«Եթե գազի գինը, «ՀայՌուսգազարդ», քեզ համար չի փոխվել, ինչո՞ւ ես մի քանի տարվա մեջ երկու-երեք անգամ գին բարձրացնում, խնդիրն այն է, որ $180-ով ստանալով՝ $341-ով մեզ է վաճառում, բաժնետոմսերի 20%-ը մերն է ու մենք բացատրություն պահանջելու իրավունք ունենք, «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը մեզ քաղցրաբլիթի բաղերով է տանում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով գազի սակագների բարձրացմանը: Պարոն Բագրատյանը նաեւ ասաց, որ վերջերս «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը լոնդոնյան միջոցառմանը մասնակցելու համար վճարել է բավականին մեծ գումար. «Ղեկավարի մասնակցությունը չի նշվում, բայց ասվում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը տվել է 25 հազար ֆունտ ստերլինգ, բնականաբար՝ հարց է ծագում, սա պետական ընկերություն է, ինքը մեզնից հարցնո՞ւմ է՝ կարո՞ղ է այդքան գումար տալ, ո՞վ է թույլ տվել ձեզ բուրժուական նման միջոցառում կազմակերպել, թե չէ ուրիշի հարսով ո՞ւմ եք լավություն անում»: Պարոն Բագրատյանը այլ հարցադրումներ եւս ներկայացրեց. «Ինչքա՞ն են «ՀայՌուսգազարդի» կորուստները, ինչո՞ւ եք խոշոր գնորդին վաճառում ավելի ցածր գնով, ռուսական վարկից այս ընկերությանը $40 մլն ենք տվել, սա չենք հասկանում, ուրեմն պետությունը ուրիշ պետությունից պարտք է վերցնում, որ բերի այստեղ ուրիշին պարտք տա, սա կառավարության գործելակերպի տրամաբանության մեջ չի տեղավորվում, գլխներիս լոլո են կարդում»: