Կամ «ՀայԱրտի» ֆիլմը՝ Հրանտ Մաթեւոսյանի մասին
Փետրվարի 12-ին՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրը, Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կայացավ «Գրողը եւ ժամանակը» խորագրով երեկո, որի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Հրանտ Մաթեւոսյանին: Այն «ՀայԱրտի» նախաձեռնած «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարից է: Ռեժիսորն ու սցենարի հեղինակը կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն է: Նա ֆիլմը ստեղծել է անվանի գրողի հետ ունեցած հարցազրույցների ու սեփական արխիվի բացառիկ տեսանյութերի հիման վրա: Ֆիլմը գրողի եւ ընթերցողի ինքնատիպ երկխոսությունն է՝ գրականության, մարդու, հեռացող հայրենիքի, հեռացող ժամանակի ու արժեհամակարգի փոփոխության մասին: Հատկապես մեր օրերում, երբ ամեն ինչ լղոզված է, ու այլ արժեքներ են «առաջին պլանում», շատերին հետաքրքրում է՝ վերջապես ո՞վ է գրողը:
Ֆիլմում այդ հարցին Հրանտ Մաթեւոսյանն այսպես է պատասխանում. «Գրողը գաղափարների եւ ժամանակների ձեւավորողն է… Ոչ թե Քրիստոս է ծնել Հովհաննեսին, Ղուկասին, Մաթեւոսին, այլ Մաթեւոսը, Ղուկասը, Հովհաննեսը՝ Քրիստոսին… Հայոց թագավորության բացակայությունը, կարիքը ծնել է Մովսես Խորենացուն, Մովսես Խորենացին ծնել է Տիգրան Մեծին, Հայկ Նահապետին ազգը օժտել է տոտեմով, նախահորով, նախկին զորավոր թագավորներով եւ իր երազանքը նետել ապագա սերունդներին, եւ ապագա սերունդներն ահա գնացել են Խորենացու նշած ուղիով…»: Գրողները զանազանվում են հասարակ մահկանացուներից, որովհետեւ, մաթեւոսյանական խոսքով՝ նրանք ժամանակներ են ձեւավորում, ժամանակներին ուղղություն տալիս:
«Մի՞թե վերջին պոետն եմ ես» տերյանական տագնապը կամ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» չարենցյան ապրումը տվյալ ժամանակի արդյունքն էին, ուրեմն գրողը ոչ միայն ժամանակների եւ գաղափարների ձեւավորողն է, այլեւ այդ ժամանակի կրողն ու արտահայտողը»,- ասում է ֆիլմի հեղինակը:
Անվանի գրողն էլ, անդրադառնալով չարենցյան ու տերյանական վերը նշված տողերին ու ընդհանրապես հայ գրականությանը, ասում է. «Քարագրության արժանի տողեր են դրանք, քարի վրա անցկացնելու տողեր… Պիտի ուզենայի, որ իմ ժամանակակիցներն էլ այդպիսի տողեր ասօրվա մասին անկեղծությամբ ասած լինեին… Բայց մենք մի քիչ վերապահ եղանք, զուսպ եղանք եւ ավելի շուտ այդ խոհը հարցազրույցների մեջ արտահայտվեց… Մեր գրականությունը ես որակել եմ մայրական վերաբերմունքի գրականություն, որովհետեւ հայրենիքին մի քիչ խղճահարությամբ է մոտենում եւ ո՛չ ամբողջ ճշմարտությունը նրան ասում… Ճշմարտության մի որոշ մաս մենք, այնուամենայնիվ, պահել ենք մեր ներսում, հանդգնություն չենք ունեցել ասելու, այլապես գուցե կարողանայինք որոշ բաներ կանխել, որոշ բաների առաջն առնել, այսօրվա այս փլուզումին վերջ դնել… Մեր հայրերի ժառանգները չեղանք, մի քիչ թույլ որդիներ եղանք…»: Հ. Մաթեւոսյանը նաեւ ցավով փաստում է, որ հայրենիքն ու ազգը մի տեսակ երեկվա կատեգորիաներ են դարձել, հետո էլ հավելում, որ բոլոր ժամանակներում էլ գտնվում են մարդիկ, ովքեր չեն ընդունում իրենց պարտությունը, չեն հանդուրժում, որ նահանջը խուճապի վերածվի, իրենց կարգում են լիդերներ, առաջնորդում հասարակությանը եւ մարտիրոսվում:
Խոսելով իր ֆիլմում արծարծված մտահոգությունների եւ գրողի առաքելության մասին՝ Ռ. Շառոյանը «Առավոտին» ասաց, որ, իր կարծիքով, գրողը միայն գիրք գրողը չէ, չնայած կարող է այդ գիրքը շատ արժեքավոր լինել. «Մեր գրականության, պատմության զարգացումների ընթացքում ունենք բազմաթիվ օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես գրողը պիտի նախեւառաջ իր հասարակության, իր երկրի կողքին լինի, նրա քաղաքացին ու շահերով ապրող անհատ դառնա… Երբ ոմանք ասում են՝ մենք արվեստի մարդ ենք, քաղաքականությանը չենք խառնվում, որովհետեւ ստեղծագործող ենք, ես այդ արվեստին չեմ հավատում: Այս մասին Չարենցը գրել է՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»… Այսօր, երբ մեջբերումներ ենք անում երեւելիներից՝ Խորենացուց, Նարեկացուց, Թումանյանից, Տերյանից, Չարենցից ու մյուսներից, հասկանում ենք, որ եթե նրանք լինեին միայն մշակույթի գործիչներ, այդ մեջբերումները չէինք անի: Նրանք նախ եւ առաջ քաղաքացի են եղել: Ի դեպ, գրողի քաղաքացիականությունը պետք չէ կապել այն բանի հետ, թե նա ինչպիսի հաճախականությամբ է անձնական շփումների մեջ իշխանության կամ բարձրագույն պաշտոնյաների հետ: Գրողի քաղաքացիականությունը նախեւառաջ իր հայրենիքի հասարակական, տնտեսական, քաղաքական, կրթական, սոցիալական ցանկացած հարց սեփական գրականության մեջ անցկացնելն է, ինչպես դա անում էր Հրանտ Մաթեւոսյանը: Երբ գրողի գրական եւ լեզվամտածողությունը բարձր է, ուրեմն նշանակում է՝ հենց այդ քաղաքացիական շունչն է նրա ստեղծագործությանը միաձուլված, որ կարդալիս ներարկվում է արյանդ մեջ»:
Ռ. Շառոյանն ասում է, որ Հրանտ Մաթեւոսյանն այն գրողներից է, որոնց տարիքը չափվում է իր ժողովրդի տարիքով: Ու ինքը հաճախ է մտաբերում նրա հետեւյալ միտքը՝ ազգիդ մի լավաշի չափ օգուտ տված կա՞ս: