Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՆ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ՃԱՀՃԻՑ

Փետրվար 25,2010 00:00

Եկել է աշխատաոճը փոխելու ժամանակը

\"\"

Սկիզբը՝ նախորդ համարում
Թատրոնի վերջին 8-9 տարիների անպտուղ «գործունեության» պատճառը՝ մշակույթի նախորդ նախարարների անտարբեր կեցվածքն է։ Մամուլում միշտ էլ գրվել եւ ահազանգ է բարձրացվել այս մասին։ Սակայն ինչպե՞ս բացատրենք, որ այսօր էլ մշակույթի նախարարությունը չի գործում համարձակ, չի ցուցաբերում վճռականություն եւ տեսնելով թատրոնի աղետալի վիճակը՝ չի դիմում հստակ եւ առողջարար քայլերի։
Չպետք է զարմանա տիկին նախարարը (նա, իմ կարծիքով, վերջին տարիների ամենաակտիվ նախարարն է եւ նկատելի ու բարձր գնահատականի արժանի գործեր է արել), որ օպերային թատրոնի անփառունակ գործունեության համար քննադատության է արժանանում։ Մենք չենք կարող անտարբեր գտնվել օպերային թատրոնի նկատմամբ։
Բոլորին էլ պարզ է, որ թատրոնի ձախողումները չեն կարող կապվել միայն գեղարվեստական ղեկավար Գ. Գրիգորյանի անվան հետ։ Նա, վերջապես, ազնիվ գտնվեց եւ հրաժարական տվեց։ Բայց թատրոնում կան նաեւ գլխավոր դիրիժոր, գլխավոր խմբավար, «գեղարվեստական» խորհուրդ, տնօրեն, որի ձեռքում է գտնվում թատրոնի ամբողջ գործունեության ղեկը։ Ի վերջո, նա է կնքում բոլոր պայմանագրերը, հեռացնում կամ ընդունում աշխատանքի, ղեկավարում ու հսկում ամբողջ թատրոնի աշխատանքը։ Գ. Գրիգորյանի հեռանալով՝ թատրոնի աշխատանքը չբարելավվեց, նոր ներկայացումները (նաեւ հները) բարձր որակ ձեռք չբերեցին, նվագախումբն ու երգչախումբը իրենց որակը չբարձրացրին, մեներգիչների զբաղվածությունը չմեծացավ, թատրոնի ռազմավարությունը չփոխվեց։ Թե ով է հիմնական պատասխանատուն, կարող ենք հստակ ասել՝ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, երաժշտական կրթության ասպարեզում հայտնի անուն (երկար տարիներ ղեկավարել է երաժշտական դպրոց), բայց անհայտ անուն կատարողական երաժշտության՝ համերգային, օպերային թատրոնի ասպարեզում։ Սխալ էր նրան նշանակելը, որովհետեւ նա թատրոնի խոհանոցը, իր բոլոր դժվարություններով ու նրբություններով, տարաբնույթ կառուցվածքով՝ չգիտեր։ Դրա արդյունքն եղան ոչ միայն աշխատանքի վատ կազմակերպումը՝ դրա հետեւանքով էլ անհաջող ներկայացումները, նաեւ այն, որ թատրոնը լցված է վաթսունհինգ մենակատարներով, քսան ստաժորներով, չորս ռեժիսորներով, ինը դիրիժորներով, եւ արդյունքում մի քանի ներկայացում, որոնցից միայն «Անուշն» է մշտապես ներկայացվում։ Մյուսները ընդհանրապես չեն ներկայացվում կամ ներկայացվում են հազվադեպ։ Այդքան մենակատարներից եւ ստաժորներից քանի՞սն են երգում եւ համերգաշրջանում քանի՞ անգամ։ Դիրիժորներից քանի՞սն են վահանակի մոտ կանգնում եւ տարին քանի՞ անգամ։ Այնպես որ, շատ երգիչներ ամիսներով չեն երգում, ոմանք էլ՝ տարին կամ երկու տարին մեկ անգամ։ Այնպիսի տպավորություն է, որ տնօրենն ամեն ինչ անում է, որ թատրոնը չգործի, դադարի թատրոն լինելուց եւ շենքը գործի միայն իբրեւ դահլիճ, օպերային թատրոնի հետ կապ չունեցող միջոցառումների համար։ Եվ սրան օգնում են գլխավոր դիրիժորը, «գեղարվեստական» խորհուրդը՝ իրենց լռությամբ, փոխանակ ըմբոստանալու եւ պահանջելու օպերային թատրոնին հարիր աշխատանքային նորմալ պայմաններ։ Մի՞թե նախարարությունը սա չի տեսնում։ Ինչո՞ւ է հանդուրժում։ Ինչո՞ւ է թույլ տալիս, որ թատրոնի ղեկավարությունը խաղա երիտասարդ երգիչների պրոֆեսիոնալ ճակատագրի հետ։ Այս պայմաններում նրանք կորցնում են իրենց պրոֆեսիոնալ կարողությունները, ձայնային ապարատը սկսում է թոշնել, ձայնը կորցնում է իր ճկունությունը, սկսում է խամրել, կորցնում են բեմի կենդանի զգացողությունը։ Ուստի, շատերը հնարավորություն են փնտրում արտասահմանում աշխատելու համար։ Նրանց մեջ կան շատ շնորհալիներ, օժտվածներ եւ նրանց հետ ճիշտ աշխատելու դեպքում՝ մենք կունենանք պատշաճ մակարդակի օպերային դերասաններ։
Այդքան երգիչ, ստաժոր, դիրիժոր եւ ռեժիսոր ունենալու դեպքում, թատրոնը պետք է ունենար իր խաղացանկում 30-40 օպերային ներկայացում։ Ո՞ւր է։ Ինչպե՞ս հասկանանք այս առեղծվածը։ Եվրոպական թատրոնները՝ թե պայմանագրային, թե մշտական կազմ ունեցող (ինչպես գերմանական թատրոնների մեծ մասն է), լավագույն դեպքում ունեն 30-40 մեներգիչ, 5-6 դիրիժոր եւ … 30-40 ներկայացում։
Օպերային թատրոնի ամբողջ երգչական կազմը, ղեկավարության (տնօրենի, գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի) ողբերգական զոհն է, որոնց «շահագործում» են անգործությամբ եւ անհոգությամբ։ Եվ այս՝ ինքնագոհ տեսքով։
Օպերային թատրոնի ղեկավարությունը հաճախ որոշումներ է ընդունում թատրոնի հնարավորություններին հակառակ (շուտով նորից կհամոզվենք դրանում…)։ …Այսօր մենք չունենք (բացի մի քանի հոգուց) կայացած, ամուր դրամատիկ ձայներ։ Այդ վաթսունհինգ երգիչների մեծ մասը նոր, երիտասարդ ձայներ են, որոնց չի կարելի տալ դժվար, դրամատիկ դերեր։ Մի մասի երգեցողությունն էլ ավելի ծերունական փնթփնթոց է, դողդողացող ձայն, քան հասկանալի, երգելու եւ հատկապես լսելու համար հաճելի ձայներ։
Տասը տարիների ընթացքում թատրոնի տնօրենը չկարողացավ գոնե մեկ անգամ Երեւան հրավիրել արտասահմանում մեծ համբավ ունեցող մեր երգիչ-երգչուհիներին, կազմակերպել նրանց մասնակցությամբ մի քանի ներկայացում, որն իրադարձություն կլիներ մեր երաժշտական կյանքում: Եվ դա կդառնար հրաշալի ավանդույթ:
Օպերային թատրոնն այսօր ռախիտիկ օրգանիզմ է։ Գլուխը՝ մեծ (մարդկանց քանակ), իրանը՝ փոքրիկ (ներկայացումների քանակ)։ Եվ որտե՞ղ են այդքան երգիչներ փորձում իրենց դաշնակահարների հետ։
Ի սկզբանե թատրոնի շենքում չէին հերիքում փորձասենյակները։ Հիմա, փոխանակ շենքն առավելագույնս ծառայեցնելու արտիստական կազմին, լավագույն եւ հարմարավետ մեծ սենյակները զբաղեցրել են հաշվապահությունը, տնօրենն ու իր քարտուղարը (հայելապատ սրահը, ուր տեղի էին ունենում ուշագրավ համերգներ), մի սրահն էլ դարձրել են բուֆետ։ Ադմինիստրատիվ բոլոր աշխատողներն ունեն իրենց սենյակները, իսկ ներկայացման դիրիժորը չունի մի սենյակ՝ հագնվելու եւ հանգստանալու համար։ Եվ սա օպերային թատրոն է, արվեստի օջախ։
Ահավոր, խղճալի վիճակում է գտնվում թատրոնի գրադարանը: Երաժիշտները նվագում են նոտաներով, որոնք գրված են (եւ հիմա էլ գրվում են) ձեռքով, 1933 թվականից մինչեւ այսօր: Դրանց մի մասը մաշված, նվագելու համար պիտանիությունը կորցրած նոտաներ են, որոնցով նվագել՝ նշանակում է կորցնել կամ տկարացնել տեսողությունը: Մանավանդ որ, օպերային թատրոնի երաժիշտները նվագում են նոտակալներին ամրացված արհեստական լույսի տակ: Երաժիշտների աշխատանքային շահերը պաշտպանող կազմակերպությունների օրենքներով արգելված է առողջությունը վտանգող նոտաներով նվագել: Ո՞վ պետք է հոգար այս կարեւոր խնդրի մասին: Իհարկե, տնօրենը, առավել եւս՝ գլխավոր դիրիժորը, գեղարվեստական ղեկավարը: Դահլիճը տասն անգամ վարձակալության տրված գումարով կարելի է Եվրոպայում գնել մոտ 30-40 անուն օպերաների նվագախմբային ձայներ եւ պարտիտուրներ: Հայկական օպերաների նվագախմբային ձայները վաղուց կարելի էր հավաքել կոմպյուտերային շարվածքով: Մի քանի տարի առաջ գերմանական մի գրադարանից դիմել էին ինձ, խնդրելով ուղարկել «Անուշի» պարտիտուրը… Սակայն, ցավոք, մինչեւ այսօր չունենք մեր ամենաժողովրդական, ամենասիրված, չքնաղ «Անուշի» պարտիտուրը: Չարդարացնելով նախորդ ղեկավարներին, չենք կարող արդարացնել նաեւ այս ղեկավարության անհոգությունը, որը պերճախոս կերպով ցույց է տալիս իր անտարբեր, անհոգի վերաբերմունքը դեպի իր արտիստների առողջությունն ու մեր օպերային երաժշտությունը:
Թատրոնի տնօրեն կարող է լինել նրա ներքին կյանքը լավ իմացող, վառ անհատականություն ունեցող, նպատակասլաց, բանիմաց անձը (Մարիինյան թատրոնի բարձր նվաճումները կապված են միայն ու միայն Վ. Գերգիեւի եւ նրա հավաքած թիմի հետ։ Տարիներ առաջ «Կոմիշէ» օպերայինը՝ Վ. Ֆելզենշտայնի հետ։ Շեքսպիրյան թատրոնինը՝ Պ. Բրուկի հետ, 19-րդ դարի վերջում Վիեննայինը՝ Գ. Մալերի հետ…)։ Միայն այս դեպքում թատրոնը կարող է ծաղկել եւ լինել հետաքրքիր։ Տնօրեն, գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, գլխավոր ռեժիսոր. ահա այս թիմից, թեեւ ուշ, բայց հեռացավ միայն գեղարվեստական ղեկավար Գ. Գրիգորյանը։ Բայց հայտնի ճշմարտություն է, որ մյուսների աշխատանքը նույնպես գոհացուցիչ չէ եւ մասնագետների կողմից ստացել է ցածր գնահատական, ենթարկվել խիստ քննադատության: Տարիների նրանց համատեղ աշխատանքը ցույց է տվել, որ չեն կարողացել միասնական, նպատակասլաց գործող թիմ դառնալ: Թատրոնին պետք չեն տանջված հանճարի տեսքով կամ պարզունակ մտածողությամբ, թատրոնի ստեղծագործական ճակատագրի նկատմամբ անտարբեր ղեկավարներ՝ բոլոր օղակներում, որոնք էլ ստեղծում են համապատասխան անհանդուրժելի մթնոլորտ։ Թեեւ թատրոնում կան մասնակի հաջողություններ բալետի ոլորտում, ինչպես, օրինակ, «Սպարտակի» բեմադրությունը, որն իրականացվեց ՌԴ եւ ՀՀ առաջին տիկինների բարձր հովանավորությամբ, կամ Ռուդոլֆ Խառատյանին գլխավոր բալետմայստեր նշանակումը, ինչը հուսադրող է, սակայն օպերային ներկայացումների մասով վիճակը շարունակում է մնալ անմխիթար:
Նշածս օղակներում կան ընդունակ, շնորհալի անձեր։ Վերջին տասը տարիների գլխավոր դիրիժորը, անկասկած, շնորհալի, օժտված երաժիշտ է, բայց ինչն է պատճառը, որ այդ տարիների ընթացքում ներկայացումների, նվագախմբի կատարողական մակարդակը էապես չի փոխվել: Գուցե դիրիժորին խանգարում է թատրոնում ներքին կարգապահության պակասը: Գուցե թիմում անհամատեղելիություն կա՝ մեկը կարիերա է փնտրում, մյուսի աչքը դուրսն է, մեկը զուտ նյութապաշտական խնդիրներ ունի։ Այդ դեպքում մշակույթի նախարարությունը ղեկավար կազմում փոփոխություններ պետք է անի եւ թատրոն հրավիրի նոր, հետաքրքիր աշխարհով եւ մտածելակերպով, վառ կամային հատկություններով օժտված արվեստագետների, հեռանկարային նախագծերով, թատրոնի ներքին կյանքը, աշխատանքը հետաքրքիր եւ օգտակար ձեւով կազմակերպող, տաղանդներ գտնելու սուր հոտառությամբ օժտված անձերի՝ գեղարվեսական ղեկավարի ու տնօրենի՝ գաղափարակից անձերից բաղկացած եռանդուն ղեկավար կազմ: Մարդկանց, որոնք չեն տառապում եսասիրությամբ ու նարցիսիզմով, եսակենտրոն չեն, զբաղված չեն միայն իրենց անձնական խնդիրները լուծելով, չեն օգտագործում թատրոնն ու նրա տված հնարավորություններն իրենց անձնական օգտի համար, այլ պատրաստ են անհնարինը դարձնել հնարավոր եւ, որ շատ կարեւոր է, ընդունակ լինել համագործակցության։
Կան այդ մարդիկ, որոնք կարող են հավակնել տնօրենի, գեղարվեստական ղեկավարի եւ մյուս պաշտոններին եւ արմատապես կփոխեն թատրոնի գեղարվեստական աշխատաձեւ ը, խաղացանկը, կարգ ու կանոն կհաստատեն բոլոր օղակներում:
Երկու-երեք շնորհալի երիտասարդների վաղուց կարելի էր գործուղել՝ գոնե մեկ տարով, եվրոպական օպերային թատրոններ, Մարիինյան թատրոն՝ իբրեւ ռեժիսոր- ստաժորներ, որոնք անմիջականորեն տեսնելով թատրոնի աշխատանքը, ռեժիսորների աշխատաձեւը, մտքի ուղղվածությունը, շփվելով նրանց հետ, ստեղծագործական հարուստ գիտելիքներով կվերադառնային ու հետաքրքիր, անհրաժեշտ ստեղծագործական գործունեություն կծավալեին օպերային թատրոնում: Սա հույժ անհրաժեշտ է եւ պետք է իրագործել առանց հապաղելու:
Վերջին տարիների մեր արվեստի ու մշակույթի վերելքը միանշանակ կապված է նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի՝ արվեստն ու մշակույթը բարձր գնահատելու եւ արժեւորելու, մեր հասարակական կյանքում արվեստին ու մշակույթին հիմնավոր դեր եւ տեղ հատկացնելու, այն որպես մարդու ապրելաձեւի, նրա հոգեւոր կյանքի ներդաշնակ զարգացման գործում ծանրակշիռ դեր ունենալու, գիտակցման ու կարեւորման հետ։ Այստեղից էլ՝ բազմաթիվ երաժշտական եւ կինոփառատոների, մշակութային տարբեր շնորհանդեսների, առանձին կարեւոր համերգների եւ ներկայացումների մշտական հովանավորումը։ Այսինքն՝ նախագահի եւ Առաջին տիկնոջ կողմից մշտական օգնությունը մեր մշակութային դաշտին եւ հետեւողականությունը՝ այն առավել արգասաբեր դարձնելու:
Եվ այս կենարար գործելակերպի պայմաններում տարօրինակ ու զարմանալի է թվում մշակույթի նախարարության տարտամ, ձգձգված գործելաձեւը՝ կապված օպերային թատրոնի ճակատագրի հետ։
Այն մտահոգությունները, որ ես արտահայտել եմ այստեղ, չեն հետապնդում այլ նպատակ, քան թատրոնին օգտակար լինելը։ Գուցե ասել եմ խիստ, երբեմն դաժան արտահայտությամբ՝ իրավիճակի ցավն էլ շատ դաժան է, բայց ասել եմ անկեղծ: Ինձ եւ օպերային թատրոնի բազմաթիվ երկրպագուների համար պարզ է, որ օպերային թատրոնի այս վիճակը այլեւս անհանդուրժելի է։ Ուստի անելու ենք ամեն ինչ՝ վիճակը կտրուկ փոխելու համար, ինչպիսի ջանքեր էլ որ պահանջվեն դրա համար։ Մինչեւ վերջ լինելու ենք հետեւողական։ Չենք կարծում, թե օպերային թատրոնի հարցում Հայաստանում համատարած խլություն, կուրություն եւ համրություն է տիրում։ Ես վստահ եմ, որ կարձագանքեն շատերը, պարզ շարքային երաժշտից ու օպերային թատրոնի սիրահարներից մինչեւ ամենաբարձր պաշտոնական մարմինները, ոչ միայն խոսքով, այլ նաեւ՝ գործով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել