Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԼՊԱՏՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ՝ ՄԻԱՎ-Ի ԴԵՄ

Փետրվար 25,2010 00:00

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում բնակվող զուլուսների թագավորը՝ Նորին գերազանցություն Գուդվիլ Զվելիթինին հայտարարեց թլպատման ծեսի վերականգնման մասին՝ ՄԻԱՎ վարակի դեմ պայքարելու համար: Այդ մասին զուլուսների ղեկավարը հայտարարել է Ուկվեշամա տոնակատարության ընթացքում, որի ժամանակ երիտասարդները կատարում են նվիրատվության ծեսեր: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության սահմանադրությամբ զուլուսների թագավորը իրական իշխանություն չունի, սակայն հանդիսանում է զուլուսների ազգային միասնության նշանագիրը եւ ազգային սովորույթների կրողը: Երիտասարդների թլպատումը 19-րդ դարի սկզբներին վերացվել էր զուլուսների պետության հիմնադիր Չակայի կողմից: Չական դժգոհ էր այն բանից, որ թլպատման ենթարկված զինվորները մի քանի օրով լքում էին ծառայությունը եւ չէին կարողանում մասնակցել ռազմական գործողություններին: Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի տարածվածությամբ զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: Երկրում ՄԻԱՎ-ով հիվանդների թիվը անցնում է 5.2 միլիոնը, իսկ վարակակիրների ծավալը կազմում է 15-49 տարեկան բնակչության 17%-ը: Երկրի առավել վատթար վիճակում գտնվող շրջանը զուլուսներով բնակեցված Կվա Զուլու-Նատալն է: Ըստ doctors.am-ի՝ թլպատումը հավանության է արժանացել ԱՀԿ-ի կողմից՝ որպես Աֆրիկայում ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել