Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շահնուրի գործը՝ արտաշատյան մեկնաբանությամբ

Փետրվար 24,2010 00:00

Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը երեւանյան բեմում ներկայացավ «Նահանջ առանց երգի» բեմադրությամբ:

Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» ստեղծագործությունը Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկում ամենասիրված ներկայացումներից է: Այն երեկ Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում էր: «Առավոտի» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանը պատմեց. «Այս ստեղծագործությունը բեմադրեցինք Արտաշատի դպրոցի ուսուցչուհիներից մեկի առաջարկով, գուցե զարմանալի է, բայց ուսուցչուհու առաջարկն ընդունեցի՝ նույնիսկ չիմանալով, թե ինչ ստեղծագործության մասին է խոսքը, չէի կարդացել, իսկ կարդալուց հետո հասկացա՝ թեման խիստ արդիական է, «Նահանջ առանց երգին» ինչի՞ մասին է՝ որ պահպանենք հայությունը արտերկրում եւ, ինչու չէ, Հայաստանում, չէ որ կարեւոր արժեքներից ենք նահանջում»: Պարոն Մնացականյանը հավելեց, որ բեմադրությունը Երեւանում ներկայացնելու առաջարկը մշակույթի նախարարությանն էր: Նրա խոսքով՝ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին եկան, տեսան, շատ հավանեցին ու հրավիրեցին Երեւան: Նա նշեց, որ վերջին անգամ իրենց թատրոնը մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացել էր մեկ էլ 4 տարի առաջ. «Այն ժամանակ խաղացել ենք «Աշնան արեւը»: Երեւանյան հանդիսատեսին այն իսկապես դուր եկավ, Սունդուկյանի թատրոնում էլ ներկայացել ենք «Պատվի համար»-ով»: Մեր զրուցակցի հավաստմամբ, Արտաշատի հանդիսատեսն էլ ակտիվությամբ երեւանցիներին չի զիջում:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց մարզային թատրոնների տխուր վիճակի մասին. «Մասնավորապես Ստեփանակերտի թատրոնում խայտառակ վիճակ է, մարզերում հաճախ շենքերն էլ ախոռի են վերածվում, ու ամենուրեք անտարբերություն է: Այս առումով, մարզպետները լրջորեն պետք է աշխատեն: Տպավորություն ունեմ, որ պետական թատրոնները դարձել են տեղական ղեկավարությունների աչքի փուշը: Ինչ վերաբերում է Արտաշատի թատրոնին, կարծում եմ՝ նրա այս ներկայացումը եզակի երեւույթ էր. հաջողված էր, եւ թատրոնը բավականին լուրջ աշխատանք էր տարել: Ամենակարեւորը, որ ձեռք էր զարնված ազգային լուրջ թեմաներ շոշափող գործի, չնայած պիեսը կարելի էր մի փոքր կրճատել, հստակեցնել ու կոնկրետացնել հատկապես երկրորդ գործողությունը, բայց ընդհանուր առմամբ լավ էր: Արտաշատի թատրոնը կարող է օրինակ ծառայել մարզային մյուս թատրոններին: Այս թատրոնում տեսա լուրջ ստեղծագործություն, տաղանդավոր դերասաններ… Նույնիսկ ամենաէպիզոդիկ դերակատարումները հուզիչ եւ հետաքրքիր մոտեցումներով էին արված… Այս ներկայացումն ինձ հազար անգամ ավելի գերադասելի է, քան այն մայմունությունները, որոնցով ողողված է հեռուստաեթերը…»:

Արտաշատի թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանն էլ անդրադարձավ թատրոնի խնդիրներին. «Շենքն ունի հիմնանորոգման կարիք, այսօր չունենք լուսային եւ ձայնային ժամանակակից սարքավորումներ… Այնուամենայնիվ, չնայած բոլոր խնդիրներին, մենք շարունակում ենք աշխատել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել