Իսկ խնդիրները մանկատնից դուրս՝ 18-ից հետո աճում են
Ծնողական խնամքից զրկված երեխաները նման չեն ընտանիքներում մեծացող իրենց հասակակիցներին: Սա բացահայտում չէ, ոչ էլ քննարկման ենթակա վիճահարույց թեմա: Պարզապես, հերթական անդրադարձ մի ցավոտ խնդրի՝ որբության: Հայերիս համար երեխային ու ծնողին «գլխի վրա» պահելը միշտ էլ պատվի ու արժանապատվության հարց է եղել: Մանկատունն ու ծերանոցը՝ մերժված հաստատություններ: Բայց այսօր թե մեկը, թե մյուսը բնակիչների պակաս չունեն: Չկա ավելի ցավոտ տեսարան, երբ մանկատուն այցելած յուրաքանչյուր օտարի մեջ բազմաթիվ տխուր աչուկներ հարազատ են փնտրում: Չկա ավելի սահմռկեցուցիչ բան, երբ երեխան տառապում է կարոտախտով, բայց չգիտի՝ ում նկատմամբ: Ծնողական խնամքի ու գուրգուրանքի մեջ մեծացած իրենց հասակակիցների նկատմամբ մանկատան երեխաները անհասկանալի վերաբերմունք ունեն: Հայաստանի մանկատներից մեկում աչքիցս չվրիպեց մի դրվագ, թե ինչպես հուզվեց մանկատան փոքրիկներից մեկը՝ ակամա ներկա գտնվելով իրենց այցի եկած մանկական թատերախմբի երեխաներից մեկի եւ նրա մոր հեռախոսազրույցին՝ մանկատան աղջնակը քաշվեց մի անկյուն ու գրկելով ծնկները՝ լուռ կուչ եկավ:
Եթե անգամ մանկատներում լավագույն պայմաններ են ստեղծված երեխաների առօրյան ու կենցաղը ճիշտ կազմակերպելու համար, սա դեռ չի նշանակում, որ նրանք այստեղ ուրախ ու երջանիկ են: «Եթե մանկատան աշխատողը երեխային սաստում է՝ որպես հոգատարության դրսեւորում, ապա մասնագետի աչքով դա խնդիր է: Լավ է, որ այսօր մանկատներում կա սոցիալական աշխատող, կան հոգեբաններ, որոնք օգնում են երեխային, նախապատրաստում ապագա կյանքին»,- «Առավոտին» ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Արուսիկ Սաֆարյանը:
Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը լավ լուր հաղորդեց: Ասաց, որ տարեցտարի Հայաստանի մանկատներում ապրող երեխաների թիվը նվազում է: Ըստ նրա՝ եթե Գավառի մանկատունը 2000-2005թթ. միջին հաշվով 140 երեխա է ունեցել, ապա այսօր՝ 78: «Անցած տարի էլ՝ 85-90 երեխա ունեինք: Այնպես որ՝ նվազման միտումն ակնառու է»,- նկատեց մանկատան տնօրենը: Նրա կարծիքով, եթե այսպես շարունակվի՝ չի բացառվում, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի 8 մանկատների փոխարեն ունենանք 1-2-ը, իսկ 6-7 տարի հետո՝ այդպիսիք ընդհանրապես չլինեն:
Մանկատներում երեխաների թվի նվազումը տնօրեն Նալբանդյանը բացատրեց մարդկանց փոխված հոգեբանությամբ եւ սոցիալական դրության բարելավմամբ: Նույն կարծիքին է սոցիոլոգ Արուսիկ Սաֆարյանը. «Ավելի շատ սոցիալական գործոններն են, որ բերել են հոգեբանության ձեւավորմանը. որովհետեւ երեխան որքան 90-ականներին էր արժեք, այնքան էլ՝ հիմա»: Գավառի մանկատան տնօրենն էլ հավելեց, որ մանկատներում երեխաների թվի նվազմանը նպաստել է պետության ռազմավարությունը. կառավարությունը բարդացրել է երեխային մանկատուն հանձնելու պայմանները, այնպես որ՝ երեխայից հրաժարվելը դյուրին չլինի ծնողի համար, մանկատուն կարող են ընդունվել միայն երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները: Ի հավելումն՝ պետությունը խրախուսում է խնամատար ընտանիքներին: «Մի կարեւոր պայման էլ կա. պետությունը ստեղծել է նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ, որոնց միջոցով պետք է երեխան տեղափոխվի մանկատուն»,- տեղեկացրեց Արուսիկ Սաֆարյանը:
Գավառի մանկատունը վերջին անգամ մի քանի օր առաջ է երեք երեխա ընդունել: Նրանցից մեկը միակողմանի, իսկ երկուսը՝ երկկողմանի ծնողազուրկ են: Վերջին երկուսը քույրեր են, որոնց՝ Երեւանի Արշակունյաց 6 հասցեի նկուղից գտել եւ ՀՕՖ-ին է հանձնել երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: ՀՕՖ-ի միջնորդությամբ էլ փոքրիկները հայտնվել են մանկատանը:
«Մանկատունը գոնե տանիք է, ընտանիք, որտեղ երեխան քաղցած չէ, որտեղ իրեն պաշտպանված է զգում: Նրա խնդիրները սկսում են մանկատնից դուրս, երբ «հանձնվում» է մենակ ու ինքնուրույն կյանքին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ռեժիսոր Գեւորգ Բաբախանյանը: Գավառի մանկատան տնօրեն Նալբանդյանի կարծիքով էլ, պետք է ստեղծվի խնամակալության միջին օղակ, որը մանկատնից հետո երեխաներին կպատրաստի ինքնուրույն կյանքին: Ըստ նրա՝ չի կարելի միջամտել երեխայի կյանքին, ոչ էլ պետք է նրան լիարժեք ազատ ու անկախ թողնել: Միջամտելու դեպքում դառնում ես ուղղորդող եւ կամա թե ակամա երեխային պահում կախվածության մեջ: Մինչդեռ, պետք է թողնես, որ ինքնուրույն քայլի, սակայն՝ լուռ վերահսկես: Իսկ լիակատար ազատություն նույնիսկ ընտանիքներում մեծացած, լիարժեք դաստիարակություն ստացած երեխաներին չի տրվում, էլ ուր մնաց՝ մանկատան շրջանավարտին:
Իսկ սոցիոլոգի փոխանցմամբ՝ երեխա կա, որ մանկատնից դուրս է գալիս կյանքին պատրաստ. «Միջամտելու անհրաժեշտություն, թերեւս՝ կա: Բայց միջամտել այն մակարդակով, որ դա զուգակցվի եւ ուսուցմամբ, եւ աջակցությամբ, եւ վերահսկվի: Այնպես որ, միջամտելու ռազմավարությունը պետք է ճիշտ մշակվի»: