Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն հրապարակել է ղեկավար աշխատողների համար էթիկայի նորմեր սահմանող նոր օրենսգիրք, որը բաղկացած է 52 կետից եւ որի հիմնական նպատակը կոռուպցիայի հեմ պայքարին նպաստելն է: lenta.ru-ի փոխանցմամբ, շրջանառության մեջ դրված փաստաթուղթը բավականին երկար վերնագիր ունի՝ «Որոշ դրույթներ՝ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման ընթացքում Չինաստանի Կոմկուսի անդամ ղեկավար աշխատողների ազնվության ու անկաշառության ապահովման վերաբերյալ»:
Աղբյուրի փոխանցմամբ, հիշյալ դրույթներով կուսակցական ֆունկցիոներներին արգելվում է նվերներ ստանալ, գործել իրենց ընտանիքի այլ անդամների շահերից ելնելով, ճոխ թաղումներ եւ հարսանիքներ կազմակերպել, օտարերկրյա թանկարժեք ճանապարհորդություններ իրականացնել: Փաստաթուղթն արգելում է նաեւ կուսակցության անդամներին եւ ղեկավար պաշտոնյաներին՝ մասնակցել եկամտաբեր որեւէ ձեռներեցության, օգտվել թանկարժեք մեքենաներից եւ պետության միջոցների հաշվին կուսակցական շքեղ շենքեր կառուցել: Այդ դրույթների խախտման համար, ի դեպ, նախատեսվել է ե՛ւ վարչական, ե՛ւ քրեական պատիժ: