Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում «եռակի գործակալ» է կալանավորվել

Փետրվար 25,2010 00:00

Երեքշաբթի օրը Իրանի ռազմաօդային ուժերը ստիպել էին Բենդեր-Աբբաս քաղաքի օդակայանում վայրէջք կատարել Իսլամական Հանրապետության օդային տարածքով Արաբական Միացյալ Էմիրություններից դեպի Ղրղըզստան թռչող եւ «Ղրղըզստան» ավիաընկերության չվերթ իրականացնող «Boeing 737-300» ինքնաթիռը: Վայրէջքից հետո հատուկ ջոկատի 4 դիմակավորված աշխատակիցներ մուտք են գործել ինքնաթիռ եւ կալանավորել են սունիների «Ջունդալլահ» զինված խմբավորման առաջնորդ Աբդուլմալիկ Ռիգիին եւ նրա տեղակալին ու տեղափոխել Թեհրան: «Newsru»-ի մատուցմամբ, Ռիգին ծպտված է եղել եւ ճանապարհորդել է այլ անվամբ փաստաթղթերով: Իրանի ՆԳ նախարար Մուստաֆա Մոհամմեդ-Նաջիրը, սակայն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ռիգին կալանավորվել է Իրանի սահմաններից դուրս՝ երկրի դեմ հերթական դիվերսիան նախապատրաստելու ժամանակ:
«Ջունդալլահ»՝ թարգամանաբար «Ալլահի մարտիկներ», ահաբեկչական խմբավորումը գործել է Պակիստանի հետ Իրանի սահմանակից Սիստան-Բելուջիստան գավառում: Այդ խմբավորման կողմից վերջին ամենաաղմկահարույց ահաբեկչական ակտն իրականացվել էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ սպանվել էր 42 իրանցի, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների» աշխատակիցներ: Ավելի վաղ խմբավորումը ստանձնել էր նաեւ Իրանում իրականացված բազմաթիվ այլ ահաբեկչական ակտերի պատասխանատվությունը, կազմակերպել էր զանգվածային սպանություններ, զինված կողոպուտներ, դիվերսիաներ եւ պայթեցումներ, քաղաքացիների, պաշտոնյաների եւ բարձրաստիճան զինվորականների դեմ հարձակումներ:
Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհը ԶԼՄ-ներին է ներկայացրել նաեւ առայժմ պաշտոնապես չհաստատված փաստեր, ըստ որոնց՝ Ռիգիից կալանավորման պահին առգրավվել է աֆղանական անձնագիր, որը նրան տրված է եղել ամերիկացիների կողմից: Հայտարարվել է նաեւ, որ կալանավորումից 24 ժամ առաջ նա գտնվել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի հենակետում, ինչն ապացուցող լուսանկարներն արվել են իրանցի գործակալների կողմից: Մոսլեհը նաեւ հայտարարել է, թե Ռիգին եղել է «եռակի գործակալ» եւ աշխատել է միաժամանակ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի հատուկ ծառայությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել