Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին Իսրայելի գործակալ է եղել

Փետրվար 25,2010 00:00

Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Շեյխ Հասսան Յուսեֆի որդին՝ Մոսաբ Հասսան Յուսեֆը, երկար ժամանակ եղել է Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության գործակալը: Երեկ այս մասին գրել են միջազգային գրեթե բոլոր գործակալությունները: Ըստ այդ տեղեկությունների, 32-ամյա Մոսաբ Յուսեֆը (նկարում), որը 2000թ. սկզբներին քրիստոնեություն էր ընդունել, 2007թ.-ին տեղափոխվել եւ մշտական բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում՝ զգուշանալով պաղեստինյան իշխանությունների կողմից հնարավոր հետապնդումներից, ՀԱՄԱՍ-ի ղեկավարներին մոտ կանգնած ամենաթանկարժեք տեղեկատվական աղբյուրն է եղել:
Նա 1996թ. 18 տարեկան հասակում կալանավորվել էր Իսրայելի անվտանգության ծառայության կողմից եւ հարցաքննությունների արդյունքում համաձայնել էր համագործակցել իսրայելական հատուկ ծառայությունների հետ եւ ազատ էր արձակվել: Ընդ որում, դա նա արել էր ոչ թե ճնշման տակ, ստիպողաբար, այլ՝ գաղափարական դրդապատճառներով՝ անմեղ մարդկանց սպանությունները կանխելու նպատակով եւ հրաժարվել էր անգամ դրա դիմաց վարձատրություն ստանալուց: Կրտսեր Յուսեֆը, որն իսրայելական հետախուզական նյութերում անցնում է «Կանաչ արքայազն» անունով, ժամանակին իսրայելցիներին օգնել էր կալանավորել ՀԱՄԱՍ-ի շատ բարձրաստիճան պաշտոնյաների: Նրա տրամադրած տեղեկությունները հիմնականում վերաբերել էին Իսրայելի տարածքում ահաբեկչական ակտերի կազմակերպմանը: Բացի այդ, նա նաեւ օպերատիվ գործունեություն էր իրականացրել եւ դրանով իսկ օգնել էր նույնականացնել Ռամալլում մարդաշատ հրապարակում իրեն պայթեցնել ցանկացած մի ահաբեկիչ-մահապարտի: Բայց իր ծառայությամբ նա նաեւ բազմաթիվ անգամ ստիպել էր իսրայելցիներին հրաժարվել իր հոր դեմ մահափորձ իրականացնելու կամ կալանավորելու ծրագրերից:
Ի դեպ, Իսրայելի հետախուզության համար աշխատած Յուսեֆի մասին «ՀԱՄԱՍ-ի որդին» վերտառությամբ Ռոն Բրեկինի գիրքն օրերս լույս կտեսնի ԱՄՆ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել