Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր «դոզայով»՝ դեպի նորարարություն

Փետրվար 25,2010 00:00

Սա  է երիտասարդ կոմպոզիտոր եւ դաշնակահար Կարեն Անանյանի ստեղծագործական կարգախոսը

Երիտասարդ կոմպոզիտոր, դաշնակահար, արվեստագիտության թեկնածու, մի շարք մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարեն Անանյանի անունը հաճախ կարելի է հանդիպել համերգային հայտագրերում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 26-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ), այլ երկերի թվում, կկատարի նաեւ կոմպոզիտորի «Ճանապարհ դեպի երկինք» սիմֆոնիկ պատկերը:
Մերօրյա կոմպոզիտորները համատարած դժգոհում են իրենց ստեղծագործությունների հանդեպ պետական կոլեկտիվների լռությունից, եւ այդ առիթով Կ. Անանյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ են իր ստեղծագործությունները գրավում նվագախմբերի գեղարվեստական ղեկավարներին, այս դեպքում՝ ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ լինելով դաշնակահար, հենց ինքն է հանդես գալիս սեփական ստեղծագործությունների մեկնաբանություններով, գուցե դա է պատճառը, որ իր անունը հաճախ է երեւում: Ինչ վերաբերում է պետական կոլեկտիվների կողմից ստեղծագործությունների կատարմանը, ասաց. «Սիմֆոնիկ, կոնցերտային, կամերային գործերս հնչեցրել են Զավեն Վարդանյանի, Կարեն Դուրգարյանի, Ռուբեն Ասատրյանի, Սերգեյ Սմբատյանի, Արամ Ղարաբեկյանի ղեկավարած կոլեկտիվները: Ֆիլհարմոնիկն առաջին անգամ է կատարելու այս սիմֆոնիկ պատկերը, որը նվիրել եմ հորս՝ մեր կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Անանյանի հիշատակին: Չեմ կարող սպառիչ պատասխան տալ այն հարցին, թե կոնկրետ այս երկը ինչով գրավեց Թոփչյանին, սակայն կարող եմ ասել, որ դիրիժորների հետ ինքս եմ վարում բանակցություններ…»:
Դիտարկմանը, թե կա կարծիք, որ պետք է վճարես, որ գործդ կատարվի, Կ. Անանյանը հավաստիացրեց, որ իր պարագայում նման բան չի պատահել, հետո էլ հավելեց. «Նման գործարքներ կատարվում են: Ճիշտն ասած, այդտեղ կրիմինալ չեմ տեսնում: Եթե ստեղծագործողին այդքան անհրաժեշտ է իր այս կամ այն երկի կատարումը կամ ձայնագրությունը, իհարկե, պետք է վճարել»: Կոմպոզիտորը ասաց նաեւ, որ իր երկերը կատարվում են արտերկրում եւս՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, ինչի  մասին ամիսներ անց է տեղեկանում: Սա էլ բացատրեց նրանով, որ իր գործերը  հրատարակված  են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: Հարցին՝ հնարավո՞ր է, որ իր ստեղծագործությունները գրավում են նորարարությամբ, Կ. Անանյանը պատասխանեց. «Նորարարները մշտապես տուժել են, իսկ ես չեմ ուզում դժվար ստեղծագործական կյանքով ապրել: Իհարկե, ինձ մոտ կան համարձակ մտքեր, բայց ես ուզում եմ դրան հասնել աստիճանաբար, փոքր «դոզաներով»: Համոզված եմ՝ միայն այս դեպքում ունկնդիրը  ինձ կհասկանա ու կընդունի: Այո, չեմ թաքցնի՝ ուզում եմ դուր գալ հանդիսատեսին, ի վերջո՝ նրա համար եմ ստեղծագործում: Նշեմ, որ այս կարգախոսը ինձ ներարկել են պրոֆեսորներս՝ Ղազարոս Սարյանը, Արմեն Սմբատյանը, Միխայիլ Կոկժաեւը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել