Կառավարություն-ԱԺ երեկվա հարցուպատասխանի ընթացքում բազմիցս արծարծվեց գազի եւ ջրի սակագների
սպասվելիք թանկացումների թեման:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ ԱԺ-ում կառավարությանը հարց ուղղեց գազի սակագնի բարձրացման վերաբերյալ՝ մասնավորապես հետեւյալ համատեքստում. «Որեւէ կերպ այս տարիների ընթացքում չի բարձրացվել ժողովրդի գնողունակությունը, որպեսզի կարողանան դիմակայել այս սարսափելի թանկացումներին՝ մինչեւ 140 տոկոս: Կառավարության հակակշռող քայլերը տեսանելի չեն»: Հարցին պատասխանելով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Այն, որ Հայաստանում կան սոցիալական խնդիրներ՝ ակնհայտ է: Եվ մենք ունենք հստակ ծրագիր, որն ուղղված է այդ սոցիալական խնդիրների լուծմանը»: Նշեց, թե գազի սակագնի բարձրացման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, «քանի որ այն կարող է նաեւ առաջացնել սոցիալական խնդիրներ՝ առաջին հերթին, անապահով խավերի համար: Մենք կոնսուլտացիաներ ենք իրականացնում կարգավորող հանձնաժողովի հետ, տեղյակ ենք նրանց մեթոդաբանության մանրամասներին եւ, բնականաբար, ուշի- ուշով հետեւում ենք, թե ինչ հիմնավորումներ են ընկած սակագնային քաղաքականության հիմքում։ ԱԺ-ն օրենքով ամրագրել է հանձնաժողովի անկախությունը հենց այն բանի համար, որ չլինեն քաղաքական միջամտություններո եւ հանձնաժողովն անկաշկանդ աշխատի օրենքի շրջանակներում եւ զերծ լինի ցանկացած քաղաքական միջամտությունից: Եվ բնականաբար, մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք հանձնաժողովի համար ապահովել այնպիսի պայմաններ, որ նրա որոշումները լինեն օբյեկտիվ եւ բխեն օրենքից։ Այդ իսկ պատճառով՝ մենք այսօր զերծ ենք մնալու գնահատականներից սակագնային քաղաքականության վերաբերյալ, մանավանդ որ հանձնաժողովը պաշտոնական որոշում դեռեւս չի կայացրել»:
Տիգրան Սարգսյանը հավելեց. «Ստացել ենք հանրապետության նախագահի հանձնարարականը՝ մշակել եւ ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես պետք է մենք մեղմացնենք գների բարձրացման բացասական ազդեցությունն առաջին հերթին սոցիալապես անապահով խավերի վրա: Մենք այսօր այդպիսի միջոցառումների ծրագիր ենք մշակում եւ շուտով կներկայացնենք ե՛ւ ՀՀ նախագահին, ե՛ւ հանրության դատին»:
Քիչ անց արդեն ՕԵԿ խմբակցության պատգամավոր Արծրունի Աղաջանյանն անդրադարձավ գազի եւ ջրի սակագների բարձրացման թեմային՝ մասնավորապես նշելով. «Եթե այսօր որոշակի հնարավորություն է առաջացել մեր շատ քիչ քանակությամբ անտառատարածքները պահպանելու, ապա գազի թանկացումից հետո անտառահատումների վտանգ կառաջանա»: Իսկ ջրի թանկացման մասին ասաց. «Եթե գազի թանկացումն ինչ-որ տեղ հիմնավորում են տարադրամի կուրսի բարձրացմամբ, ապա հասկանալի չէ, թե ի՞նչ հաշվարկների հետեւանքով է թանկանում ջուրը»: Հարցին այս անգամ պատասխանեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, որին ձայն տալուց առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց. «Ֆինանսի պոյուտ ռոմանսի, պարոն Դավթյան»: Նախարարը մի քանի փաստարկներ նշեց. «Սակագների բարձրացումը, այդ թվում նաեւ՝ խմելու ջրի եւ գազի, բնականաբար, նաեւ պայմանավորված է այն կապիտալ ներդրումներով, որոնք արվում են այդ ոլորտների ենթակառուցվածքները բարելավելու համար, որոնք հետագայում ներառվում են այդ սակագների հաշվարկների մեջ: Եթե խմելու ջրի մասին է խոսքը՝ վերջին շրջանում հսկայական ներդրումներ արվեցին, այդ թվում՝ նաեւ վարկային ծրագրի շրջանակներում: Եվ շարունակվելու են այդ ներդրումներն իրականացվել՝ ենթակառուցվածքների սիստեմատիկ բարելավման համար: Բնականաբար՝ այդ ծախսերն այս կամ այն ձեւով պետք է արտացոլվեն վերջնական սպառողի եւ սակագնի վրա»:
Պնդելով, թե սակագների բարձրացումն ունի «բավական լուրջ եւ օբյեկտիվ հիմնավորումներ»՝ Տիգրան Դավթյանը եւս խոստացավ, թե փորձելու են մեղմել սոցիալական հետեւանքները. «Քննարկում ենք հնարավոր փոխհատուցման տարբերակները: Եվ կարծում ենք, որ սոցիալապես առավել չպաշտպանված հատվածի համար մենք կգտնենք տարբերակներ, որոնք որոշ չափով կփոխհատուցեն սակագների այդ հնարավոր բարձրացումը»:
Հ. Գ. Հովիկ Աբրահամյանն ԱԺ ամբիոնից գազի սակագնի մասին ազդարարեց. «ՀՀ նախագահն ամեն ինչ անելու է, որ հնարավորինս ցածր լինի»: