Լրահոս
Օրվա լրահոսը

Տաղավարներն ապամոնտաժել են

Փետրվար 25,2010 00:00

Առեւտրականներին էլ տարել են ոստիկանություն

Մեր երկրի համար պատասխանատուներն այսպես են վարվում բոլոր նրանց հետ, ովքեր հանդգնում են նախագահին կամ վարչապետին իրենց դարդուցավը պատմել:
Յոթերորդ օրն է՝ «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են հայտարարել եւ բողոքի երթով ոսկու շուկայից շարժվում են կառավարություն, այնտեղից էլ նախագահական, սակայն 7-րդ օրն է՝ կառավարության որեւէ բարձրաստիճան պաշտոնյա նրանց հետ չի հանդիպում եւ որեւէ հստակ պատասխան չի տալիս: Փոխարենը՝ ՀՀ իշխանությունների հրահանգով երեկ ակցիայի մի քանի մասնակիցներ բերման էին ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն՝ «զրույցի»: Շուկայի սեփականատերն էլ իր կողմից է պատիժներ կիրառել ցույցի մասնակից՝ ոսկու շուկայի աշխատակիցներ Ռաֆիկ Անտոնյանի եւ Արտաշես Առաքելյանի նկատմամբ՝ նախօրեին ապամոնտաժելով նրանց «սեղանիկները»: Նրանք պարզապես հանդգնել էին, այսպես ասած, կոորդինացնել առեւտրականների «շարժումը» եւ դիմումներ գրել ու փոխանցել վարչապետին եւ ՀՀ նախագահին: Ռ. Անտոնյանն ու Ա. Առաքելյանն այլեւս չեն կարող այդտեղ աշխատել: Տնօրինության այդ գործողություններն էլ ավելի էին կրքերը բորբոքել, երեկ ոսկու շուկան կրկին չէր աշխատում. առեւտրականները հավաքվել էին շուկայի շենքի առջեւ՝ անտեսելով տնօրինության հորդորները՝ վերադառնալ տաղավարների մոտ ու աշխատել:
Ըստ ցուցարարների, շուկայի տնօրինությունը երկու առեւտրականների գործից զրկելը պատճառաբանում է՝ իբր տնտեսական հարցը քաղաքականացվում է եւ այս ամենի շարժառիթը մարտի 1-ն է: Սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում առեւտրականներն էին վստահեցնում, իրենց պահանջը մեկն է՝ թեթեւացնել ոսկու առեւտրով զբաղվողների նկատմամբ կիրավող հարկային բեռը. «Հովիվին որ խփում են՝ ոչխարները սկսում են տարածվել: Ռաֆոն ու Արտաշը ուղղակի առաջին գծում են եղել եւ ընդամենը մեր դիմումներն են փոխանցել, դրա համար ուզում են նրանց վախեցնել, բայց դա, ինչպես տեսնում եք, հակառակ ռեակցիան է տալիս: Մարդիկ այս ակցիաների միջոցով իրենց շահերի պաշտպանությունն են ակնկալում, այստեղ ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա: Երկրի իշխանությունը ժողովրդի ծառան է, ոչ թե ժողովուրդն է երկրի իշխանության ծառան: Թող գան փորձեն մեզ լսել, մենք չենք ասում՝ ոչ մի հարկ չենք տալու, բայց մեր հնարավորության սահմաններում այն պետք է լինի, մենք էլ ենք ուզում աշխատել, ապրել, ոչ թե մեր սեփական կապիտալով իրենց համար աշխատավարձով աշխատող դառնանք, մարդիկ սեղանի վրա 30 հազար դոլարի  ապրանք դնեն, բայց ընդամենը 100 հազար դրամ աշխատե՞ն: Հասցնում են նրան, որ ինչ աշխատես՝ տանես տաս իրենց: Այստեղ մարդիկ տարիներ շարունակ աշխատել են, նույն այդ Ռաֆիկը, որի տաղավարն այսօր հանել շպրտել են, եւ նրա նման շատերը, 13 տարի նույն այս ոսկու շուկայում, երբ այն դեռ փլատակներ էր, զրոյից սկսել է եւ օգնել, որ շուկան ոտքի կանգնի, բայց այսօր ասում են՝ դու էլ ստեղ չես աշխատում: 1997-98 թվականներին տնօրենն էր ժողովրդին խնդրում, գան աշխատեն, հիմա ինքն արդեն արհամարհում է նույն այդ աշխատողներին, թե չես ուզում՝ մի աշխատի»: Արտաշես Առաքելյանի ներկայացմամբ էլ. «Մենք լիդեր չենք, սա լիդերության հարց չէ, պարզապես մենք մարդկանց խոսքն արտահայտողներն ենք: Շուկայի տնօրինությունը այս ամենը կապում է մարտի 1-ի հետ, բայց սա զուտ սոցիալական խնդիր է, որ մարդ չի կարողանում այդ հարկային բեռին դիմանալ: Հիմա էլ, քո սեփական ժողովրդին, որը քեզ հաց է տալիս, կապում ես մարտի 1-ի հետ: ՀՀ կառավարությունից պահանջում ենք, որպեսզի այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ այս կամ մեկ այլ շուկայի սեփականատեր այլեւս իրավունք չունենա այսպիսի բռնություններ կիրառել, ինչ է թե՝ նրա շուկայում ես աշխատում, եւ երբ ուզում է աշխատատեղից զրկի»: Արտաշեսի ընկերների խոսքերով էլ. «Այդքան տարի Արտաշը շուկայի տնօրինությանը պարտաճանաչ վճարել է բոլոր հարկերն ու տուրքերը»: Ակցիայի թեժ պահին, երբ ցուցարարները խմբեր կազմած իրենց դարդուցավն էին կիսում լրագրողների հետ, շուկայի շենքի 4-րդ հարկի պատուհանից բարձրախոսով բարոյախրատական ելույթ ունեցավ ոսկու շուկայի փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը. «Խելոք գառը 7 մոր ծիծ է ուտում, գնացեք ձեր աշխատատեղերը՝ խելոք աշխատեք: Ավելորդ մի քաղաքականացրեք: Ձեր պահանջի պատասխանն այստեղ չեք ստանալու, եւ այս մեթոդով իշխանությունների հետ զրուցելը սխալ մեթոդ է, դուք գրել եք ձեր նամակը, ուղարկել եք՝ սպասեք պատասխանին, ինչ է ձեզ տալու այս ամենը, ուղղակի ավելորդ պրովոկացիա: Ավելորդ քաղաքականացնում եք ձեր տնտեսական պահանջը: Մի հատ մտածեք դրա մասին»: Ի պատասխան, ցուցարարները սուլոցներով ու բղավոցներով էին հակադարձում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել