Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Փետրվար 25,2010 00:00

Այս անգամ նախաքննական մարմինը որոշել է առգրավել Սուքիասյանների փաստաբանի համակարգիչը

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Երեւան քաղաքի եւ Էրեբունի համայնքի դատախազներին հանձնարարել է անմիջական վերահսկողություն իրականացնել «Սիլ կոնցեռնի» համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի դեմ հարուցված քրգործի նկատմամբ՝ «նախաքննության ընթացքում ապահովելու համար օրենքների ճիշտ ու անշեղ կատարումը», եւ որպեսզի «բոլոր ապացույցները ձեռք բերվեն օրենքով թույլատրելի սահմաններում»:
Թե որքանով դատախազները կարձագանքեն դեռ նախօրեին Ս. Սուքիասյանի պաշտպանների կողմից ոստիկանության գործողությունների վերաբերյալ բարձրաձայնված աղաղակող օրինախախտումներին եւ նախաքննական մարմնին կստիպեն օրինականության դաշտ տեղափոխվել՝ հարց է: Փոխարենը երեկ էլ Սուքիասյանների փաստաբաններ Արա Զոհրաբյանն ու «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Վահագն Բալաբեկյանն են ահազանգել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին եւ պաշտոնատար այլ անձանց, այդ թվում նաեւ՝ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին Ս. Սուքիասյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում ոստիկանության կամ, որ նույնն է՝ քրգործի վարույթն իրականացնող նախաքննական մարմնի կողմից շարունակվող ապօրինությունների մասին: Դրանք փաստաբանները «աննախադեպ եւ արդարադատության համակարգը բացարձակապես խարխլող ապօրինի գործողություն» են որակել:
Բանն այն է, որ փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Կ. Դելեյանը «Առգրավում կատարելու մասին» որոշմամբ ներկայացել է ոչ թե «Սիլ կոնցեռնի», այլ «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊԸ գրասենյակ եւ փորձել է առգրավել Արա Զոհրաբյանի համակարգիչն ու տպիչը՝ պատճառաբանելով, թե այնտեղ կարող են Սուքիասյանի գործի համար նշանակություն ունեցող նյութեր լինել:
Ու թեեւ Ա. Զոհրաբյանի համաձայնությամբ համակարգչի մեջ քննիչին հետաքրքրող եւ Սուքիասյանի գործի հետ առնչվող ֆայլը զննվել էր, նույնիսկ ստուգվել էին դրանց կազմման եւ փոփոխման ամսաթվերը, տպվել եւ տրվել էին քննիչին, բայց վերջինս անգամ այդ դեպքում իրենն էր պնդել՝ փորձելով առգրավել ե՛ւ համակարգիչը, ե՛ւ տպիչը: Զոհրաբյանը քննիչին տրամադրել էր միայն տպիչը, բայց ոչ համակարգիչը՝ պատճառաբանելով, որ համակարգչում կան այլ տեղեկություններ, որոնք չեն հանդիսանում նշված քրգործի համար էական նշանակություն ունեցող, հետեւաբար ենթակա չեն առգրավման: Ավելին, Զոհրաբյանը փորձել էր քննիչին հասկացնել, որ համակարգչի առգրավումը «Իրավաբանների դերին վերաբերող սկզբունքներ» ՄԱԿ միջազգային պայմանագրի 22-րդ կետի, Եվրոպական կոնվենցիայի 8-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի խախտում կլինի, որովհետեւ դրանում առկա են փաստաբանական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնք վերաբերում են նաեւ այլ վստահորդների գործերին, որ քննիչն իրավասու չէ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկատվական նյութեր առգրավել: Երեկվա դրությամբ էլ քննիչը չէր հաջողացրել առգրավել փաստաբանի համակարգիչը, բայց քանի որ դա հարկադրաբար անելու վտանգը իրական է, փաստաբանները փորձել են հերթական ապօրինությունը կանխելու համար դիմել ՀՀ բարձրագույն իշխանությանը:
Վերջիններիս ուղղված իրենց բողոք-հաղորդագրությունում փաստաբանները 6 էջի վրա մանրամասնորեն ու շատ մատչելի լեզվով փաստարկել են քննիչ Դելեյանի գործողությունների անօրինական լինելն ու նաեւ այն, թե ինչու նրա կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55, 226-228 հոդվածները, այդ թվում նաեւ՝ ՀՀ քր. դատ. օր.-ի 226-րդ հոդվածի 1-ին մասը՝ «գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկաներ եւ փաստաթղթեր վերցնելու անհրաժեշտության դեպքում, եւ եթե ստույգ հայտնի են, թե որտեղ եւ ում մոտ են դրանք գտնվում, քննիչը կատարում է առգրավում», վկայակոչելն այս դեպքում նրա գործողություններն ամենեւին էլ չի արդարացնում եւ օրինական չի դարձնում, առավել եւս, որ քննիչին հետաքրքրող փաստաթուղթը, որը Սուքիասյանի գործի հետ առնչություն ուներ, նրան արդեն փոխանցել էր:
Հստակեցնենք, որ խոսքը վերաբերում է այն փաստաթղթին, որի մասին, ի դեպ, Ա. Զոհրաբյանը Սուքիասյանի ձերբակալությունից անմիջապես հետո առաջինն ինքն էր բարձրաձայնել: Դա 3-4 տողանոց եւ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ուղղված այն նամակն էր, որը Ա. Զոհրաբյանը կազմել էր Գ. Դավթյանի խնդրանքով եւ ներկայացրել էր նրան ու Սարիբեկ Սուքիասյանին:
«Առավոտը» Ա. Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով, ոստիկանությունը նրա համակարգչով հետաքրքրված է բացառապես Սարիբեկ Սուքիասյանի՞ գործի շրջանակներում, թե՞ ընդհանրապես Սուքիասյանների ընտանիքին վերաբերող նաեւ մյուս, այդ թվում՝ վարչական գործերով, իր՝ որպես փաստաբանի, գործունեությամբ եւս՝ նաեւ այլ տիպի տեղեկատվություն կուտակելու նպատակով: Այս վերջին տարբերակը Ա. Զոհրաբյանը չբացառելով՝ հավելեց. «Իմ համակարգչում կան նյութեր եւ փաստաթղթեր, որոնք վերաբերում են իմ վստահորդներին, որոնցից մեկն էլ, ի դեպ, նախկինում «Առավոտ» թերթն է եղել: Դրանք մարդիկ են, ովքեր պետության հետ խնդիրներ են ունեցել կամ ունեն: Բոլոր դեպքերում չեմ կարծում, թե նախաքննության մարմինը բարի նպատակներով է ցանկանում համակարգիչն առգրավել: Չեմ էլ բացառում, որ մեր քննիչները պարզապես անգրագետ են: Իմ համակարգիչը որեւէ կապ չունի Ս. Սուքիասյանի դեմ հարուցված քրգործի հետ ու ո՛չ հանցագործության գործիք է, ո՛չ էլ հանցագործության օբյեկտ»:
Վերադառնալով ՀՀ պատկան մարմիններին ուղղված ահազանգին՝ նշենք, որ փաստաբանները վերջիններիս խնդրել են աջակցել իրենց՝ նախաքննության մարմնի կողմից փաստաբանի գործունեությանը միջամտելու փորձերը կանխելու կապակցությամբ:
Ա. Զոհրաբյանն ու Վ. Բալաբեկյանը երեկ, ինչպես իրենք են ձեւակերպել՝ դատավարական խնդրանքով դիմել են նաեւ ՀՀ գլխավոր ու Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազներին՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 13-րդ հոդվածի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ուժով վերացնելու ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Հ. Կ. Դելեյանի 23.02.2010թ. «Առգրավում կատարելու մասին» որոշումը, որով վերջինս փորձել է առգրավել փաստաբան Զոհրաբյանի համակարգիչը:
Թե ՀՀ գլխավոր դատախազը սրա՛ն ինչպես կարձագանքի՝ պարզ կլինի առաջիկա օրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել