Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ»

Փետրվար 25,2010 00:00

\"\"Ասում է դատական նիստերի քարտուղարների ընտրություններին հայտ ներկայացրած մասնակիցը

ՀՀ դատական դեպարտամենտը ստեղծվել է 2006թ.-ին՝ վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ: Ստեղծումից 2 ամիս հետո անցկացվեցին մրցույթներ դատական ծառայության պաշտոնների՝ բարձագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր ծառայողների համար:
 Առաջին մրցույթը եղել է 2006թ. նոյեմբերի 8-ին: Իսկ երկու օր առաջ կայացած հերթական մրցույթին ներկա էր նաեւ «Առավոտը»:
ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Իսախանյանը տեղեկացրեց, որ անցյալ տարի 180 մրցույթ է եղել՝ փակ, բաց, կրկնակի: «Փակ մրցույթներ ենք անցկացնում, երբ ունենք թափուր պաշտոններ՝ բարձրագույն, գլխավոր, առաջատար պաշտոնների համար: Նպատակը՝ ներքին ռեսուրսի հաշվին համալրումն է: Այսինքն, խրախուսվում են նաեւ պաշտոնեական առաջխաղացումները: Մեծ մասնակցություն ենք ունենում կրտսեր պաշտոնների համար հայտարարված մրցույթների ժամանակ»,- հավելում է Ա. Իսախանյանը:
«Առավոտը» անսպասելի հայտնվեց պաշտոնական կայքում հայտարարված բաց մրցույթին՝ կրտսեր պաշտոնների համար: Ընտրվելու էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համար դատական նիստերի քարտուղար: Մեկ տեղի համար հայտ  էր ներկայացրել 10-ը: Նրանցից 3-ը արական սեռի ներկայացուցիչ էր:
Հանձնաժողովի նախագահ Անգին Իսախանյանը ամենեւին «չխառնվեց» մեր այցելությունից: Նա անխռով բաժանեց 20 հարցից բաղկացած թեստերը: Դրանք կազմված էին դատարանների նախագահների խորհրդի սահմանված կարգով: Տրվեց 40 րոպե ժամանակ: Հաղթող էին ճանաչվելու այն դեպքում, երբ հարցաշարի 90 տոկոսին ճիշտ պատասխան կտային:
20 րոպեի ընթացքում հարցաշարը լրացրին 6 աղջիկ-թեկնածուները:
Տղաները ուշ էին կողմնորոշվում: Նրանցից մեկը, երբ բացվեց «քվեատուփը», պարզվեցմ որ 0 էր ստացել, քանի որ հարցաշարին պատասխանել էր անփույթ, ոչ այն «տիրույթներում», որ նախատեսված էր: Ի դեպ, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր հարցազրույցին հետեւում էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարը: Գրավոր փուլից հետո հարցազրույցի հնարավորություն տրվեց 7 հայտատուի: Նրանցից մի քանիսը աշխատել էին լուծարված դատարաններում՝ որպես դատական նիստերի քարտուղար, մեկն աշխատում էր ՀՀ փաստաբանների պալատում, եւ երբ հանձնաժողովի անդամները հարցրին, թե ինչո՞ւ է ուզում դառնալ դատական նիստերի քարտուղար, հետեւեց՝ «Ուզում եմ իմ իրավունքները պաշտպանել» պատասխանը: Հարցազրույցի ժամանակ, երբ մասնակիցները ներկայանում էին, նկատելի էր, որ թեկնածուները հիմնականում մարզերից էին, իրավաբանական մասնավոր բուհերի ուսանողներ: 2 մագիստրատուրա ավարտած (մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ Սանկտ Պետերբուրգում) փիլիսոփայական գիտությունների թեկնածու էլ կար, որն անգամ դասավանդել է բուհում: Վերջինս 100 տոկոս արդյունք ցույց տվեց գրավոր քննության ժամանակ, սակայն հարցազրույցի ժամանակ ստացավ 3 կողմ, 2 դեմ: Հարցերն առնչվում էին իրենց աշխատանքին, մասնավորապես՝ նիստերի քարտուղարը դատավարության մասնակի՞ց է, թե՝ ոչ, ո՞ր դեպքում կարող են նրան ինքնաբացարկ հայտնել, ո՞ր ակտերում է ամրագրված նրա կարգավիճակը, ի՞նչ է անում դատական նիստերի քարտուղարը:
«Ծուղակ» հարցերից մեկն էլ այն էր, թե դատական նիստերի քարտուղարը կձայնագրառի՞ նիստն ամբողջությամբ, մասնավորապես՝ կողմի անվայելուչ արտահայտությունների ժամանակ ինչպե՞ս է վարվում: Եղավ թեկնածու, որն ասաց, թե հայհոյանքները չեն արձանագրվում, մինչդեռ իրական պատկերը ստանալու համար պետք է արձանագրվի ամբողջ նիստը, որովհետեւ դրանով իսկ կերեւա դատարանի նկատմամբ կողմերի վերաբերմունքը:
Հաղթողը եռօրյա ժամկետում կնշանակվի, մյուսները կընդգրկվեն «ռեզերվում»: Ի դեպ, նախկին ռեզերվականներից մեկը ժամկետային աշխատանքային պայմանագրով դատարանում աշխատել էր 4 ամիս:
Անգին Իսախանյանը նշեց նաեւ, որ դատարանների թափուր մնացած տեղերի համար 16 մրցույթ էլ պիտի անցկացվի: «Լոռու, Վայոց ձորի, Արարատի մարզերի կրտսեր պաշտոնների համար կան թափուր տեղեր: Ունենք գնումների համակարգման բաժնի պետի թափուր պաշտոն, որը արդեն մի քանի անգամ հայտարարում ենք, սակայն հարմար կադր չի գտնվում»,- ասում է նա: Ինչ վերաբերում է արտագնա նիստերին, Ա. Իսախանյանը նշեց, որ մարզերում հաճախ են մրցույթներ լինում:
Մի դիտարկում էլ. «Դատական ծառայության պաշտոնները հրապուրիչ են այնքան, որ մարդիկ փոխում են իրենց բնակության վայրը՝ պաշտոնի նշանակվելու համար»,- հավելում է Ա. Իսախանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել