Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փետրվար 24,2010 00:00

ՈՍԿԵՐԻՉՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

«Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակիցները ՀՀ կառավարության շենքի առաջ արդեն 4 օր բողոքի ցույց են անում՝ իրենց նկատմամբ իրականացվող հարկային «տեռորի» դեմ: Առեւտրականները գործադուլ են հայտարարել եւ չեն ուզում տարեկան շրջանառության 11%-ը վճարել, ինչպես պահանջում է Պետեկամուտների կոմիտեն: Ոսկու շուկայի առեւտրականներից Անահիտ Սուքիասյանի խոսքերով՝ «Գերանը, որ ծանրությանը չի դիմանում, սկսում ա ճռճռալ, հիմա ժողովրդինն ա, եթե մեր երեխեքին էլ ծախենք՝ չենք պրծնի: Իրանք ապրում են ժողովրդի հաշվին, հիմա ուզում են երեւի ավելի ճոխ ապրեն, դրա համար ավելի ճոխ են ուզում էս ժողովրդին խեղդեն: Եթե մեր պահանջը բանի տեղ չդնեն, մենք մեր անհատ ձեռներեցի թղթերը կհանձնենք, տեսնեմ պետբյուջեն ինչ գումար ա մտնելու: Մնում ա մտնեն տները, ասեն՝ էս մեբելը որտեղի՞ց առար, բեր դրա համար հարկ վճարի»: Ոսկու շուկայի աշխատակիցները միաբերան հավաստում էին, որ սուտ են այն տեղեկությունները, որ իրենք հրաժարվում են կատարել իրենց պարտավորությունները՝ չմուծելով հարկերը:

Ակցիայի մասնակիցները, տեսնելով, որ կառավարությունից պատասխան չկա, որոշեցին իրենց բողոք-դիմումը, որի տակ ստորագրել են 1000-ից ավելի առեւտրականներ, տանել ՀՀ նախագահի նստավայր եւ Ազգային ժողով, սակայն ցույցին հետեւող ոստիկաններն ասացին, որ միայն մի քանիսը կարող են գնալ: Այդ էր պատճառը, որ ակցիային մասնակցող ընդամենը մի քանի մասնակիցներ շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, մյուսները մնացին՝ պատասխան ակնկալելով:

Նշենք, որ կառավարության շենքի մոտ էին հավաքվել նաեւ Վանաձորի ոսկու շուկաների աշխատակիցները:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ տեղեկացրեց, որ Պաշտպանը գրավոր դիմել է ՀՀ ոստիկանապետին:

Աշխատակազմում ստացվել են ահազանգեր առ այն, որ ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանափակվում են անձանց՝ իրավաբանական օգնություն ստանալու եւ պաշտպան ունենալու իրավունքները՝ քաղաքացիներին արգելանքի վերցնելիս կամ բերման ենթարկելիս: Պաշտպանը ստացված բողոքների վերլուծությունից հանգել է նրան, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի տարաբնույթ մեկնաբանությունները հաճախ պրակտիկայում հանգեցնում են մի իրավիճակի, երբ անձը բերման է ենթարկվում քրեական հետապնդում իրականացնող մարմին եւ առանց կասկածյալի կամ վկայի կարգավիճակ ստանալու՝ պահվում է արգելանքի տակ, հարցաքննվում է որպես վկա, ընդ որում՝ այդ ամբողջ ընթացքում նրան արգելվում է օգտվել պաշտպան ունենալու իրավունքից՝ պատճառաբանվելով կասկածյալի կարգավիճակ չունենալու հանգամանքով: Հաճախ տվյալ անձի նկատմամբ ձերբակալման արձանագրությունը կազմվում եւ հայտարարվում է նրան՝ այս բոլոր գործողությունների ավարտից շատ ավելի ուշ, ինչից հետո միայն նրան հնարավորություն է տրվում օգտվելու պաշտպան ունենալու իրավունքից»: Մարդու իրավունքների պաշտպանը դիմելով ոստիկանապետին, ակնկալում է նրա հանձնարարականը՝ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին ապահովելու անձի՝ փաստացի ձերբակալված լինելու պահից պաշտպան ունենալու իրավունքի իրականացումը:

ՄԱՐԱՇԵՑԻՆԵՐԸ՝ ԱՆԼՈՒՅՍ

«Ռուսները տապալել են այս գործը: Նորմալ չեն աշխատում ու հայերին խաբում են»,- երեկ այս խոսքերով «Առավոտին» վրդովված դիմեց Նորք-Մարաշի 9-րդ փողոցի մի բնակիչ: Նրա խոսքերով, երեկ 13.30-ից մինչեւ ուշ երեկո հոսանքազրկված էին այդ թաղամասի 9-րդ եւ 11-րդ փողոցի մոտ 60 բնակարաններ: Բնակչի պատմելով՝ կեսօրից հետո երկար սպասել են, որ շուտով կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը, սակայն երբ երեկոյան 19.30-ի սահմաններում զանգել են «Հայէլցանցի» դիսպետչերական կենտրոն, նրանց վստահեցրել են, որ ամբողջ Երեւան քաղաքում ընդամենը մեկ սպասարկման մեքենա կա, որը շուտով կմոտենա նշված հասցե: Այսինքն՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում վթարային մեքենան նոր պետք է մոտենար, եւ եթե, ասենք, 1-2 ժամ էլ փորձեր վերականգնել վթարը, մոտ 60 ընտանիք մթի ու ցրտի պայմաններում պետք է անճար սպասեին: Սա առաջին դեպքը չէ, որ Նորք-Մարաշ թաղամասի փողոցները վթարի պատճառով հոսանքազրկվում են: «Առավոտը» պարբերաբար անդրադարձել է այդ խնդրին: Բնակիչների խոսքերով. «Հիմնովին չեն փոխում կաբելները, գալիս են ընդամենը կցմցում վնասված կաբելները, ինչի պատճառով էլ պարբերաբար վթար է տեղի ունենում»:

Ն. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել