Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անտարբերությո՞ւն, թե՞ չիմացություն

Փետրվար 25,2010 00:00

Ամեն անգամ, երբ մարզական այս կամ այն միջազգային միջոցառման ժամանակ բարձրացվում է Հայաստանի պետական դրոշը, առավել եւս՝ հնչում մեր օրհներգը, յուրաքանչյուր հայ հպարտության մի անբացատրելի զգացում է ունենում: Հպարտության այդ զգացումը մեր մեջ ավելի ուժգին է դարձել հատկապես անկախանալուց հետո:
Հիշենք Պեկինի ամառային օլիմպիական խաղերը, երբ, ի պատիվ մեր բրոնզե մեդալակիրների, բարձրանում էր մեր եռագույնը, տարբեր մարզաձեւերի Եվրոպայի առաջնությունները: Իսկ ծանրամարտի աշխարհի վերջին առաջնության ժամանակ, երբ Նազիկ Ավդալյանը կանգնել էր պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին, մեր դրոշն ամենաբարձրն էր ու ամբողջ դահլիճը ոտքի կանգնած լսում էր «Մեր Հայրենիք»-ը:
Եթե մյուս մարզաձեւերում երկրի օրհներգը հնչեցվում է միայն չեմպիոնի պատվին, ֆուտբոլում մի փոքր այլ է. հավաքականների մակարդակով միջազգային հանդիպումներում մրցակից երկու երկրների օրհներգները հնչում են խաղից անմիջապես առաջ, անկախ հետագայում գրանցվելիք արդյունքից: Հեռուստաէկրանների առջեւ շատերը տեսած կլինեն, թե ինչպես են այլ երկրների ֆուտբոլիստները ոգեւորված երգում իրենց հիմնը: Բայց, ավաղ, նույնը չես ասի մերոնց մասին: Կարծես, մի տեսակ անտարբեր են: Եթե 16 տարի առաջ Հայաստանի հավաքականները նոր էին սկսել հանդես գալ աշխարհի, Եվրոպայի առաջնությունների ընտրական եւ միջազգային այլ մրցաշարերում ու չէին արտասանում օրհներգի բառերը, շատերը պատճառաբանում էին, թե «դեռ սովոր չեն», խորհրդային դպրոց են անցել, դեռ «կընտելանան արարողակարգին»: Բայց տարիներն անցնում են, եւ օրհներգի ժամանակ մեր ֆուտբոլիստների անտարբեր հայացքները շարունակում են տարակուսանք պատճառել բազմահազար ֆուտբոլասերներին: Եթե օրհներգը չերգի, ասենք, Ռոման Բերեզովսկին կամ Մարկոս Պիզելին, ինչ-որ տեղ հասկանալի կլինի: Բայց երբ մեր օրհներգի բառերը չգիտեն Երեւանի, Գյումրիի եւ Հայաստանի այլ վայրերում ծնված ու մեծացած երիտասարդ ֆուտբոլիստները, աններելի է: Տեսնելով հավաքականների տղաների լուռ կեցվածքը, անտարբեր աչքերը, որոնցում քո երկրի, ազգի հանդեպ հարգանք ու սեր չկա, ակամայից հույսդ կորցնում ես, որ այդ երիտասարդները կարող են հաղթել:
Առջեւում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարն է: Ու կարծում ենք, որ մեր ֆուտբոլի ղեկավարները պետք է այս խնդրի առջեւ աչք չփակեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել