ, առողջությանը պատճառված վնասների հետեւանքով առաջացած ծախսեր են համարվում տուժողին բժշկական օգնություն ցույց տալու եւ առողջության վերականգնման հետ կապված բոլոր ծախսերը՝ դեղեր, կողմնակի խնամք, առողջարանային-կուրորտային բուժում, լրացուցիչ սնունդ եւ այլն: Ապահովագրական ընկերությունը պիտի հատուցի նման «անհրաժեշտ, հիմնավորված եւ փաստացի ապացուցված ծախսերը»:

Ապահովագրման պայմանագիրը կնքվելու է 3-12 ամիս ժամկետով. ըստ այդմ՝ ամեն տարի սեփականատերերը պետք է վերստին ապահովագրեն ավտոմեքենան: Պայմանագիրը կարող է միակողմանի դադարեցվել ապահովագրական ընկերության կողմից, եթե դրա «գործողության ընթացքում տեղի է ունեցել առնվազն 3 ապահովագրական պատահար, եւ դրանց համար վճարված ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը գերազանցում է 6 միլիոն դրամը»:

Ապահովագրական գումարն անձնական վնասների համար չպետք է 1 պատահարի համար պակաս լինի 4 000 000 դրամից՝ ըստ յուրաքանչյուր տուժողի, եւ գույքային վնասների համար՝ 2 000 000 դրամից:

«Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդը իրավունք ունի ապահովագրական պատահարը տեղի ունենալու օրվանից եռամսյա ժամկետում դիմելու վնաս պատճառած անձի (ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ) պատասխանատվությունը ապահովագրած ապահովագրական ընկերությանը»,- սահմանված է օրինագծում: Ապահովագրական ընկերությունը դիմումը ստանալուց հետո որոշում է ընդունում փորձաքննություն նշանակելու մասին. «Փորձաքննության անցկացումը չպետք է 1 ամսից ավել տեւի»: Փորձաքննության ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունը ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին: Ընկերությունը ապահովագրական հատուցումը վճարում է որոշումը ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Այդ ժամկետն իր մեղքով չպահպանելու դեպքում ապահովագրական ընկերությունը տուժողին կամ նրա իրավահաջորդին «վճարում է հատուցման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով տույժ՝ յուրաքանչյուր կետանցված օրվա համար»: Նշենք նաեւ, որ «անձի առողջությանը պատճառված վնասի համար ապահովագրական հատուցումը վճարվում է անմիջապես բժշկական հաստատությանը»: Այսինքն՝ այս օրենքով սահմանվում է ապահովագրության այն տեսակը, որը պարտադիր է Եվրոպայի բոլոր երկրներում:

Պարտադիր ապահովագրման պահանջը չի տարածվում, ասենք, հետեւյալ վնասների հատուցման համար՝ «ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասներ», «ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող անձանց մահ, առողջությանը կամ նրանց պատկանող գույքին պատճառված վնասներ»:

Այս օրինագծով տուժող չեն համարվում եւ ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չեն օգտվում վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, «այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ»:

Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնասը պատճառած անձի նկատմամբ, եթե նա պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ նյութերի ազդեցության ներքո կամ «առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը, կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց», նաեւ, երբ «չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք», կամ «ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն» եւ այլն: Հետադարձ պահանջի իրավունքը կարող է կիրառվել նաեւ «ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն իրականացրած կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի տեղի ունենալն անմիջականորեն կապված է տեխնիկական զննության թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետ»:

Նշենք նաեւ, որ ըստ այս օրենքի՝ Հայաստանում ստեղծվում է «ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ընկերությունների բյուրո», որն իրավաբանական անձանց միություն է եւ հիմնադրվում է Կենտրոնական բանկի կողմից:

Անցումային դրույթների համաձայն՝ 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում հաշվառված, հաշվառման ենթակա ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են ունենալ այս օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր:

Երեկ պատգամավորներին միայն ներկայացվեց այս օրինագիծը: Քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել