Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԺԻՉ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ

Փետրվար 26,2010 00:00

\"\"Երեկ նախկին քաղբանտարկյալներն այսպես որակեցին հայաստանյան դատաիրավական համակարգը

Երեկ «Քաղբանտարկյալների կանայք» հ/կ-ին «Քաղաքական հալածանքները Հայաստանում. հայացք ներսից» թեմայով քննարկում էր նախաձեռնել, որի ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնականում երկու խնդրի՝ հայաստանյան դատաիրավական համակարգին, քրեակատարողական հիմնարկներում առկա պայմաններին: Դրանց մասին խոսեցին հիմնականում իրենք՝ հիշյալ համակարգերի հետ մեկուկես տարի անմիջական շփումների փորձ ունեցող նախկին քաղբանտարկյալները՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Գրիգոր Ոսկերչյանը, «Շուշիի» հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նրանք բոլորն էլ նաեւ իրենց անձնական փորձից ելնելով մի ընդհանուր եզրահանգում արեցին. այսօր Հայաստանում դատաիրավական համակարգն ու քրեակատարողական հիմնարկները ծառայում, սպասարկում են իշխանություններին, առաջնորդվում են նրանց հրահանգներով, այդ համակարգերը վերածվել են հանցավոր խմբի, որը բացառապես պատժից գործառույթներ է իրականացնում: Պ. Մակեյանն էլ խոսեց կալանավայրերում տիրող սանիտարահիգիենիկ խայտառակ վիճակի, այնտեղ տեղի ունեցող ապօրինությունների, դատապարտված անձանց դեմ կիրառվող տարատեսակ հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների, «գողական» դրվածքի, յուրաքանչյուր կալանավորից 10-հազարական դրամ «օբշչյակի» համար հավաքվող փողերի մասին: Նա շեշտեց, որ այն, ինչ կատարվում է ազատազրկման վայրերում, դրսից անտեսանելի է, ներսում՝ անընդունելի, բայցեւ փաստ է, որ «ՔԿՀ-ներում պահվող բանտարկյալների նկատմամբ բոլոր անօրինական գործողությունները կազմակերպվում են այդ հիմնարկների ղեկավարության եւ, այսպես կոչված՝ գողական էլեմենտի սերտ համագործակցությամբ։ Ներկայիս ռեժիմի համար Հայաստանի ՔԿՀ-ները բիզնեսի լուրջ օղակներ են»:

Դառնալով կոնկրետ քաղբանտարկյալների նկատմամբ ՔԿՀ-ներում եղած վերաբերմունքին՝ նա հիշեցրեց, որ իրենցից ոչ մեկը մինչեւ 2008թ. ապրիլի 4-ը արտաքին աշխարհի հետ կապ չի ունեցել: Իրենց թույլատրվել էր հարազատների հետ տեսակցել միայն ԵԽԽՎ ճնշման ներքո: Սա հաստատեց նաեւ Ալ. Արզումանյանը. «Դրանով փորձ էր արվում ճնշում գործադրել նաեւ մեր ընտանիքների վրա: Այդ որոշումը վերանայվել է միայն «Ագոյի» խմբի՝ Հայաստան գալուց հետո եւ նրանց միջնորդությամբ»: Նա նաեւ շեշտեց, որ դատաիրավական գործառույթներ ունեցող գրեթե բոլոր պետական ստորաբաժանումները մասնակից են եղել «Մարտի 1»-ի, իր ձեւակերպմամբ, պետական հեղաշրջման ամբողջ գործընթացին՝ դատարանների ապօրինի թույլտվությամբ խուզարկություններ են կատարվել հարյուրավոր ընդդիմադիրների բնակարաններում, նրանց, մասնավորապես իր նկատմամբ հալածանքների համար շատ դեպքերում հիմք են ծառայել կեղծ «ապացույցներ», ապօրինաբար գաղտնալսված ձայնագրություններ, ինչն արդեն իսկ հեռու է օրինականության մասին բոլոր պատկերացումներից։

Ժ. Սեֆիլյանն էլ հայտարարեց, թե «բանտերում մենք պարապ ժամանակ չենք անցկացրել եւ մոտիկից ծանոթացանք բանտային կյանքի նիստուկացին եւ կրկին համոզվեցինք՝ բանտային համակարգը շեղված է իր առաքելությունից: Այն որեւէ հանցագործի ոչ թե ուղղում է, ինչին իրականում կոչված է, այլ պատժում է: Մեր պայմաններում, եթե անբիծ կենսագրություն ունեցող որեւէ քաղաքացի էլ հայտնվի բանտում, կդառնա հանցագործ: Կարծում եմ՝ ապագայում, իշխանափոխությունից հետո, այս համակարգում մենք լուրջ անելիք ունենք»:

Գրիգոր Ոսկերչյանն էլ ՔԿՀ-ում տիրող բարքերը ներկայացրեց իր անձնական փորձից ելնելով՝ արձանագրելով, որ շատ հաճախ ամենափոքր հանցագործություն կատարած որեւէ երիտասարդ բանտում, առավել եւս կրկնակի հանցագործի հետ նույն խցում հայտնվելու դեպքում, երկու ելք ունի. «կամ պիտի հոգեբանորեն կոտրված, որպես ինդիվիդում ոչնչացված ու փալաս դարձած դուրս գա բանտից, կամ հենց բանտում վերածվի հանցագործի»: Պարզվեց, որ նա նկատի ուներ շատ կոնկրետ՝ մի քանի կիլոգրամ մետաղի գողության համար դատապարտված մի կալանավորի:

Ոսկերչյանին զարմացրել էր նաեւ քննիչների եւ դատախազական համակարգի անգրագիտությունը կամ ինքնավստահությունը. «Նրանք համարում են, որ ապացույցներ հավաքելու կարիք չկա, որովհետեւ մեկ է՝ ինչ հիմարություն էլ դուրս տան, ինչ գործ էլ որ ներկայացնեն՝ դատարանները դրանք կդակեն, եւ իրենց սարքած գործը կանցնի նույնիսկ առանց մեղադրանքը հիմնավորող լուրջ ապացույցներ հավաքելու: Սխեման շատ պարզ է. մարդուն բանտարկում են, հետո նոր սկսում են նրա հանցանքն, իբր, հաստատող ապացույցներ հավաքել, ինչպես եղավ կոնկրետ իմ դեպքում: Քննիչները ալարում են գործը քննել, ապացույցներ հավաքել: Նրանք նախընտրում են խցում «ժուչոկ» դնել, ձայնագրել իրենց հետաքրքրող կալանավորի խոսակցությունները՝ հույսով, որ հնարավոր է այդտեղից մեղադրող ապացույցներ հավաքել: Այդպես 5 տարվա ազատազրկման դատապարտվեց մեկը, որի մեղադրական եզրակացության հիմքում դրվել էր նրա խոսակցության՝ խցում տեղադրված ժուչոկների ձայնագրության արձանագրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել