Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-ը ՀԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

Փետրվար 25,2010 00:00

\"\"Փետրվարի 24-25-ը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն
Ռալֆ Յիրիկյանը Լիբանանում մի շարք հանդիպումներ կունենա հայազգի ուսանողների եւ աշակերտների հետ: Նախաձեռնության մանրամասները՝ «Մեդիամաքսին» տրված բացառիկ հարցազրույցում:

– Հայտնի է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կարգախոսը՝ «Բիզնես, որն ունի առաքելություն»: Կարո՞ղ ենք փաստել, որ այժմ այդ կարգախոսն այլեւս սահմանափակված չէ Հայաստանի սահմաններով: Որո՞նք են այս նոր նախաձեռնության նպատակները:
– Հունվարին, երբ գտնվում էի իմ ծննդավայր Լիբանանում, հանդիպում ունեցա տեղի հայ մտավորականների հետ, որոնց պատմեցի այն ծրագրերի մասին, որոնք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իրականացնում է Հայաստանում՝ տարբեր բուհերի եւ կրթական հաստատությունների ուսանողների համար: Այդ հանդիպումից հետո ինձ առաջարկեցին մեր փորձը ներկայացնել նաեւ Լիբանանի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին: Մենք ընդունեցինք այդ հրավերը եւ նախաձեռնեցինք փետրվարի 24-25-ի ուղեւորությունը:
Այո, կարող ենք ասել, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այլեւս հատում է սահմանները: Աշխարհի յուրաքանչյուր կետում, որտեղ ապրում են հայեր, այնտեղ էլ ներկա կլինի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Լինելով կայացած ընկերություն, ցանկանում ենք մեր երիտասարդ հայրենակիցներին ներկայացնել մեր իրական փորձը, որպեսզի իրենք առաջնորդվեն ոչ թե կարծրատիպերով եւ երբեմն ոչ ճիշտ պատկերացումներով, այլ ավելի լավ զգան հայրենիքը:
Իմ պատանի եւ երիտասարդ տարիներին ես էլ գիտելիքներ էի ստանում հայրենիքի մասին՝ չտեսնելով այն: Արդեն հասուն տարիքում եկա Հայաստան եւ այստեղ մեծ փորձ ձեռք բերեցի: Այս երկուսի համադրությունն է, որ ցանկանում եմ ներկայացնել Լիբանանում ապրող մեր երիտասարդ հայրենակիցներին:
Մեր նպատակն է, որ լիբանանահայ երիտասարդները գան Հայաստան, շնչեն այս երկրի օդը, ճաշակեն հացը, շփվեն հայրենակիցների հետ եւ ավելի մոտիկից ճանաչեն հայրենիքը: Հայրենիք ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Երեւանը, այլեւ Հայաստանի բոլոր մարզերը:
Շատ կարեւոր է երիտասարդներին ներկայացնել նաեւ այն, թե ինչպե՞ս ստեղծվեց մեր ընկերությունը, զարգացման ի՞նչ փուլեր անցավ, ինչպե՞ս կարողացավ ձեւավորել մի ընտանիք, որի հիմքում դրված է փոխադարձ հարգանքը եւ պատասխանատվությունը հասարակության հանդեպ:
– Ինչպե՞ս եք երիտասարդներին խրախուսելու այցելել Հայաստան:
– Դա անելու ենք երկու ուղղությամբ: Լիբանանում մեր գտնվելու օրերին աշակերտների եւ ուսանողների համար կկազմակերպենք վիճակահանություն եւ շահողներին կհրավիրենք Հայաստան՝ հոգալով նրանց տոմսերի եւ հյուրանոցային ծախսերը: Այսպիսով, փորձելու ենք այնպես անել, որ տնտեսական գործոնը հայրենիք այցելելու հարցում խոչընդոտ չդառնա: Այս նախագիծն իրականացվում է «Դեպի Հայք» ծրագիրն իրագործող «Birthright Armenia» («Ապրելու իրավունք Հայաստանում») կազմակերպության հետ համագործակցաբար, որը մշակել է սփյուռքահայ երիտասարդներին Հայաստան հրավիրելու եւ նրանց կողմից Հայաստանը երկիրը տարբեր կողմերից բացահայտելու հնարավորություն ընձեռող ընդգրկուն ծրագիր:
Երկրորդ ուղղությունը մեր համագործակցությունն է Լիբանանի «Հայկազյան» համալսարանի հետ, որի ուսանողները եւս պարբերաբար կայցելեն Հայաստան եւ այդ այցի շրջանակներում նաեւ կծանոթանան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեությանը: Համագործակցության մասին համաձայնագիրը կնքելու ենք այս այցելության ընթացքում: Այս դեպքում եւս բոլոր ծախսերը կհոգա «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:
– Բնական է, որ ծնված լինելով Լիբանանում, որոշեցիք այս նախաձեռնությունը մեկնարկել հենց այնտեղից: Կարելի՞ է ակնկալել, որ հաջող արդյունքի դեպքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կմեկնի նաեւ հայաշատ այլ երկրներ:
– Այս առաջին նախաձեռնության փորձի եւ ստացված արձագանքների վրա հիմնվելով, մենք կկողմնորոշվենք մեր հետագա քայլերում: Ինչպես արդեն ասացի՝ որտեղ հայ մարդ կա՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն այնտեղ պետք է լինի: Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպումների փորձը շատ օգտակար կլինի:
– Ինչպիսի՞ն է ՄՏՍ խմբի արձագանքը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի այս նախաձեռնությանը:
– Նախեւառաջ, եկեք չմոռանանք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայկական սիրտ ունեցող ապրանքանիշ է: Ինչ վերաբերում է ՄՏՍ խմբին, որի մաս ենք կազմում, ապա գլխամասային գրասենյակը ողջունեց մեր այս գաղափարը: Կարծում եմ, որ իրենք էլ մեծ հետաքրքրությամբ կսպասեն ծրագրի արդյունքներին:
– Յուրաքանչյուր անգամ, երբ ներկայացվում են նման հավակնոտ ծրագրեր, ի հայտ են գալիս տարբեր տեսակի ենթադրություններ եւ շահարկումներ՝ այս կամ այն ծրագրի «թաքնված նպատակների» մասին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
– Այս նախաձեռնությունը համարում ենք մեր հերթական քայլերից մեկը՝ կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում: Եթե քննադատները կարող են իրենց ներդրումն ունենալ, թող իրենք էլ միանան մեզ: Այն, ինչ անում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, հիմնված է ներքին հավատի վրա: Եթե հնարավորություն ունենք ներկայացնել մեր փորձը եւ երիտասարդներին քաջալերել, որ գան հայրենիք, ինչո՞ւ չանենք դա: Մեր մոտեցումն անշահախնդիր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել