Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փետրվար 24,2010 00:00

Մերոնք՝ ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ներում

Հայաստանի առաջատար գրոսմայստերներն այս օրերին նախապատրաստվում են ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերին: Օրերս շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հեղինակավոր այդ մրցաշարերի մասնակիցների անունները:

Կանանց «Գրան պրիի» երրորդ փուլում, որը կայանալու է ապրիլի 25-ից մայիսի 8-ը՝ Նալչիկում, մեր հանրապետությունը ներկայացնելու են Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Նրանց մրցակիցները լինելու են Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը եւ Ժաո Քսյուն (երկուսն էլ՝ Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցեւան եւ Բաիրա Կովանովան (երկուսն էլ՝ Ռուսաստան), Ժու Չենը (Քաթար), Մոնղոնթուլ Բաթհույագը (Մոնղոլիա), Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա):

Տղամարդիկ «Գրան պրին» կեզրափակեն Աստրախանում՝ մայիսի 9-ից 25-ը կայանալիք վերջին փուլում: Լեւոն Արոնյանը, որ այդ մրցաշարի հաղթող է, ՖԻԴԵ-ի համաձայնությամբ չի մասնակցելու «Գրան պրիի» եզրափակչին: Իսկ Վլադիմիր Հակոբյանը լինելու է Հայաստանի միակ ներկայացուցիչը: Նրա հետ միասին խաղատախտակների առջեւ հանդես են գալու Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վասիլի Իվանչուկը, Ռուսլան Պոնոմարյովը, Պավել Էլյանովը (բոլորն էլ՝ Ուկրաինա), ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Ալեքսեեւը, Էռնեստո Ինարկիեւը, ադրբեջանցիներ Վուղար Հաշիմովը, Թեյմուր Ռաջաբովը, Շախրիյար Մամեդյարովը եւ չինաստանցի Վան Յուն:

Երկու մասնակից՝ չորս մեկնարկ

Վանկուվերում ընթացող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի ավարտին մնում է մի քանի օր:

Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը՝ դահուկավազորդներ Քիստինե Խաչատրյանն ու Սերգեյ Միքայելյանը, ավարտել են մրցելույթները: Այժմ հերթը մեր լեռնադահուկորդներինն է: Երեկ հսկա ոլորավայրէջքում կարողությունները պետք է ստուգեր ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը, իսկ այսօր նույն մրցաձեւում հանդես է գալու ամերիկաբնակ Անի Մաթիլդա Սերեբրակյանը: Այս երկու օլիմպիականներն էլ հանդես են գալու նաեւ ոլորավայրէջքում. Անին՝ փետրվարի 26-ին, իսկ Արսենը՝ հաջորդ օրը:

Թիմային հաշվարկով ռուսները 11-րդ տեղում են

Կանադայում ընթացող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերը Ռուսաստանի համար ամենաանհաջողն են պատմության մեջ: Դեռ երբեք չէր եղել, որ Խաղերի 10-րդ օրվա ավարտին ռուսները ոչ պաշտոնական թիմային հաշվարկով լավագույն տասնյակում տեղ չունենային:

Մինչեւ երեկ օլիմպիական խաղերում մեդալ նվաճել էր 26 երկիր: Իսկ դրանց մեջ նվաճած ոսկե մեդալների քանակով լավագույն տասնյակը կազմել էին հետեւյալ երկրները:

ոսկի արծաթ բրոնզ ընդ.

1 Գերմանիա 7 9 5 21

2. ԱՄՆ 7 8 10 25

3. Նորվեգիա 6 3 5 14

4. Կանադա 5 4 1 10

5. Շվեյցարիա 5 0 2 7

6. Հար. Կորեա 4 4 1 9

7. Ավստրիա 3 3 3 9

8. Շվեդիա 3 2 2 7

9. Հոլանդիա 3 1 1 5

10. Չինաստան 3 1 1 5

Ռոգեն քննադատել է Պլյուշչենկոյին

Վանկուվերում արծաթե մեդալի արժանացած գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, դժգոհ մրցավարությունից, հայտարարել է, թե մրցավարները դիտավորյալ իրեն ցածր գնահատականներ են տվել՝ հաղթանակը նվիրելով Էվան Լայսաչեկին:

Ռուս մարզիկը Լայսաչեկի ելույթը որակել է զուտ որպես «պար», այլ ոչ թե տղամարդկանց մենասահք, քանի որ ամերիկացին ոչ մի քառակի պտույտ չկատարեց: Այդ առիթով Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն քննադատել է Պլյուշչենկոյին: «Պլյուշչենկոն պետք է հարգի իր մրցակիցներին,- հայտարարել է ՄՕԿ-ի նախագահը:- Կարծում եմ՝ նա իրականում հարգում է նրանց: Հնարավոր է, որ նա Լայսաչեկին վիրավորող բառեր ասել է հուսախաբությունից առաջացած հուզմունքի ժամանակ: Հնարավոր է, որ նման վիճակում այնպիսի բառեր ասես, որ չէիր անի ցանկացած այլ իրավիճակում: Բայց, միեւնույն է, այդպես պահել չի կարելի»:

Հիշեցնենք, որ Եվգենի Պլյուշչենկոն Ռուսաստանի՝ ութակի, Եվրոպայի՝ հնգակի, աշխարհի՝ եռակի եւ 2006 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն է, 2002 եւ 2010 թթ. օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

Բրոնզե մեդալակիրը հեռացվել է ԱՄՆ-ի հավաքականից

Վանկուվերի օլիմպիական խաղերում ֆրիսթայլի մրցումների բրոնզե մեդալակիր Սքոթ Լեգոն վտարվել է ԱՄՆ-ի հավաքականից: Մարզիկն արդեն լքել է օլիմպիական ավանը: Պատճառը ինտերնետում մարզիկին հեղինակազրկող լուսանկարների հայտնվելն է:

Լեգոն իր օլիմպիական «բրոնզը» նշել է գիշերային ակումբներից մեկում, որտեղ արված ինչ-ինչ լուսանկարներ հաջորդ օրն իսկ հայտնվել են ինտերնետում եւ սկանդալի հասունացման պատճառ դարձել:

ԱՄՆ օլիմպիական կոմիտեն մարզիկի հեռանալուց հետո հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ֆրիսթայլիստն ինքնակամ է հավաքականը թողնելու որոշում կայացրել: Սակայն ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Լեգոյին հարկադրել են դա անել:

ԿՈՄՊՈԶԻՑԻԱՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ 1-ԻՆ ՉԵՄՊԻՈՆԸ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն անցկացված շախմատային ականավոր կոմպոզիտոր Հենրիկ Գասպարյանի 100-ամյակին նվիրված շախմատային կոմպոզիցիաների լուծման Հայաստանի անդրանիկ առաջնությունում հանրապետության առաջին չեմպիոնի կոչումը նվաճեց Հովիկ Հայրապետյանը:

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մարտի 6-ին Խորվաթիայի Ռիեկա քաղաքում մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունները, որոնց մասնակցելու են մարզաձեւի Եվրոպայի միության անդամ 41 երկրների 561 շախմատիստներ (405 տղամարդ եւ 156 կին):

Հայաստանը երկու մրցաշարերում էլ պատկառելի մասնակցություն ունի: Չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու համար պայքարի մեջ ներգրավվելու են հետեւյալ շախմատիստները:

Տղամարդկանց առաջնությունում. Գաբրիել Սարգսյան, Վլադիմիր Հակոբյան, Արման Փաշիկյան, Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան, Արտաշես Մինասյան, Ավետիք Գրիգորյան, Սամվել Տեր-Սահակյան, Դավիթ Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Վահե Բաղդասարյան, Վլադիմիր Պողոսյան:

Կանանց առաջնությունում. Լիլիթ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Լիլիթ Գալոյան, Նելլի Աղինյան, Անահիտ Խառատյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել