«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու հարցը կարող է քննարկվել դատարանի կողմից վերջնական վճիռ կայացվելուց հետո միայն: Երեկ դատախազության կոլեգիայի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վերջինս նաեւ ասաց, որ համաներում կիրառվում է դատարանի վերջնական որոշման առկայության դեպքում, չկրած պատժաժամկետի նկատմամբ: «Տվյալ դեպքում այդպիսի որոշում դեռ չկա: Կա եւս 2 դատական ատյան, եւ մենք չենք կարող կանխագուշակել վերջիններիս դատավճիռը»,- հավելեց Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ համաներումն օրենքի պահանջ է, եւ եթե Փաշինյանի նկատմամբ դատավճիռ կայացնելուց հետո հարցը չլուծվի, դատախազությունն ինքն այն կբարձրացնի: