Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է գազի թանկացումից հետո որոշ մարդկանց նպաստն ավելացնել, որպեսզի մարդիկ ընտրեն՝ գազի վրա՞ ծախսեն, երշի՞կ առնեն, թե՞ դպրոցական երեխային՝ կոշիկ:
Այս օրերին բնակչությանն ամենահուզող խնդիրներից է գազի թանկացումը: Ինչպես հայտնի է, փետրվարի 27-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է քննարկի «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտը եւ որոշի ապրիլի 1-ից բնակչության համար գազը թանկացնել 37.5%-ով, իսկ խոշոր սպառողների համար՝ 13%-ով: Թե որքանո՞վ է արդարացված սակագնի նման հաշվարկումը եւ արժե՞ արդյոք նորից անցնել փայտի վառարաններին՝ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մեկնաբանում է «Առավոտին» տված հարցազրույցում.
– Պարոն Նազարյան, ինչո՞ւ է բնակիչների համար գազը ավելի շատ թանկանում, քան խոշոր գործարարների համար:
– Նախ նշեմ, որ համեմատության մեջ պետք է դրվեն համադրելի մեծություններ: Գործող սակագների սահմանման ժամանակ փոխարժեքն ընդունվել է 303.69 դրամ/ԱՄՆ դոլար: Այս պայմաններում բնակչության համար 1000 խմ գազի դիմաց սահմանվեց 96 հազար դրամ, որը կազմում էր 316 դոլար: Իսկ խոշոր սպառողների համար սահմանվեց $215, որը կազմում էր շուրջ 65 հազար դրամ: 2010-ի ապրիլի 1-ից նախատեսվում է սահմանել բնակչության համար 132 հազար դրամ, որը կազմում է $341, իսկ խոշոր սպառողների համար՝ $243.13 կամ 94 հազար դրամ: Այժմ, եթե սակագների աճի համեմատությունը կատարում ենք դրամով, ապա, իրոք, բնակչության համար սակագինն աճում է 37.5%-ով, սակայն խոշոր սպառողների համար՝ 44%-ով: Դոլարային համեմատության դեպքում պատկերը հետեւյալն է. բնակչության համար սակագինն աճում է 8%-ով, իսկ խոշոր սպառողների համար 13%-ով:
– Օրերս Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը իր վրդովմունքը հայտնեց, որ եթե ռուսական կողմը գազը թանկացնում է 17%-ով, ապա ինչո՞ւ է «ՀայՌուսգազարդը» հայտ ներկայացնում սակագինը բարձրացնել մոտ 40%-ով:
– Ես տեղյակ եմ օմբուդսմենի այդ հայտարարությանը, մենք արդեն հանդիպել ենք ու քննարկել դա: Ես ինչքան հասկացա, նա արդեն իր այդ հարցադրումը հանում է:
Մենք բացատրեցինք, որ բնակչությանը վաճառվող բնական գազի սակագնի բարձրացումը պայմանավորված չէ միայն սահմանի վրա բնական գազի գնի ավելացմամբ: Գնի աճի շուրջ 14.5%-ը պայմանավորված է սահմանի վրա գազի գնի թանկացմամբ, 18%-ը՝ փոխարժեքի փոփոխությամբ, 5%-ը՝ ներդրումների վերադարձի ապահովմամբ, գազամատակարարման ցանցի շահագործման եւ պահպանման ծախսերի ավելացմամբ եւ այլ գործոններով: Միաժամանակ հարկ եմ համարում նշել մեկ այլ հանգամանք. երբ 2009-ի ապրիլի 1-ից սակագներն ուժի մեջ մտան, ֆինանսական շուկայում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետեւանքով դոլարի փոխարժեքն արդեն շուրջ 372 դրամ էր՝ հաշվարկային 303.69-ի դիմաց: Ուստի, եթե բնակչության համար սակագինը սահմանված լիներ $316-ին համարժեք դրամով, ապա բնակչությունը 1000 խմ գազի համար 96 հազար դրամի փոխարեն ապրիլ ամսվանից սկսած՝ արդեն պետք է վճարեր 118 հազար դրամ: Եթե սահմանված լիներ նշված սակագինը, ապա սակագնի աճը կկազմեր ընդամենը 12%: Մի ամբողջ տարի արհեստական եւ ավելի նվազ սակագներով են մեր բոլոր սպառողները ապրել, քան պետք է ապրեին, որից «ՀայՌուսգազարդը» տուժել է 4.5 մլրդ դրամ:
– Պարոն Նազարյան, եթե «ՀայՌուսգազարդը» գազը գնում է $180-ով եւ մեզ վաճառում է $341-ով, փաստորեն, յուրաքանչյուր 1000 խմ գազից օգտվում է $161՝ գրեթե գազի գնի չափ:
– $341-ը դա միայն բնակչության սակագնի դոլարային համարժեքն է: Եթե դիտարկենք բնակչության եւ խոշոր սպառողների միջին սակագինը, ապա այն կազմում է $283՝ ներառյալ ԱԱՀ-ն: Եթե նշված գնից հանենք ԱԱՀ-ն (47 ԱՄՆ դոլար) եւ գազի տեղափոխման ու բաշխման ընթացքում առաջացող կորուստների արժեքը՝ $11, ապա կստանանք $225: Հետեւաբար, «ՀայՌուսգազարդին» մնացող գումարը (մարժան) կազմում է $45 (վաճառքի միջին սակագնի 16%-ը):
– Լուրջ կասկածներ կան, որ «ՀայՌուսգազարդի» մատակարարած գազի կալորիականությունը շատ ցածր է: Քանի որ մեր որակի տեսչությունը չունի համապատասխան լաբորատորիա, որ ստուգի գազի որակն ու տա համապատասխան եզրակացություն, մենք ստիպված հիմք ենք ընդունում «ՀայՌուսգազարդի» լաբորատորիական ցուցանիշները: Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մենք վճարում ենք այն կալորիականությամբ գազի համար, ինչ նախատեսված է եւ չենք խաբվում «ՀայՌուսգազարդի» կողմից:
– Կալորիականության խնդիրը փոքր բաժանորդների վրա չի կարող ազդել, այդտեղ բնակչությունը եւ բոլոր փոքր բիզնեսի սպառողները կալորիականությունից շահում են: Նրանք վճարում են 7900 կալորիականության համար, իսկ անցյալ ամբողջ տարվա միջին ցուցանիշը 8400-ից չիջավ: Այսինքն՝ նրանք կարող են 1 լիտր ջուր եռացնել՝ ավելի քիչ գազ ծախսելով, քան 7900 կկալ-ի դեպքում: Իսկ խոշոր սպառողների համար կա կկալ-ի խնդիր, որպեսզի փարատեմ նրանց անհանգստությունը, ասեմ, որ բացառվում է «ՀայՌուսգազարդը» խարդախության դիմի եւ այլ կկալ ցույց տա, քան իրականում մատակարարում է, որովհետեւ սահմանի վրա գազի կկալ-ը չափվում է ռուսական, վրացական, հայկական կողմի հետ եւ համատեղ ստորագրվում է, մտավ Հայաստան՝ այստեղ կան 3 խոշոր սպառողներ՝ Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ-երը եւ «Նաիրիտը», որոնք նույնպես չափում են, յուրաքանչյուրն ունի իր շահը, եւ բացառվում է, որ այդ ընկերություններից մեկը կուրորեն ընդունի, որովհետեւ լուրջ կորուստներ կունենա: Մյուս կազմակերպությունները, որոնք կարող են կասկածել, ես խորհուրդ կտամ, որ գնեն այդ սարքերը (այն արժե մոտ $60 հազար) եւ իրենք էլ իրենց համար չափեն: Եթե չեն գնում՝ ուրեմն հավատում են «ՀայՌուսգազարդին»»:
– Գազի սակագնի հաշվարկման մեջ հիմնական գործոններից են համարվում գազի սպառման ծավալները: 2009-ին գազի սպառումը կտրուկ նվազեց, դրա համար հիմա մենք ստիպված ենք չափազանց բարձր գին վճարել գազի համար: Ստացվում է, որ եթե այնպես ստացվի, որ մարդիկ հարկադրված էներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնեն ու գազի սպառումն է՛լ ավելի նվազի, «ՀայՌուսգազարդը» կարող է ցնցող սակագին առաջարկել, թո՞կ է գցած մեր վզին:
– Սակագինը պետք է հաշվարկել սպառման ծավալներով, այլ կերպ չի կարող լինել, որովհետեւ դա կապված է «ՀայՌուսգազարդի» ծախսերի հետ: Ինչ վերաբերում է ձեր նշած ողբերգական իրավիճակին, կարծում եմ՝ նման մտավախություն չկա, որ գազի սպառումը կնվազի: Համաձայն հաշվարկների՝ գործող սակագնի պարագայում բնական գազի սպառման շահավետությունը շուրջ 2.5 անգամ գերազանցում էր էլեկտրաէներգիային, իսկ առաջարկվող սակագնի պարագայում՝ այն կլինի 2 անգամ: Ուստի համոզված ենք, որ բնական գազը կշարունակի մնալ ամենաէժան եւ հարմարավետ էներգակիրը: Բացի այդ, մենք ունենք տաք ձմեռ: Օրինակ, ես, անցյալ տարվա համեմատությամբ, մոտ 20% ավելի քիչ գազի ծախս եմ ունեցել, այն էլ՝ հին, սովետական կաթսայատան դեպքում:
– Սպառողների շահերը պաշտպանող հ/կ-ները ուզում են հանձնաժողովին առաջարկել, որ սպառողների համար տարբերակված (դիֆերենցված) սակագներ կիրառեն եւ սոցիալապես անապահով բնակիչների՝ ասենք, մինչեւ 200 խմ գազ օգտագործողների համար այլ սակագին հաստատել, իսկ դրանից ավելի գազ օգտագործողների համար՝ ավելի բարձր սակագին: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:
– Բացասական: Եթե մենք այդպես անենք, այդ նույն հարուստները էլի մինչեւ 200 խմ ծախսի դեպքում պիտի էժան գազ ստանան, ինչո՞ւ մենք սուբսիդավորենք նաեւ հարուստներին, որոնք կարող են վճարել: Այդտեղ նաեւ կոռուպցիոն ռիսկեր կառաջանան, էլի ընկնելու ենք նույն ժամանակաշրջանի մեջ, երբ մարդիկ հաշվիչները հետ ու առաջ էին տալիս: Մենք այլ առաջարկ կարող ենք անել. թող պետությունը հաշվի, թե բարձրացվող սակագինն անապահով խավի համար ինչքան բեռ է կազմում ու հասցեագրված կոնկրետ մարդուն սուբսիդիա տա՝ իր հնարավորությունների շրջանակում: Դա ավելի արդարացի կլինի: Թող այդ մարդը որոշի՝ գազի վրա՞ ծախսի, երշի՞կ առնի՝ ուտի, թե՞ իր դպրոցական երեխային կոշիկ առնի: Թող նպաստները որոշակի մարդկանց համար ավելացնեն՝ սա իմ անձնական կարծիքն է:
– Գազի թանկացման հետեւանքով էլեկտրաէներգիան կթանկանա՞:
– Իհարկե, բնական գազի սակագների բարձրացումն անմիջապես ազդում է ՋԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների վրա: Սակայն սակագնի այս վերանայման ժամանակ հնարավոր կլինի խուսափել վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից: