Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՌԻՈՒՄ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՉՈՒՆԻ՞

Փետրվար 25,2010 00:00

\"\"Ընդունելության նախաշեմին դիմորդն ստիպված է փոխել մասնագիտական կողմնորոշումը

Վանաձորի թիվ 27 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Այծեմնիկ Ասատրյանն արդեն ութ ամիս է՝ եռանդուն նախապատրաստվում է բուհի ընդունելության քննություններին։ Նա ընտրել է լրագրողի մասնագիտությունը, որի համար հանձնելիք քննական առարկաները նախորդ տարվա տվյալներով երեքն էին՝ հայոց լեզու, հայ գրականություն եւ ռուսաց լեզու։ Այծեմնիկի ծնողներն արդեն հասցրել են մի կլորիկ գումար ծախսել աղջկա մասնավոր պարապմունքների վրա՝ հայոց լեզու եւ գրականություն առարկաների համար վճարելով 900, ռուսաց լեզվի համար՝ մոտ 500 ԱՄՆ դոլար։
Բայց ընդամենը մեկ շաբաթ առաջ դիմորդի եւ նրա ընտանիքի համար պարզ դարձավ, որ փողը, փաստորեն, ջուրն են գցել. լրագրություն մասնագիտությամբ 2010-2011թթ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) ամենայն հավանականությամբ ընդունելություն չի հայտարարվի։ Այդ մասին Այծեմնիկը տեղեկացել էր ՎՊՄԻ-ում ընդունելության նախապատրաստական դասընթացների հաճախող ընկերուհուց։ Տեղեկությունը ճշտելու համար Այծեմնիկն ու նրա հետ պարապող ուսուցչուհին այցելել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կայքէջ։ Իսկ այնտեղ տեղադրված էր 2010-2011 ուսումնական տարվա ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ առկա ուսուցմամբ մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության՝ 2009 թվականի նոյեմբերի 26-ի N1965-Ն որոշումը: Որոշումը տեղադրվել է 2009-ի դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում: Ուրեմն դիմորդներն ու առավել եւս նրանց հետ պարապող ուսուցիչները կարող էին երկու ամիս շուտ տեղեկանալ ընդունելությանը վերաբերող նորություններին։ «Երկու օր սթրեսի մեջ էի, չէի կարողանում ուշքի գալ»,- պատմում է աղջիկը։ Խնդիրը հոգեբանական լինելուց բացի, առաջին հերթին նաեւ նյութական է։
Այծեմնիկն ստիպված է փոխել իր մասնագիտական կողմնորոշումը՝ հիմա էլ ընտրելով հայոց լեզու եւ գրականություն մասնագիտությունը, որի համար հայոց լեզու եւ գրականությունից բացի, պետք է քննություն հանձնի նաեւ հայոց պատմություն առարկայից, որին նախապատրաստվելու համար ընդամենը երեք ամիս ունի։ Բայց պետք է դեռ լավ կրկնուսույց գտնել՝ այն էլ 20 հազար դրամից ոչ պակաս ամսավճարով։ Նկատենք, որ աղջկա ծնողները նրա պարապմունքների վարձը հեշտությամբ չեն վճարում (նրանցից միայն մեկն է աշխատում)։ Հենց սոցիալական խնդիրների պատճառով բացառվում է նաեւ Երեւանում ընտրած մասնագիտությամբ բուհ դիմելու տարբերակը։ «Զանգում ենք մանկավարժական ինստիտուտ, հարցնում ենք՝ ճի՞շտ է, որ լրագրության բաժինը փակվել է, ասում են՝ ըսկի մե՛նք չգիտենք, մայիսին նոր կիմացվի: Շատ սխալ է, հրահանգը պիտի սեպտեմբերի 1-ից տրվեր, որ երեխեքն իզուր տեղը չպարապեին։ Մարդու հոգեբանության հետ են խաղում»,- պատմում է Այծեմնիկը։
Աղջիկը վրդովված է նաեւ այն բանից, որ ինստիտուտից նրան ասել են, թե «ժուռնալիստիկան այնքան էլ մանկավարժականին չի վերաբերում»։ Այնինչ, նա տեղյակ է, որ ինստիտուտում կան որոշ նորաբաց բաժիններ, որոնք հաստատ մանկավարժության հետ սերտ առնչություն չունեն, օրինակ՝ դեղագործական քիմիա, իսկ որոշ նոր բաժիններ էլ ավելի շատ հենց լրագրության, քան մանկավարժության հետ կապ ունեն՝ ռեժիսուրա (մասսայական հանդիսությունների ռեժիսուրա, հեռուստաֆիլմերի եւ հեռուստածրագրերի ռեժիսուրա), սոցիալ-մշակութային գործունեություն (գեղարվեստական լուսանկարչություն, օպերատորություն) եւ այլն։
ՎՊՄԻ-ի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Սուսաննա Թումանյանը հաստատեց, որ 2010-2011 թթ. որոշ մասնագիտությունների գծով՝ աշխարհագրություն, բնագիտություն, լրագրություն, բուհում ընդունելություն չի հայտարարվի՝ հիշյալ մասնագիտությունների պահանջարկի բացակայության պատճառով։ Հիմնական պատճառը, ըստ նրա, ուսանողների փոքրաթիվ խմբերի ձեւավորումն է։ Իսկ բուհն այս դեպքում չի կարող հաշվի չառնել իր ֆինանսական դրությունը. որքանո՞վ է նպատակահարմար փոքրաթիվ խմբում դասախոսելու համար վարձատրել ժամավճարով աշխատող դասախոսին։ Նշված բաժիններում առաջին հայտով դիմորդներ քիչ են լինում։ Այս առումով նախորդ տարի բացառություն գրանցվեց լրագրության բաժնում։ Կար 63 դիմորդ, որից 14-ը՝ առաջին հայտով։ Բայց դիմորդները չկարողացան հաղթահարել բանավոր քննությունը եւ նրանց 1/3-ը բավարար միավորներ չվաստակեց։ Արդյունքում՝ կազմվեց 22 հոգանոց խումբ։
Ինչ վերաբերում է աշխատաշուկայում մասնագիտությունների պահանջարկին, ապա, Սուսաննա Թումանյանի կարծիքով՝ շուկայի մասին խոսելն իսկ ավելորդ է, քանի որ շուկա՝ որպես այդպիսին, ձեւավորված չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել