Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցը դարձրել են փորձադաշտ

Փետրվար 25,2010 00:00

Գնահատման նոր համակարգն էլ  իրեն չարդարացրեց

Արդեն որերորդ տարին է՝ ՀՀ-ում իրականացվում են կրթական բարեփոխումներ, որոնք հաճախ ավելի շատ փորձարկման են նմանվում, քան էապես բարեփոխումների: Կրթության ոլորտի պաշտոնյաները նմանատիպ մտահոգություններին պատասխանելու ձեւը գտել են. «Ցանկացած նոր բան միշտ էլ ոչ միանշանակ է ընդունվում, ամեն նոր բան պիտի դրվի շրջանառության մեջ, որ դրա բացասական եւ դրական կողմերն ի հայտ գան»: Ու հենց նույն պաշտոնյաների եւ բոլորիս աչքի առաջ նման «նոր բաները» կրթական համակարգ ներմուծելով՝ կրթական հաստատությունները ակամայից դառնում են իսկական փորձադաշտ: Արդյունքում այդ ժամանակահատվածում կրթություն ստացող անձանց հաշվին ոլորտի «պատասխանատուները» փորձարկում են «նոր բաները»:
Բոլոնիայի համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ն ակամայից կախման մեջ ընկավ միջազգային կրթադաշտից, ստանձնեց ժամկետներում եւ թելադրվածի պես բարեփոխումներն իրականացնելու պատասխանատվությունը: Այդ շարքից է նաեւ 12-ամյա կրթական համակարգի հետ ներդրվելիք գնահատման նոր համակարգը: 2009 ուստարվա սկզբից այն ներդրվեց ՀՀ հանրակրթական դպրոցներում: Սակայն ընդամենը մեկ կիսամյակ գործելուց հետո այն կասեցվեց: Ուսուցիչները դժգոհում էին, թե համակարգով ընդամենը մեկ աշակերտի ամփոփիչ գնահատականը ստանալու համար ուսուցչից բարդ մաթեմատիկական հաշվարկներ են պահանջվում՝ ցուցիչներ հաշվել եւ այլն:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանի հետ զրույցում պարզեցինք, որ համակարգը ցուցիչներով գնահատելու «մասով» կասեցված է ժամանակավոր, մինչեւ հստակեցվեն յուրաքանչյուր առարկայի գրավոր, բանավոր եւ այլ բաղադրիչների ցուցիչները, մինչեւ ուսուցիչներին վերապատրաստումների միջոցով բացատրվի, թե ինչպես պետք է հաղթահարել աշակերտին օբյեկտիվ գնահատելու լուրջ փորձությունը:
«Առավոտը» պարոն Պողոսյանից հետաքրքրվեց՝ մի՞թե հնարավոր չէր մինչեւ 2009 ուստարվա սկիզբը կազմակերպել վերապատրաստումներ, հետո ներդնել համակարգը, որ տանուլ չտային՝ դպրոցը դարձնելով փորձադաշտ: Նա պատասխանեց. «Տպավորություն կա, որ դպրոցը փորձադաշտ է, կան շատ բողոքներ, բայց պիտի ասել, որ ցանկացած նոր բան, որը մուտք է գործում համակարգ, մինչեւ չկիրառվի՝ թերությունները չեն կարող բացահայտվել: Չեմ կիսում այն կարծիքը, որ գնահատման համակարգը հիմնովին վատն էր, իհարկե, կային թերություններ, բայց դրա կիրառումը ցույց տվեց, որ 10 միավորանոց գնահատման համակարգը շատ ավելի օբյեկտիվորեն է գնահատում աշակերտին, քան 5-ը»:
Այժմ ուսուցիչները կշարժվեն միջինացված գնահատման սկզբունքով, ոչ թե նախկինի պես ցուցիչների գումարով կորոշեն աշակերտի ամփոփիչ գնահատականը: Մեր այն դիտարկմանը, թե նախարարությունը ամենահեշտ ճանապարհով է գնացել՝ պարզապես կասեցրել է օբյեկտիվ համարվող գնահատման համակարգը, այն ներդնելու մեխանիզմներն ավելի մշակված դարձնելու փոխարեն, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Նախարարությունը չգնաց ամենահեշտ ճանապարհով: Խնդիրն այն է, որ ինչքան էլ ուսուցիչներին վերապատրաստեինք, հետագայում մենք թերությունը գտանք այլ տեղ: Թերությունը համակարգի հիմքում է, հիմա ամբողջությամբ պիտի վերանայենք գործակիցները: Ստեղծվելու է հանձնաժողով, որը պիտի հիմնովին զբաղվի այդ հարցերով, այդտեղ ընդգրկված կլինեն նաեւ մանկավարժներ, դպրոցի տնօրեններ եւ այլ շահագրգիռ կողմեր»: Ա. Պողոսյանը վստահեցրեց, որ այսուհետեւ վերապատրաստումներն էլ են այլ սկզբունքով կազմակերպվելու: Օրինակ՝ վերապատրաստումներ կիրականացնեն մի քանի կազմակերպություններ, իսկ դպրոցներն իրենց ցանկությամբ կորոշեն՝ ում վստահել վերապատրաստումը:
Գնահատման համակարգը ներդնելիս վերցվել է ԱՄՆ-ի փորձը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ որքանո՞վ էր նպատակահարմար վերցնել այնպիսի երկրի փորձ, որի դպրոցը տրամագծորեն տարբերվում է հայաստանյանից, գուցե ՌԴ-ի փորձն ավելի՞ լավ գործեր մեր կրթահամակարգում: Ա. Պողոսյանը պատասխանեց. «Նրանց կրթական համակարգում եւս բարեփոխումներ են իրականացվում, ուստի որքանո՞վ է նպատակահարմար բարեփոխումների մեջ գտնվող համակարգը ներդնել»: Իսկ մինչեւ այս ուսումնական տարեվերջ հնարավոր է միջազգային փորձագետներ այցելեն Հայաստան՝ պարզելու, թե գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացը ինչ հունով է ընթանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել