Եվգենի Պետրոսյանի, Լեոնիդ Ենգիբարյանի եւ Վլադիմիր Կոստանյանի ընդհանրություններն՝ ըստ Հմայակ Հովհաննիսյանի եւ հայրենի ոստիկանության:
Դեռ անցյալ տարեվերջին մայրաքաղաքի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Վլադիմիր Կոստանյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որում ծանուցում էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կողմից տարբեր լրատվամիջոցներում իր պատիվը եւ արժանապատվությունը արատավորելու փաստերի մասին: Ինչպես նաեւ՝ նույն պատճառաբանությամբ Կոստանյանը վիճարկում էր նաեւ հայաստանյան մեկ թերթի հրապարակումները: Մոտ երկու ամիս Կոստանյանի դիմումը քննության էր ենթարկվում ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչության Երեւան քաղաքի ՔՎ կենտրոնական բաժնում: Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ գործը կարճվել է, եւ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ Վլադիմիր Կոստանյանի մասին վիրավորական արտահայտություններ տպագրած լրատվամիջոցի ու լրագրողի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի՝ «վերջիններիս արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»՝ ինչպես նշված է որոշման մեջ: Սակայն ավելի ուշագրավ են գործը կարճելու առիթով կենտրոնական քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս. Մխիթարյանի կայացրած որոշման մեջ նշված ձեւակերպումները. «Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը բազմիցս հրավիրվել է նախ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, այնուհետեւ՝ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժին՝ բացատրություն տալու համար, սակայն հեռախոսային խոսակցությունների ժամանակ հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն եւ տալ բացատրություն՝ պատճառաբանելով, որ իր կողմից կատարված արարքում հանցագործություն չկա։ Վերջինս բանավոր կերպով հայտնել է, որ դիտավորություն, նպատակ չի ունեցել վիրավորելու Վ. Կոստանյանին, իր կողմից կատարված արտահայտությունները, այն է՝ «ծաղրածու», «միմոս», «խեղկատակ», վերաբերվում են միայն Վ. Կոստանյանի աշխատանքին, իր մասնագիտությանը, ինչպես, օրինակ, այդպես են անվանում Եվգենի Պետրոսյանին կամ Լեոնիդ Ենգիբարյանին» (որոշման տեքստն ամբողջությամբ տեղադրված է Հայաստանի առաջադիմական կուսակցության կայքէջում՝ www.hak. am):
Հայաստանի առաջադիմական կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կոստանյանը երեկ այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նման որոշումն իրեն չի գոհացրել, եւ պատրաստվում է շարունակել պայքարը հնարավոր բոլոր ատյաններում եւ օրենքով սահմանված բոլոր հնարավոր ձեւերով: Ավելին, Կոստանյանը ռեժիսորներին առաջարկում է սույն պատմության սցենարով կոմիկական ժանրի ֆիլմ նկարահանել՝ վստահ, որ հաջողությունն ի սկզբանե ապահովված կլինի: Վլադիմիր Կոստանյանին վերոնշյալ որոշման մեջ շատ հուզել է հատկապես այն նկարագրումը, թե ինչպես են՝ իր խոսքով, հարգարժան Հմայակ Հովհաննիսյանին քանիցս հրավիրել ոստիկանություն, իսկ վերջինս համառորեն հրաժարվել է ներկայանալ. «Լավ է, գոնե հեռախոսով էլ բարեհաճել է պատասխանել: Եթե ՀՀ քաղաքացին չի արձագանքում ՀՀ ոստիկանության հրավերին, այդ դեպքում՝ օրենքով ոստիկանության այլ աշխատաոճ է սահմանվում: Եթե դա չեն արել, այսինքն՝ Հմայակին բերման չեն ենթարկել, ուրեմն ես ենթադրում եմ, որ վերեւներում մարդիկ կան կանգնած, ովքեր պաշտպանում են նրան: Դե, թող հիմա ժողովուրդը տեսնի, թե ով էր իշխանության թեկնածուն»: Կոստանյանն, իհարկե, անչափ ուրախ է եւ շնորհակալ, որ Հմայակ Հովհաննիսյանն իրեն՝ ոչ դերասանին, համեմատել է այնպիսի տաղանդավոր արտիստների հետ, ինչպիսիք են Լեոնիդ Ենգիբարյանը եւ Եվգենի Պետրոսյանը, սակայն համեստորեն նկատում է, որ համեմատությունը չափազանցված է: Ավելին, համարում է, որ Հմայակ Հովհաննիսյանն այդ տարբերակն օգտագործել է ինքնապաշտպանական նկրտումներով: Վլադիմիր Կոստանյանը համոզված է, որ սույն որոշումը քննիչն անձամբ չի կայացրել, այլ կատարել է իր վերադասների հրահանգը: Քննիչի դեմ ոչինչ չունենալով՝ մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ այնուհանդերձ, բողոքարկելու է «վերեւից հրահանգավորված» այս որոշումը եւ օրերս արդեն կդիմի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: