Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ՎԻՐՏՈՒՈԶՆԵ՞Ր, ԹԵ՞ ՀՊԿՆ

Փետրվար 24,2010 00:00

\"\"Թե ինչպես կկողմնորոշվի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը, պարզ կդառնա առաջիկայում:

«Առավոտը» քանիցս տեղեկացրել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ու նվագախմբի երաժիշտների կոնֆլիկտի մասին, որ ի վերջո վերաճեց առճակատման: Ինչպես հայտնի է, նվագախմբի 24 երաժշտից 17-ը այլեւս չի ցանկանում աշխատել պարոն Ղարաբեկյանի հետ, մաեստրոն էլ կարծես իր տեղը չի գտնում ստեղծված իրավիճակի պատճառով: Արդյունքում՝ տաղանդավոր կոլեկտիվը, որ տարիներ շարունակ հաջողությամբ ներկայացրել է Հայաստանը արտերկրում, մատնված է պարապուրդի:

Ասում են, որ Ա. Ղարաբեկյանը հիմա էլ կամենում է մի նոր նվագախումբ հիմնել՝ «Հայաստանի վիրտուոզներ» անունով, ճիշտ եւ ճիշտ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի նման:

Ի դեպ, երբ խռոված Ա. Ղարաբեկյանը գտնվում էր ԱՄՆ-ում, հայաստանյան TV-ներից մեկը ուղիղ հեռախոսակապ էր հաստատել նախկին հայաստանցի ռեժիսոր Դերենիկ Յափունջյանի հետ, որը գովաբանեց ՀՊԿՆ-ն շուրջ 12 տարի ղեկավարած Ա. Ղարաբեկյանին, մոռանալով 45-ամյա Կամերայինի հիմնադիր Զարեհ Սահակյանցի, Էմին Խաչատրյանի ղեկավարած տարիների ձեռքբերումները: Պարոն Յափունջյանը ի լուր ամենքի նաեւ հայտարարեց, որ Ղարաբեկյանի նման դիրիժորը պետք է ղեկավարի վիրտուոզներից կազմված նվագախումբ: Առանց մանրամասնելու նա հավելեց, որ Ղարաբեկյանը ստեղծագործական համաձայնության է եկել 18 կոմպոզիտորների հետ՝ նվագախմբի համար նոր ստեղծագործություններ գրելու մասին: Պարզ չէր, սակայն, որ նվագախմբի համար եւ որ կոմպոզիտորների հետ՝ հայաստանցի՞, թե՞ Սփյուռքում բնակվող:

ՀՊԿՆ-ի ճակատագրի մասին մշակույթի նախարարի խոսքը լսելու ակնկալիքով կապվեցինք նախարարի մամուլի քարտուղար Մարգարիտ Գրիգորյանի հետ, ուղղելով հետեւյալ հարցերը. ի՞նչ քայլեր է ձեռնարկում նախարարը ստեղծված վիճակը հարթելու համար, արդյոք չի՞ տեսնում հայաստանցի մի դիրիժորի, որն ի զորու է ղեկավարել ՀՊԿՆ-ն կամ կա՞ ծրագիր «Հայաստանի վիրտուոզներ» ստեղծելու վերաբերյալ:

Մամուլի քարտուղարը խոստացավ, որ նախարարությունն իր պաշտոնական դիրքորոշումը կհրապարակի առաջիկա օրերին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել