Անցած տարվա մարտի 10-ին «Մարզպետներին «կչափեն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մշակվել են ՀՀ մարզպետների գործունեության գնահատման չափորոշիչներ: Չափորոշիչներ են ընտրված մարզի համայնքների բյուջեների կատարումը, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքությունը, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքները, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը եւ այլն: Մարզպետները առավելագույնը 100 միավոր կարող են հավաքել: ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրամանով սահմանվել է, որ մինչեւ 60 միավորը գնահատվում է անբավարար, 60-85-ը՝ բավարար, 85-ից բարձրը՝ լավ:
Երեկ այս հարցով խորհրդակցություն է հրավիրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հայտարարել. «Մենք առաջին անգամ ենք կառավարության կողմից հաստատված մեթոդաբանությամբ իրականացնում մարզպետների աշխատանքի այսպիսի գնահատում, եւ փորձ է արվում համալիր ձեւով աշխատանքները գնահատել: Ես ցանկանում եմ, որ մենք կոնկրետ բոլոր ցուցանիշներով անցնենք եւ լսենք նաեւ մարզպետների մեկնաբանությունները եւ գնահատականները ցուցանիշների վերաբերյալ, առաջին հերթին այն ցուցանիշների, որոնք ցածր են միջին հանրապետական ցուցանիշի համեմատությամբ: Փորձենք հասկանալ, թե որոնք են պատճառները»:
Առավելագույն միավորներ հավաքել է Տավուշի մարզը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ մարզպետները, ցուցանիշները վերլուծության ենթարկելով, պետք է հասկանան իրենց թույլ կողմերը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն 2010 թվականին այդ բացթողումները վերացնելու համար:
Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ որոշ չափորոշիչներով մարզպետի իրական աշխատանքը գնահատելը դժվար է: Այդ իսկ պատճառով գնահատման մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն կա: Վարչապետը համաձայնել է իր տեղակալի հետ:
Հիշեցնենք, որ Տավուշը անցած տարի այլ հարցում էլ էր առաջատար: ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009-ի հունիսի 17-ի որոշման համաձայն, համայնքների ղեկավարները պետք է կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնեին համայնքի բնակչությանը՝ համայնքային ժողովների, ասուլիսների, տեղեկատվական թերթիկների միջոցով: Միայն Տավուշում են մարզի բոլոր 62 համայնքների ղեկավարները հաշվետվություններ ներկայացրել: Մնացած մարզերում գործը կիսատ-պռատ էր արվել («Առավոտ», 13.10.2009՝ «Միակ «գերազանցիկը» Տավուշն է»):