Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Փետրվար 24,2010 00:00

Ռադիոն՝ արդեն ինտերնետով

\"\"Բոլորիս էլ հայտնի է, որ այսօր ինտերնետի միջոցով կարելի է անել այնպիսի բաներ, որոնք տարիներ առաջ նույնիսկ անհնարին էին թվում: Կարող ենք ասել, որ ինտերնետը դարձել է մեր կյանքի մի մասը: Այսօր ինտերնետը մեզ օգնում է շփվել հարազատների հետ, արագ տեղեկանալ այս կամ այն իրադարձության մասին, ինչու ոչ՝ կատարել գնումներ եւ այսպես շարունակ: Ինտերնետի միջոցով իրականացվող գործողություններին միացել են նաեւ ռադիոները, հեռուստատեսությունը եւ այլն: Այսօր Հայաստանում գործող յուրաքանչյուր ռադիոկայան ունի իր ինտերնետային կայքը: Սակայն ռադիոսերներից քչերը թերեւս գիտեն, որ այժմ Հայաստանում եւս գործում է միայն ինտերնետային տարբերակով հեռարձակվող ռադիո:

Խոսքը բավականին վերջերս «ծնված» www.amr.am-ի մասին է: Այս առիթով զրուցեցինք ռադիոյի հիմնադիր-տնօրեն Ռաֆայել Թադեւոսյանի հետ. «Ինտերնետի միջոցով ռադիո բացելու մտահղացումը եղել է մոտ հինգ-վեց տարի առաջ, երբ ես, կարելի է ասել, ծանոթացա ինտերնետի հետ: Հետագայում, երբ տեխնոլոգիաները մեզ հնարավորություն տվեցին Հայաստանում ունենալ նման նախագիծ, առանց հապաղելու անցանք գործի: Մեր առաջնային նպատակը հանրությանը որակյալ երաժշտություն մատուցելն է: Նաեւ մարդկանց հնարավորություն տալը՝ սոցիալական ցանցերում անիմաստ ժամանակ վատնելու հետ մեկտեղ լսել ուսուցողական հաղորդումներ…»,- պատմում է իմ զրուցակիցը՝ մանրամասնելով ինտերնետ-ռադիո ստեղծելու գաղափարը:

Այսօր նման ռադիոկայան ունենալը մեծ պատասխանատվություն է պահանջում, քանի որ Հայաստանում լինելով միակը, պետք է ամեն ինչ անել՝ լավը մատուցելու համար: Իսկ այն հարցին, թե ինչո՞վ է տարբերվում այս ռադիոկայանը մյուս FM ռադիոներից, բացի այն հանգամանքից, որ հեռարձակվում է միայն ինտերնետով, երիտասարդ տնօրենը պատասխանեց. «Մեր ռադիոյով այժմ եթեր է գնում սեռական դաստիարակության մասին հաղորդում, որը վարում է բժիշկ սեքսապաթոլոգը: Հայ հասարակությունը խուսափում է խոսել այդ թեմաներով, արդյունքում մեր երիտասարդներից շատերը անտեղյակ են լինում այդ կարեւոր հարցերից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ռադիոյի կայքում, որը ունի հումորային ուղվածություն՝ կան բաժիններ, որտեղ այցելուները կարող են ընթերցել www.amr.am-ի սցենարիստների կողմից գրված հումորները, «ունենք նաեւ աֆորիզմների եւ հումորային նկարների բաժիններ: Իսկ կայքի նյութերը թարմացվում են ամեն օր»: Զրուցակիցս նշեց նաեւ իրենց ուղիղ եթերների մասին. դրանք լինում են կեսգիշերին, որոնց հիմնական նպատակն է շփվել ռադիոլսողների հետ: Ռադիոկայանի հաղորդավարները շատ անմիջական զրուցում են ունկնդիրների հետ՝ քննարկելով օրվա ամենաարդիական թեման:

Ռ. Թադեւոսյանը վերջում նշեց, թե ինչ պլաններ ունեն առաջիկայում, իսկ ես էլ փորձեցի ճշտել, իբրեւ ինտերնետ ռադիո՝ միակը լինելով հանդերձ, արդյոք չե՞ն վախենում սովորական ռադիոների հետ մրցակցությունից: «Ոչ, չենք վախենում, որովհետեւ 21-րդ դարը ինտերնետի դարն է: Ի դեպ, մեր ռադիոլսողների քանակն արդեն չի զիջում FM ռադիոների ունկնդիրների քանակին, իսկ սա այն դեպքում, երբ մենք գործում ենք ընդամենը երկու ամիս: Ավելացնեմ նաեւ, որ այժմ աշխատում ենք «Սեքսի ժամ» հաղորդման ձայնասկավառակի վրա, իսկ ընդհանրապես առաջիկա պլանների մեջ մտնում է հզոր մեդիա ընկերություն դառնալ»,- հավելեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել