Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ Լուցենբերգերի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, որին մասնակցում էին նաեւ Հայաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանները: Ըստ ՕԵԿ մամուլի ծառայության, բարձր գնահատելով Եվրամիություն-Հայաստան քաղաքական համագործակցությունը, Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության ներքին եւ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները՝ կարեւորելով երկրում տեղի ունեցող բարեփոխումների եւ զարգացումների գործընթացը: Պատասխանելով հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին՝ Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում կուսակցության գաղափարական մոտեցումներին եւ քաղաքական ներդրմանը: Հանդիպման ընթացքում ծավալվել է քննարկման լայն շրջանակ` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցերի շուրջ: