Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հանրային խորհրդի հետ: Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն ասել է, որ մամուլից եւ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումներից տեղյակ է, որ Խորհրդի հանձնաժողովներում մեծ աշխատանք է կատարվում տարբեր թեմաների շուրջ՝ սկսած հայ-թուրքական հարաբերություններից մինչեւ հեռուստաեթերի որակի բարելավում. «Էականն այն է, որ այս հարցերը լայն քննարկում են անցնում, մշակվում են, եւ դրանց նախապատրաստումից մինչեւ քննարկում ունենում ենք մի լավ շղթա: Շատ եմ կարեւորում հանգամանքը, որ Հանրային խորհուրդը ոչ միայն հարցեր է բարձրացնում, այլեւ առաջարկում է լուծումներ: Սա էական է, քանի որ շատ-շատերն են տեսնում մեր հասարակության մեջ առկա խնդիրները, բայց դրանք տեսնելը մի խնդիր է, լուծում առաջարկելը՝ բոլորովին այլ»: Խոսվել է տարեցտարի ավելացող չմշակվող հողատարածքների մասին, ինչը վտանգում է տնտեսության այս ճյուղի զարգացման հեռանկարը: Խորհրդի աշխատանքային խումբը երկրի ղեկավարին է ներկայացրել գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացման մասին առաջարկ եւ դրա հիմնավորումները: Խոսվել է այն մասին, որ կամավորության սկզբունքով կոոպերացիան զարգացնելու միջոցով կլուծվեն ոչ միայն արդյունավետ գյուղատնտեսություն ունենալու, այլեւ գյուղաբնակներին իրենց հողի վրա պահելու եւ գյուղը, որպես այդպիսին, չկորցնելու խնդիրները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ինտերնետի սակագների եւ որակի խնդրին, ինչը, Հանրային խորհրդի անդամների համոզմամբ, չի նպաստում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ու բնակչության համար ինտերնետի մատչելիության ընդլայնմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ կապի որակի բարելավման եւ հասարակության համակարգչայնացման աստիճանի բարձրացման գործում դանդաղելը կարող է Հայաստանին հետ նետել աշխարհի զարգացումներից եւ նվազեցնել երկրի առաջընթացի հնարավորությունները, ուստի պետք է անել ամեն ինչ այս խնդրին արագ եւ հիմնավոր լուծումներ տալու համար: