Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժի շարժառիթով կատարված դեպքերի աճ

Փետրվար 25,2010 00:00

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը ամփոփեց հանրապետությունում 2009թ. հանցավորության վիճակը:
Նշվեց, որ 2115 դեպքով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները: Ընդ որում, ըստ ներկայացված վերլուծության, պարզվել է, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների առումով երկրում արձանագրված հանցավորության մակարդակում նվազել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Նշվեց, որ անցյալ տարի հանրապետությունում արձանագրվել է սպանության 68 դեպք՝ նախորդ տարվա 78-ի դիմաց, եւ սպանության փորձի 29 դեպք՝ նախորդ տարվա 30-ի դիմաց: Հանրապետությունում արձանագրված սպանության 68 եւ սպանության փորձի 29 դեպքերից, համապատասխանաբար, 28-ը (նախորդ տարվա 40-ի դիմաց) եւ 10-ը (նախորդ տարվա 16-ի դիմաց) արձանագրվել են մայրաքաղաքում:
Ի դեպ, նշվեց, որ վերջին տարիներին հանրապետությունում սկսել են տարածում ստանալ սպանվածների հարազատների կողմից վրեժի շարժառիթով սպանություն կատարելու դեպքերը:
Դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշեց Սամվել Շաբոյանի սպանության փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործը: Նա ասաց, թե նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Շաբոյանի եղբոր՝ Պերճ Շաբոյանի կողմից 2009թ. հունիսի 20-ին Մարզպետունի Պետրոսյանին սպանելուց հետո, վերջինիս եղբոր որդին՝ Կարեն Պետրոսյանը որոշել է հորեղբոր սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով սպանել Պերճ Շաբոյանի եղբորը՝ Սամվել Շաբոյանին: Կ. Պետրոսյանը իր հետ վերցնելով ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն հանդիսացող ինքնաձիգը, ընկերոջ՝ Վահրամ Խաչատրյանի հետ միասին՝ նրա ավտոմեքենայով հետապնդել են Ս. Շաբոյանի ավտոմեքենան եւ Երեւանի Մյասնիկյան պողոտայում հավասարվելով նրա մեքենային, Կ. Պետրոսյանը ինքնաձիգից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ է արձակել մեքենայի ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելով Ս. Շաբոյանին: Կարեն Պետրոսյանը եւ Վահրամ Խաչատրյանը դեպքից մի քանի ժամ անց ձերբակալվել են եւ տվել խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն անդրադարձավ 2009թ. ընթացքում քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում եւ անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող հաստատություններում կատարված հանցագործություններին: Դրանք 150-ն են՝ 162 անձանց կողմից: Նշվեց, փախուստ ՔԿՀ-ից՝ 2 դեպք, փախուստի փորձ՝ 1 դեպք (բացի այդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի փախուստի վերաբերյալ քրեական գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որով դատավարական ղեկավարումն իրականացվում է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից), խուլիգանության՝ 1, պատիժն ի կատար ածող հիմնարկի գործունեությանը խոչընդոտելու՝ 3 դեպք, ազատազրկման ձեւով պատիժը կրելուց խուսափելու՝ 1 դեպք, խարդախության՝ 5 դեպք, ինքնասպանության փորձի՝ 3 եւ ինքնասպանության հասցնելու՝ 4 դեպք, պաշտոնեական դիրքի չարաշահման՝ 1 դեպք, պաշտոնեական անփութության՝ 4 դեպք, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու՝ 1, բռնի սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 1, հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելու եւ ազատությունից ապօրինի զրկելու՝ 1 դեպք, առողջությանը թեթեւ վնաս պատճառելու եւ ծեծի 2-ական դեպքեր:
Ա. Թամազյանն ասաց, որ «էապես բարելավվել է քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների եւ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության 119 դեպք, որոնցից 86-ը թմրամիջոցների իրացման, 33-ը՝ առանց իրացնելու նպատակի»:
Երեկ անդրադարձ եղավ նաեւ գլխավոր դատախազություն մուտքագրված նամակներին, դրանց ընթացքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել