Արմավիրի քաղաքապետի պաշտոնի հավակնորդների եւ նրանց սատարողների պակաս չկա
Թեեւ Արմավիրի քաղաքապետի հերթական ընտրությանը դեռ մեկ տարի կա՝ ընտրությունը 2011 թվականի մարտին է, բայց նախընտրական իրարանցումն արդեն թափ է հավաքել: Քաղաքապետի մանդատի համար պայքարողների նոր անուններ են շրջանառվում: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը, պարզվում է, չի էլ պատրաստվում երրորդ անգամ նստել քաղաքապետի աթոռին: Ըստ ամենայնի՝ գործող քաղաքապետը երկար է ծանրութեթեւ արել՝ առաջադրվել-չառաջադրվել, եւ ինքն իրեն համոզել, որ լավ է կամավոր հեռանալ, քան պարտադրեն:
Մտահոգվելու առիթ Խլղաթյանն ունի. ճիշտ է, պաշտոնեական դիրքի չարաշահման փաստի առիթով նրա նկատմամբ դեռ 2007-ին հարուցված քրեական գործը դատարան չհասավ՝ կարճվեց 2009-ին, հանցակազմի բացակայության հիմքով: 2009-ի հունվարի 24-ին «Էս գործն էլ «ջրվեց» հրապարակմամբ անդրադառնալով այս խնդրին, նկատել էինք, որ Ռուբեն Խլղաթյանը խնամիական կապեր ունի Հանրապետական կուսակցության խորհրդի ազդեցիկ անդամներից մեկի հետ: Նաեւ քիչ հավանական համարել, որ քաղաքապետ Խլղաթյանը հայցով կդիմի դատարան՝ վերականգնելու իր բարի եւ ազնիվ անունը, պատիվն ու սասանված հեղինակությունը, քանի որ նա իր ուզածին հասել է. երկու տարի ձգձգված քրեական գործը կարճվել է: Հայկական իրավա-քաղաքական համակարգի «առանձնահատկությունները» հիմք են ենթադրելու, որ եղել է ինչ-որ պայմանավորվածություն՝ «Գործի կարճում՝ չառաջադրվելու դիմաց» տրամաբանությամբ: Բայց այս ամենը չի նշանակում, որ արմավիրցիները նույնպես հանցանք չեն տեսնում իրենց վստահության քվեն ստացած Ռուբեն Խլղաթյանի գործողություններում:
Արմավիրցիները, ուզեն թե չուզեն, ամեն րոպե հիշելու են քաղաքապետ Խլղաթյանին, նույնիսկ նրա պաշտոնանկությունից շատ տարիներ հետո: Արմավիրցիները 2005-ից մինչ օրս չեն համարձակվում ծորակից հոսող ջուր խմել. որովհետեւ ջուրը խմելու համար ոչ պիտանի որակներ ձեռք բերեց հենց Խլղաթյանի ակտիվ միջամտության շնորհիվ: Նա էր եւ քաղաքի ավագանին, որ որոշեցին քաղաքի խմելու ջրի ներքին ցանցը նորոգելու գործը (ծրագիրը իրականացվում էր գերմանացիների օգնությամբ, քաղաքի համաֆինանսավորմամբ) վստահել քաղաքապետի ընտանիքին պատկանող «Լեգենդա» ՍՊԸ-ին, որն էլ քաղաքի ջրատար ներքին ցանցը նոր խողովակներով կառուցելու փոխարեն, այն վերակառուցեց մաշվածներով՝ էլի քաղաքապետի ընտանիքին պատկանող խոզաբուծական ֆերմայի օգտագործած խողովակներով: Միայն ջրի պատմությունը բավական է, որ այս քաղաքի բնակիչներն այլեւս չվստահեն Խլղաթյանին: Բայց Ռուբեն Խլղաթյանը որոշել է՝ իր գործի շարունակությունը վստահել ներկայիս փոխքաղաքապետ, իր քրոջ որդի Մելիք Բաղդասարյանին:
Արմավիրում խոսում են, թե քաղաքապետի աթոռի վրա աչք ունի նաեւ ԱԺ երկու պատգամավոր՝ անկուսակցական Ռուստամ Գասպարյանը եւ հանրապետական Նահապետ Գեւորգյանը:
Ռուստամ Գասպարյանն արդեն նախապատրաստական ու բանակցային աշխատանքներ է տանում եղբորը՝ Արմավիրի մարզային աշխատանքի տեսչության պետ Սերոբ Գասպարյանին, իսկ Նահապետ Գեւորգյանը՝ որդուն՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող Արտակ Գեւորգյանին քաղաքապետ դարձնելու համար: Ն. Գեւորգյանն արդեն հասցրել է Արմավիրի գրանցում չունեցող որդու համար արմավիրցու գրանցում ձեռք բերել: Համայնքապետի թեկնածու առաջադրվելու համար տվյալ համայնքում առնվազն մեկ տարվա գրանցում պետք է ունենալ:
Արմավիրի փոխմարզպետ, ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանի հնարավոր առաջադրման մասին էլ են խոսում Արմավիրում: