Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՞ԹԵ ՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Է ԱՅՍ ԱՄԵՆԸ

Փետրվար 25,2010 00:00

«Սասնա ծռերի» ոգով ասեմ. դառնամ զօղորմի տամ Խորհրդային միությանը, որ Մաստարա գյուղին (Արագածոտնի մարզ) տվեց ժամացույցի գործարանի եւ կոշիկի ֆաբրիկայի մասնաճյուղեր, փոստ ու խնայդրամարկղ, հիվանդանոց, մանկապարտեզ, դպրոց, մշակույթի տուն, կենցաղսպասարկման տաղավար ու այլ օբյեկտներ՝ ստեղծելով աշխատատեղեր:
Սակայն փլուզվեցին խորհրդային կարգերը՝ իրենց հետ տանելով ամեն ինչ:
Այժմ թվարկածս օբյեկտներից շատերի լոկ անուններն են մնացել, իսկ օբյեկտները գյուղացիների հիշողություններում են:
Ցավալի է, որ մշակույթի տան գեղեցիկ շենքը վտանգի տակ է: Տանիքը վնասված է, անձրեւաջրերը լցվում են ներս, լուսամուտները ջարդված են, քամին ինչ ասես չի բերում, շենքի անկյուններից քարեր են ընկել, կառույցը շրջապատված է կենցաղային աղբով:
Նման վիճակը հարիր չէ մեր հինավուրց Մաստարային, ուր այսօր ավելի քան 2000 մարդ է ապրում, որտեղ դեռ կանգուն է 5-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին:
Ոչ պաշտաճ պահպանված եւ կիսավեր դարձած այս շենքերից մեկում 20 քմ մի սենյակ կա, որը չի ջեռուցվում, ուր Մաստարայի թոշակառուներն իրենց ժամանցն են անցկացնում՝ զրուցում: Սենյակում, սակայն, չկան հարմարություններ, աթոռներ, նարդի կամ շախմատ խաղալու համար՝ սեղաններ ու խաղաքարեր: Մեկ-երկու աթոռներին նստում են խաղացողները, իսկ սպասողները պետք է ոտքի վրա մնան:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնած «Շուրջպարը» առիթ դարձավ, եւ Մաստարայի տարեցների համար պլաստմասսայե մի քանի աթոռ եւ սեղան բերեցին: Սրանք, սակայն, արդեն մաշվել եւ շարքից դուրս են եկել:
Որպես մտավորական եւ Հայրենական պատերազմում զոհվածի որդի, տանել չեմ կարող, որ այդ պատերազմում զոհված եւ անհայտ կորած զինվորների նկարները փոշուց եւ ծխից խամրել, շարքից դուրս են եկել: Մի՞թե հանդուրժելի է այս ամենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել