Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ՝ ՖԻԼՄԱՇԱՐԻ «ՁԵՎԱՉԱՓՈՎ»

Փետրվար 24,2010 00:00

«Ման Փիքչերս» ստուդիոյի ինքնատիպ մտահղացումը

\"\"

«Առավոտը» 2008թ. օգոստոսին տեղեկացրել էր, որ «Ման Փիքչերս» ստուդիոն՝ ի դեմ Մանվել Սարիբեկյանի, 2007 թվականից ձեռնամուխ է եղել երեք ֆիլմաշար-նախագծերի իրականացմանը, որոնց հիմնական թեման սփյուռքահայությունն է: Նախագծերի գլխավոր պրոդյուսեր Մ. Սարիբեկյանը հայտնեց, որ «փորձելու են ներկայացնել հայ համայնքները՝ իրենց ամբողջականության մեջ, ժամանակի ու տարածության առումով առավել ընդարձակ, բազմակողմանի բնագավառների դրսեւորումներով»:

«Ի սփյուռս աշխարհի» շարքի «Փրկության եւ արարման եզր» պայմանական անվանումով ֆիլմը, որով կներկայացվի հայկական գաղթօջախը Ֆրանսիայում, նախատեսվում է իրականացնել այս տարի: «Սփյուռքահայ մտավորականներ» շարքի առաջին ֆիլմը, որը պատմում է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստքելենյանի մասին, արդեն ցուցադրվել է հայկական հեռուստաալիքներով, պայմանավորվածություններ կան ցուցադրել Ամերիկայի հայկական, ֆրանսիական ARTE եւ սիրիական ալիքներով:

Մ. Սարիբեկյանը հավելեց, որ այս տարի նախատեսել են «Սփյուռքահայ մտավորականների» շրջանակներում նկարահանել ֆիլմեր՝ նվիրված Ռուբեն Սեւակին եւ Լեւոն Զավեն-Սյուրմելյանին: Ասում է՝ 2010-ը հայոց մշակույթում անգնահատելի արժեքներ թողած մեծանուն գրողների համար հոբելյանական է (Ռ. Սեւակի՝ 125, Լ. Զավեն-Սյուրմելյանի՝ 105-ամյակն է լրանում), ու իրենց ֆիլմերը պետության եւ սերունդների կողմից իբրեւ հարգանքի տուրք կարող են դիտվել ականավոր մտավորականների հիշատակին:

Հաջորդ նախագիծը «Հայ ժողովրդի բարերարները» ֆիլմաշարն է, որը նվիրված է հայ ժողովրդի կյանքում նյութական եւ հոգեւոր խոշորագույն ներդրում կատարած երեւելիների կյանքին ու գործունեությանը: Մեր զրուցակցի ասելով՝ բոլոր նախագծերը հիմնականում փաստավավերագրական ժանրի են, բայց որոշ ֆիլմերում կլինեն գեղարվեստավավերագրական մոտեցումներ. «Օգտագործվող՝ մեզ հասած վավերագրական նյութերից ֆիլմերում կլինեն այնպիսի հատվածներ, որտեղ պատմական միջավայրին կգան լրացնելու գեղարվեստական շտրիխներ»:

Մ. Սարիբեկյանը համոզված է, որ շնորհալի ստեղծագործական կազմի (Ալեքսանդր Թոփչյան, Արամ Շահբազյան, Աննա Սարգսյան, Դավիթ Այվազյան) աշխատանքի արդյունքում կստեղծվեն կինոարվեստի հաջողված գործեր, ավելին՝ ինքնատիպ հանրագիտարան՝ աշխարհով մեկ սփռված հայերի ու ազգի նվիրյալների մասին: «Առանց Սփյուռքը ճանաչելու՝ հնարավոր չէ ճանաչել Հայաստանը եւ հայերին: Փառք Աստծո, որ թեկուզ ուշ, բայց ոչ ուշացած ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, որը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել»,- նշում է գլխավոր պրոդյուսեր Մ. Սարիբեկյանը ու հավելում, որ իրենց ձեռնարկին աջակցում են Սփյուռքի, մշակույթի նախարարությունները, տեղական եւ արտասահմանյան կազմակերպություններ: Հաշվի առնելով պետբյուջեի սուղ վիճակը՝ նա առաջարկում է շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների մասնակից դառնալ իրենց նախագծին:

Նշենք, որ բավական հետաքրքիր է Թորոս Ռաստքելենյանի մասին ֆիլմը՝ ստեղծված «Հայկ» կինոստուդիայի մասնակցությամբ: Այստեղ հիմնականում ընտրված է պատումի ժանրը: Ֆրանսիական եւ սիրիական իրականությունում հայտնի մարդիկ հպարտությամբ ներկայացնում են հայազգի արվեստագետին, որը որքան մերն է, այնքան էլ իրենցը: «Արմատներս հայ են, ճյուղերս՝ սիրիացի, պտուղներս՝ ֆրանսիացի»,- իրեն ֆիլմում այսպես է բնութագրում Թ. Ռաստքելենյանը: Էպոսի ասացողների պես աշխույժ ու ինքնատիպ է իր մասին պատմում Թորոսը. «Մենք ենք, որ պատմությունը շինած ենք, պատմությունը մեզ չէ սարքած»:

Զուսպ եւ արժանապատիվ է քանդակագործը խոսում նաեւ եղեռնի, իր ծագման ու նախնիների մասին. «Երբ կհարցնեն՝ անունդ ինչո՞ւ է Թորոս, կըսեմ՝ Թորոսը իմ հորեղբայրս է՝ հորս սիրած եղբայրը, որ ջարդի ատեն 300 երեխաների հետ այրեցին եկեղեցիի մեջ… անոնք այրեցին, բայց ես այսօր կմխամ»: Տեղեկանում ենք, թե Սիրիայում ծնված, մուրճի թագավոր «տիտղոսին» արժանացած Թ. Ռաստքելենյանն ինչպես է կայացել Ֆրանսիայում՝ անգամ առանց ֆրանսերեն իմանալու: Ասել են՝ գործերդ խոսում են, դա արդեն բավական է:

Նրա մուսան կինն է՝ Մարին: Մասնագետները Թորոսի քանդակներում հենց նրա կնոջ այս կամ այն շարժումն են մեկ-մեկ որսում: Թ. Ռաստքելենյանն ասում է, որ կին կերտելիս՝ «կանացի տիպարությունն ու քնքշությունն եմ ներդաշնակում, քանդակների հիմքում սեր դնում: Կինը մայր է, զավակներուս մայրն է, ուրեմն պիտի մտածեմ՝ ինչպե՞ս քանդակին հարգանք տամ»:

«Թորոս Ռաստքելենյան» ֆիլմը ճանաչողական նշանակություն ունի, այն ներկայացնում է ուրիշների կարծիքը հայերի մասին: Օրինակ, թեկուզ այն, թե ինչպես է Թորոսի՝ ազգությամբ ֆրանսուհի կինը հայկական թերթեր կարդում, հետաքրքրվում մեր ազգի մշակույթով ու պատմությամբ: «Դա ինձ էլ է վերաբերում, ես ծագումով հայ աղջիկների մայր եմ ու ծագումով հայ ամուսնու կին»,- ֆիլմում շեշտում է նա: Թորոսի՝ կապուտաչյա ու շիկահեր դուստրերը՝ Եղսան ու Գայանեն եւս հպարտ են իրենց ծագմամբ ու հայկական անուններով:

Թ. Ռաստքելենյանը, որ փառքի պակաս չունի, եվրոպական բարձրագույն պարգեւների ու շքանշանների ասպետ է, ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է նաեւ «Մովսես Խորենացի» մեդալով: Միակ երազանքն էլ այն է, որ գործերը «ցանվեն» հայրենիքի հողի վրա: Առաջինը Սայաթ-Նովայի քանդակն էր, որ տեղադրվեց «Սայաթ-Նովա» համալիրի առջեւ:

 Հ. Գ. Կարծում ենք արժե այսօրինակ ձեռնարկներին աջակցել ու խրախուսել պետականորեն, եւ ոչ միայն: Ի վերջո, այս կարգի նախագծեր մեզանում գրեթե չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել