Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջին «Տրիումֆը»՝ հայուհուն

Փետրվար 24,2010 00:00

Սլավոնական արմատներով Արփինե Կալինինան ՌԴ-ում հեղինակավոր մրցանակ է ստացել

ՌԴ անկախ բարեգործական հիմնադրամի ամենամյա «Տրիումֆ» մրցանակաբաշխության 18 տարվա պատմության մեջ առաջին անգամ հայկական անուն է հնչել. 23-ամյա երիտասարդ դաշնակահար, կոմպոզիտոր, հայ դասական երաժշտության «Կանթեղ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինան օրերս Մոսկվայում կայացած մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տրիումֆի»՝ Ռուսաստանի մշակույթում ունեցած ներդրումի եւ հայ-ռուսական կապերի ամրապնդման համար:

«Տրիումֆը» շնորհվում է գրականության եւ արվեստի ժանրերում ունեցած բարձրագույն նվաճումների համար: Արփինեի՝ բարձրագույն նվաճմանը եւ մրցանակին հասնելու ճանապարհը «հարթել» է ռուս ականավոր գրող Անդրեյ Բիտովը:

«Այս մրցանակին ինձ նա է առաջադրել: Տարիներ առաջ՝ 2007 թվականին, «Կանթեղը» Կամերային երաժշտության տանը համերգ նվիրեց Բիտովի 70-ամյակին: Այդ համերգին նա ներկա չէր: Օրեր անց մենք կրկին համերգ ունեցանք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որին ներկա էր գրողը: Բայց մեր համերգը պատահականորեն էր համընկել նրա գալստյան հետ: Բիտովն այնքա՜ն էր հուզվել՝ մասնավորապես Կոմիտաս լսելուց հետո: Համերգի ավարտին նա ինձ առաջարկեց երաժշտություն գրել իր ստեղծագործությունների հիման վրա»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է Արփինե Կալինինան:

Նշենք, որ Ա. Բիտովն ունի Ջազային ֆիլհարմոնիա, որը հանդես գալով աշխարհով մեկ՝ ներկայացնում է նրա ստեղծագործությունները: «2009 թ. Սլավոնական համալսարանում իրականացրի նրա մտահղացումը: Իր «Ապրելու մտադրություն» հայերեն գրքի շնորհանդեսից հետո Բիտովը կարդաց իր զատկական շարքը՝ իմ երաժշտության ուղեկցությամբ: Ասեմ, որ երաժշտությունը ավելի իմպրովիզացիոն բնույթի պետք է լիներ, որպեսզի ինքը զուգահեռաբար կարդար բանաստեղծությունը: Դրանից հետո նա ինձ առաջարկեց ձայնասկավառակ թողարկել իր աշխատանքների հիման վրա, որը հետագայում ես ներկայացրի մրցանակաբաշխությանը»,- հավելեց երիտասարդ կոմպոզիտորը:

Դառնալով «Տրիումֆին», փաստենք, որ ամենամյա այս մրցանակը տրվում է 5 մեծահասակների եւ 20 երիտասարդ արվեստագետների, որոնք առաջադրվում են ժյուրիի կողմից: Ի դեպ, մրցանակաբաշխությունը քաղաքացիություն եւ ազգային պատկանելություն չի ճանաչում: Չնայած երիտասարդ կոմպոզիտորի ազգանունը «յան»-ով չի վերջանում, սակայն դաշնակահարը առաջին հայ արվեստագետն է, որը ստանում է «Տրիումֆ»: «Մրցանակաբաշխության կազմակերպիչները տեղյակ են, որ հայրս սլավոնական արմատներ ունի, բայց մայրս զտարյուն հայուհի է: Այնտեղ բազմիցս նշվեց, որ ես հայուհի եմ եւ առաջին հայուհին եմ, որ կդասվի մրցանակակիրների շարքին: Միակ խնդիրն այն է, որ շատ կցանկանայի «Տրիումֆի» գրքույկում, որտեղ պատմվում եւ ներկայացվում է մրցանակն իր մրցանակակիրներով, անվանս տակ գրվեր, որ ես ներկայացնում եմ Հայաստանը: Մյուս կողմից էլ՝ ազգանունս Կալինինա է, եւ ոչինչ անել չեմ կարող»,- մի քիչ նեղսրտում է զրուցակիցս:

Ա. Կալինինան խոստովանում է, որ իր համար մեծ անակնկալ էր մրցանակի արժանանալը. «Դա նշանակում է՝ քո աշխատանքը գնահատվում է օտարի կողմից: Ցավալի է, որ այստեղ այդ գնահատականին չես արժանանում, սակայն համակերպվել եմ դրան: Դա բնորոշ է Հայաստանին՝ արվեստում քեզ սկսում են ճանաչել միայն արտերկրում ինչ-ինչ ձեռքբերումներից, մրցանակներից հետո: Կուզենայի այլ կերպ լիներ, մի տեսակ վիրավորական է…»:

Դաշնակահար-կոմպոզիտորն անկեղծանում է, որ կոմպոզիտորական դաշտում գնահատվելու մեծ խնդիր կա. «Դասական ժանրում ստեղծագործող երիտասարդ կոմպոզիտորները Հայաստանում ընդհանրապես ասպարեզ չունեն, որովհետեւ իրենց ստեղծագործությունները՝ հատկապես կամերային եւ սիմֆոնիկ նվագախմբերի համար գրված երկերը, բացարձակապես չեն հնչում: Հնարավորություն չկա… Խոսքս միայն ֆինանսի մասին չէ, ուղղակի շատ դռներ փակ են մնում: Ըստ իս, նաեւ պետական անտարբերություն կա…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել